ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1340-22.04.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Նազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1340-22.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «թ.» ձեւակերպումը փոխարինել «թվականի» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, այն է՝ «Նորմատիվ իրավական ակտում տարեթիվը եւ ամսաթիվը գրվում են թվերով, իսկ ամիսը` տառերով: «Թվական» բառը եւ դրա հոլովաձեւերը գրվում են ամբողջությամբ»: 2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող նոր խմբագրությամբ շարադրվող «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի 40-րդ հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ կիրառվում է «Կառավարություն» տարբերակը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի պահանջից, որով սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկումների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 11.05.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Մ. Սարգսյան (հեռ.` 011-513-248) 11.05.2026թ.
Ներկայացված Նախագծով, առաջարկվում է «Հայստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքը շարադրել նոր խմբագրությամբ: Առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն իսկ գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերը, դրանք բերվել են ժամանակագրության պահպանման առումով ավելի պատշաճ կարգի: Միաժամանակ, առաջարկվում են մի քանի նոր հոդվածներ: Առաջարկվում է ազգային փոքրամասնությունների համար սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ իրենց գլխավոր տոնը կամ տոները նշելու համար: Նախագծով առաջարկվում է նաեւ, որ կառավարությունը կարող է սահմանել ոչ աշխատանքային օրեր՝ բացառիկ նշանակության իրադարձությունների առթիվ կամ Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված, բայց ոչ ի հաշիվ հաջորդող կամ նախորդող հանգստայան օրերի: Առաջարկվում է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կողմից նշվող տաղավար տոներին հաջորդող մեռելոց-հիշատակի օրերը սահմանել ոչ աշխատանքային: Նախագծով առաջարկվում է օգոստոսի 11-ին նշել Նավասարդ՝ ազգային ավանդույթների, մշակույթի եւ հայերի միասնության օրը, Հայ կինոյի օրը նշել ապրիլի 13-ին, իսկ սեպտեմբերի 5-ին հաջորդող առաջին շաբաթ օրից սկսած յուրաքանչյուր շաբաթ օր հերթականությամբ նշել Երեւանի եւ մարզերի օրերը: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ առաջատար մասնագետ Ն. Առաքելյան 07.05.2026թ.
ԱԺ պատգամավորի կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման (այսուհետ՝ Հիմնավորում) առաջարկվող փոփոխություններով հիմնականում պահպանվել են արդեն իսկ գոյություն ունեցող տոնական եւ հիշատակի օրերը: Առաջարկվում է որոշակի փոփոխություններ կատարել մի քանի հոդվածներում, ինչպես նաեւ ավելացնել մի քանի նոր հոդվածներ: Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ մինչ այժմ հանգստյան օր սահմանված չէ ազգային փոքրամասնությունների համար իրենց գլխավոր տոնը կամ տոները նշելու համար: Տոնացույցում տեղ չի գտել նաեւ աշխարհի ամենահին տոներից մեկը՝ Նավասարդը, բացի այդ, տոնացույցում ամրագրված չեն Երեւանի եւ մարզերի օրերը: Շատերի համար նաեւ դժգոհություն եւ անհարմարություններ է առաջացնում այն, որ Հայ առաքելական եկեղեցու տաղավար հինգ տոներից հետո նշվող մեռելոցները չեն համարվում հանգստյան օրեր: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Լ. Սարգսյան (հեռ.՝ 011 513-270, 12-70) 08.05.2026թ.
|