Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1343-27.04.2026-ՊԻ-011/0) եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13431 -27.04.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդուենելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է. «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:»: 2. «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հանրային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասի համաձայն. «3. Հանրային ծառայության ստաժը չի ներառում օրենքով սահմանված կարգի խախտմամբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված, ինչպես նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն օրենքի խախտմամբ պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը:»: Հարկ ենք համարում նշել, որ վերոնշյալ դրույթում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածի վերաբերյալ առանձնակի նշելու անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական կամ համայնքային ծառայության պաշտոններում աշխատելու ողջ ժամանակահատվածը ներառված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում, որին եւ հղում է կատարված: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումները Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն պարունակում: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին: ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 18.05.2026թ. ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248) 18.05.2026թ.
Նախագծերի փաթեթով (այսուհետ՝ Փաթեթ) առաջարկվում է ամրագրել փորձնակի վարձատրության վերաբերյալ կարգավորումներ: Միաժամանակ, փորձնակների հնարավոր վարձատրության չափը նախատեսվում է սահմանել՝ ելնելով քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի համար նախատեսված վարձատրության մակարդակից: Առաջարկվում է նաեւ ընդլայնել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լիազորող նորմի բովանդակությունը՝ ներառելով ոչ միայն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի եւ աշխատանքների մասնակցության, այլ նաեւ վարձատրության եւ համապատասխան մարմիններում փորձակների ներգրավման պայմաններ սահմանելու կարգավորման հարցերը: Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603) 30.04.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթի հիմնական նպատակն է ձեւավորել մրցունակ, սոցիալապես արդար եւ ինստիտուցիոնալ առումով կայուն փորձնակության համակարգ, որը մի կողմից կծառայի որպես քաղաքացիական ծառայության համար կադրային ռեզերվի ձեւավորման արդյունավետ գործիք, մյուս կողմից՝ կապահովի փորձնակների նվազագույն սոցիալական պաշտպանվածությունը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում ամրագրել փորձնակի վարձատրության վերաբերյալ կարգավորումներ (Ըստ Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման՝ չվարձատրվող փորձնակության ինստիտուտը ժամանակակից իրավական պետության պայմաններում չի կարող դիտարկվել որպես սոցիալապես արդար կամ հավասար հնարավորություններ ապահովող մեխանիզմ), ընդլայնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լիազորող նորմի բովանդակությունը՝ ներառելով ոչ միայն փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի եւ աշխատանքների մասնակցության, այլ նաեւ վարձատրության եւ համապատասխան մարմիններում փորձնակների ներգրավման պայմաններ սահմանելու կարգավորման հարցերը: Միաժամանակ նշենք, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում առկա կարգավորման համաձայն՝ համապատասխան մարմիններում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը նշված օրենքի իմաստով հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ, մինչդեռ «Հանրային ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի ներկայիս ձեւակերպման համաձայն որպես հանրային ծառայության ստաժ ներառված չէ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով փորձնակ ներգրավված ժամանակահատվածները, ինչի արդյունքում կարող են առաջանալ մեկնաբանման տարբեր մոտեցումներ կամ իրավակիրառական դժվարություններ: Արդյունքում, «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները միտված են իրավակարգավորման հստակեցմանը եւ տարբեր օրենքներով նախատեսված կարգավորումների միջեւ համադրելիության ապահովմանը: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն համապատասխան շրջանակի անձանց համար: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Հեռ. /011/ 513 235 ներք. /1618/ 15.05.2026թ.
|