ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1352-05.05.2026-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13521 -05.05.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1352-05.05.2026-ՏՀ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13521 -05.05.2026-ՏՀ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածի 5-րդ կետով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Գնումների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, որով սահմանվում է «էլեկտրոնային աճուրդ» հասկացությունը: Հատկանշական է, որ այս փոփոխությունից հետո ուժը կորցրած չի ճանաչվում էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ կարգավորումներ սահմանող Օրենքի 4-րդ գլուխը: 2. Նախագծի 1-ին հոդվածի 6-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում, դրանում նշված «տեղեկագիր» հասկացության սահմանման փոխարեն այսուհետ սահմանվում է «գնումների միասնական հարթակ» հասկացության սահմանումը: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխի մի շարք դրույթներում հղում է կատարվում Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի տեղեկագրին, հետեւաբար առկա է հակասություն Օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի միջեւ: Առաջարկում ենք նշված հակասությունը վերացնել: 3. Նախագծի 6-րդ հոդվածով սահմանվում է. «Բացառությամբ բաժին 4-ի վերնագրի, օրենքի ամբողջ տեքստում «տեղեկագիր», «փակ մրցույթ», «մրցույթ» եւ «գնման ձեւ» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել համապատասխանաբար «գնումների միասնական հարթակ», «գաղտնի գնում», «ընթացակարգ» եւ «գնման ընթացակարգ» բառերով»: Նշենք, որ այս դրույթով նախատեսված որոշ բառերի փոփոխված տարբերակների փոխարեն Նախագծով կիրառվում են գործող տարբերակները, ինչպես օրինակ «գնման ձեւ» բառերը, որոնք կիրառվում են Նախագծի 21-րդ հոդվածով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 25-րդ հոդվածում «գնման ընթացակարգ» բառերի փոխարեն: Քննարկվող դրույթի բավականաչափ հստակ չլինելու արդյունքում Օրենքի որոշ դրույթներում առկա օրինակ «բաց մրցույթ» բառերը փոխարինվում են «բաց ընթացակարգ» բառերով, այն դեպքում, երբ Նախագծով նման ընթացակարգի գոյություն չի նախատեսվում (Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետեր, 29-րդ հոդվածի 4-րդ մաս եւ այլն): Բացի այդ՝ հասկանալի չէ, թե ինչ նպատակ է հետապնդում քննարկվող դրույթում առանձին բացառություն սահմանելը միայն Օրենքի 4-րդ բաժնի վերնագրի հետ կապված, որի վերաբերյալ առանձին կարգավորում սահմանվում է նաեւ Նախագծի 22-րդ հոդվածով, եթե Նախագծի օրինակ 28-րդ հոդվածով եւս սահմանվում է Նախագծի 6-րդ հոդվածում նշված փոփոխությունից տարբերվող կիրառություն («փակ մրցույթ» բառերը փոխարինվում են «պասիվ մասնակցությամբ մրցակցային ընթացակարգ» բառերով Նախագծի 6-րդ հոդվածում նշված «գաղտնի գնում» բառերի փոխարեն), սակայն դրա վերաբերյալ որեւէ նշում առկա չէ Նախագծի 6-րդ հոդվածում: Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով հստակ արտացոլել Նախագծում կատարվող փոփոխությունները: 4. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետում նշված «1-ին կետի «ա»-«ը» ենթակետերով նախատեսված հիմքերով» բառերից հանել «1-ին» թիվը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հակառակ դեպքում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում լինելու են իրար հաջորդող երկու «1-ին» թվեր: 5. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «՝ բացառելով տարակերպ մեկնաբանությունը» բառերը «եւ բխեն գնման կարիքից» բառերով փոխարինելու արդյունքում այդ մասն ունենում է հետեւյալ բովանդակությունը. «Գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ եւ հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման եւ վճարման պայմանները եւ բխեն գնման կարիքից»: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Օրենքի 13-րդ հոդվածի՝ գնման առարկայի բնութագրի վերաբերյալ պահանջներ սահմանող 2-րդ մասի 3-րդ կետով արդեն իսկ սահմանված է, որ բնութագրերը պետք է բխեն գնման կարիքից: Այս համատեքստում հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտերում բացառվում են իրավական նորմերի անհիմն կրկնությունները եւ ներքին հակասությունները»: Վերոգրյալը հիմք ընդունելով առաջարկում ենք բացառել սույն դիտարկմամբ նշված կրկնությունը: 6. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում այդ կարգավորումից հանվում են «Շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են սահմանված կարգով հաստատված եւ փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Առանց նախագծային փաստաթղթերի առկայության շինարարական աշխատանքների գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվել չեն կարող» նախադասությունները: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորմամբ այս փոփոխությանը անդրադարձ չկատարելու պարագայում հասկանալի չէ, թե այս փոփոխությունն ինչ նպատակ է հետապնդում, հետեւաբար այն ունի հիմնավորման կարիք: 7. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասում կիրառվող «մլն.» հապավումն առաջարկում ենք փոխարինել «միլիոն» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, այն է. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ»: 8. Նախագծի 16-րդ հոդվածի 6-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «Ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից կամ հրապարակային օֆերտայի միջոցով իրականացված գնումները համարվում են մրցակցային ընթացակարգ»: Այսպես՝ Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 18-րդ հոդվածում լրացվող 1.2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ հրապարակային օֆերտան համարվում է պասիվ մրցակցությամբ մրցակցային ընթացակարգի տեսակ, հետեւաբար հասկանալի չէ, թե ինչու է Նախագծի 16-րդ հոդվածի 6-րդ կետով Օրենքի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 18-րդ հոդվածի 7-րդ մասում առանձին նշվում, որ հրապարակային օֆերտայի միջոցով իրականացված գնումները համարվում են մրցակցային ընթացակարգ: 9. Նախագծի 19-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 24-րդ հոդվածի վերնգարում կիրառվող «Նախաորակավորման ընթացակարգերը» բառերը փոխարինել «Նախաորակավորման փուլ» բառերով, մինչդեռ որեւէ փոփոխություն չի կատարվում այդ հոդվածում տարբեր հոլովաձերով կիրառվող «նախաորակավորման ընթացակարգ» բառերին, ինչի արդյունքում առկա է նույն միտքն արտահայտող «նախաորակավորման ընթացակարգ» եւ «նախաորակավորման փուլ» բառերի միաժամանակյա կիրառություն: Այս կապակցությամբ նշենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ»: 10. Նախագծի 19-րդ հոդվածն ունի երկու 2-րդ կետ այդ վրիպակը շտկել: 11. Նախագծի 22-րդ հոդվածում «ԲԱԺԻՆ» բառն առաջարկում ենք շարադրել փոքրատառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաեւ 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: 12. Նախագծի 23-րդ հոդվածի 2-րդ կետով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող 2.1-ին կետը համարկալված է որպես մաս, առաջարկում ենք համարակալումը հմապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջին: 13. Նախագծի 29-րդ հոդվածն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ այդ կարգավորումը սահմանվում է Նախագծի 30-րդ հոդվածի 1-ին կետում եւս: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջից: 14. Նախագծի 32-րդ հոդվածով սահմանված է. «Օրենքի 4-րդ բաժինը եւ 5-րդ գլուխը ուժը կորցրած ճանաչել», մինչդեռ Օրենքում առկա չէ 5-րդ գլուխ եւ Նախագծի 22-25-րդ հոդվածներով փոփոխություններ են կատարվում Օրենքի 4-րդ բաժնի դրույթների հետ կապված: Առաջարկում ենք քննարկվող նորմում նշված հղումները հստակեցնել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի պահանջները: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ ներկայացված դիտարկումների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումների հիմնավորվածությունը, հստակությունը, ինչպես նաեւ դրանց համապատասխանությունը միմյանց, Օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: Միաժամանակ՝ նշենք, որ Նախագծերի փաթեթն անհետաձգելի համարվելու
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 20.05.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու այլ օրենքի ընդունման, մասնավորապես՝ սույն եզրակացության 2-րդ կետում նշված դիտարկմամբ արդեն իսկ անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխի մի շարք դրույթներում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությանը, հետեւաբար առաջարկում ենք այդ դիտարկման հիման վրա համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Նախագծերի փաթեթին Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող՝ Ա. Ղազարյան (հեռ.` 011-513-248), 20.05.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է տալ «դրամաշնորհ», «շրջանակային համաձայնագիր», «հանրային հսկողություն» եւ «Արհեստական Բանականություն» հասկացությունների սահմանումները, սահմանել արգելք՝ գնումների հասկացությանը համապատասխանող գործարքները որակել եւ իրականացնել որպես պետական դրամաշնորհ, սահմանել մրցակցային ընթացակարգը եւ մրցակցային ընթացակարգի երկու մեծ տեսակ՝ ակտիվ եւ պասիվ, մրցակցային ընթացակարգերի տեսակները հանել օրենքից, ներմուծել ըստ երկրների սահմանափակման հնարավորություն (որոշում է պատվիրատուն եւ կարող է լինել հայելային) սահմանել հնարավորություն սահմանելու էլ. համակարգի օգտագործման վճար, սահմանել նախաորակավորման, որակավորման եւ որակի չափանիշների գնահատումը փորձագիտական (սուբյեկտիվ) հիմքով իրականացնելու հնարավորություն, հստակեցնել ապրանքային նշաններին հղումների կիրառման դեպքերը, բնական մենաշնորհ հանդիսացող գնումները դուրս բերել օրենքի կարգավորման դաշտից եւ հաշվառվեն որպես գնում չհանդիսացող ծախսեր, սահմանել մեկ անձից գնում իրականացնելու նոր պայմաններ, սահմանել, որ մեկ անձից գնումների պայմաններին համապատասխանությունը եւ գնման ձեւի ընտրությունը որոշում է պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաեւ կատարել իրավակիրառ պրակտիկայից բխող հիմնահարցերի լուծմանն ուղղված մի շարք այլ փոփոխություններ եւ լրացումներ: Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նածագծին, ապա դրանով առաջարկվում է սահմանել, որ՝ 1. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ներառում է նաեւ ըստ բյուջետային ծախսերի գերչատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձեւով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ. 2. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներառում է նաեւ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձեւով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաեւ դրա մանրամասն հիմնավորումը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 12.05.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Գնումների մասին» օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում: Առաջարկվող իրավակարգավորումներն, ըստ հեղինակի, նպատակաուղղված են բարելավելու եւ արդիականացնելու գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մրցակցային միջավայր: Գործող՝ «Գնումների մասին» օրենքով կարգավորումներն, ըստ հեղինակի, բավարար չափով չեն անդրադառնում գնումների համակարգի ներկայիս զարգացումներին, միջազգային փորձին եւ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին: Արդյունքում՝ գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվում են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ եւ հաշվետվողականությամբ, ինչպես նաեւ թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով: Ուստի, Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը կխթանի գնումների համակարգի արդիականացումը եւ արդյունավետության բարձրացումը: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթի ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ կբարձրանա գնումների արդյունավետությունը եւ թափանցիկությունը, կխթանվի մրցակցային միջավայրը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ. Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 11.05.2026թ.
|