ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1355-13.05.2026-ՖՎ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1355-13.05.2026-ՖՎ-011/0) (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագիծը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չի պարունակում: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումներում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջների տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 19.05.2026թ.
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարող` Մ.Սարգսյան (հեռ.՝ 011-513-248) 19.05.2026թ.
Ներկայացված Նախագծով առաջարկվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), որով ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից՝ երեք տրանշով, մասնավորապես՝ 1. ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո, 2. Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո, 3. Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո: WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է, իսկ տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաեւ 12.456 մլն եվրո դրամաշնորհ: Վարկավորման պայմանները եւ դրույթները կայանում են հետեւյալում՝ - վարկի առավելագույն գումարը 100 մլն եվրո է, - լողացող տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR+մարժա՝ 1.2% (մարժան սահմանված է միայն առաջին եւ երկրորդ վարկերի համար, երրորդ վարկի համար կսահմանվի վարկի հաստատման փաստաթղթով), 21.01.2026թ. դրությամբ լողացող տոկոսադրույքը 3.356% է (6-ամսյա EURIBOR՝ 2.156%), - առաջին եւ երկրորդ վարկերի մայր գումարների մարման արտոնյալ ժամկետ՝ վարկերի հաստատման ամսաթվերից հետո 6 տարի, - վարկերի մայր գումարի մարման վերջին ամսաթվի վերջնաժակետ՝ 31.12.2048թ., - պարտավորության վճար՝ տարեկան 0.5%, որը հաշվարկվում է յուրաքանչյուր վարկի չմասհանված գումարի նկատմամբ՝ սկսած վարկի հաստատման (Credit Approval) ամսաթվից 6 ամիս հետո, - միանվագ կոմիսիոն վճար՝ յուրաքանչյուր վարկի առավելագույն գումարի 0.5%-ի չափով, որը վճարվում է վարկի ստորագրման ամսաթվից 15 օրվա ընթացքում մինչեւ առաջին մասհանումը, - չեղարկման վճար՝ վարկի չեղարկված գումարի 2.5%, - տույժ ժամկետանց վճարումների գծով՝ տվյալ ժամանակահատվածի համար կիրառելի տոկոսադրույքին գումարած 3.5%՝ հաշվարկվում է վճարման ենթակա օրվանից մինչեւ փաստացի վճարման ամսաթիվը, - Վարկատուի կրած մի շարք ծախսերի փոխհատուցում կամ ուղղակի վճարում, այդ թվում՝ Համաձայնագրի կամ Համաձայնագրին առնչվող ցանկացած այլ փաստաթղթի բանակցությունների, նախապատրաստման եւ ստորագրման (ներառյալ՝ ցանկացած իրավաբանական կարծիք) եւ ստորագրման ամսաթվից հետո ցանկացած այլ ֆինանսական փաստաթղթի առնչությամբ: Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 15.05.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» Օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ): Մեր կողմից իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքում նշենք, որ ներկայացված Օրենքի նախագիծը դիտարկվել է սոցիալական արդարության եւ սոցիալական հավասարության, ինչպես նաեւ վերջինից բխող սոցիալական ազդեցության գնահատման ու սոցիալական բացասական հետեւանքների առաջացման եւ կանխման հայեցակարգերի համատեքստում: Ուստի, Օրենքի նախագծում բովանդակվող «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր), սոցիալական հնարավոր հիմնահարցերի եւ սոցիալական երաշխիքների տեսանկյունից, բացառապես միտված է ներպետական մակարդակով բարելավելու ջրային ռեսուրսների կառավարման կայունությունը, ինչպես նաեւ ոռոգման, խմելու ջրի մատակարարումն ու սանիտարական մաքրման գործընթացի արդյունավետության ապահովումը, որոնք էլ, իրենց հերթին, կնպաստեն տվյալ տարածքի՝ Սյունիքի մարզի համապարփակ, կայուն եւ ներառական գնուղատնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ ոռոգման համակարգերի վերականգնմանն ու արդիականացմանը, գյուղական վայրերում արժանապատիվ աշխատատեղերի ամրապնդմանը եւ պահպանմանը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ հիմնարար սոցիալական երաշխիքների, մասնավորապես՝ պետության պարենային անվտանգության եւ արժանապատիվ կենսամակարդակի ապահովության նպատակով: Ի լրումն վերոգրյալի հավելենք նաեւ, որ Համաձայնագրի «Բնապահպանական եւ սոցիալական պատասխանատվությունը» վերտառությամբ 14.6.-րդ մասի «Բնապահպանական եւ սոցիալական միջոցառումների իրականացումը» վերտառությամբ 14.6.1.-րդ եւ «Բնապահպանական եւ սոցիալական (ԲՍ) բողոքների կառավարումը» վերտառությամբ 14.6.2.-րդ կետերով ամրագրված իրավակարգավորումների համաձայն՝ Համաձայնագրի կողմ հանդիսացող պետություններն երաշխավորում են ստանձնել համապատասխան միջազգային պարտավորություններ՝ խթանելու միջազգային ճանաչված բնապահպանական եւ աշխատանքային չափանիշներին համապատասխանությունը, մասնավորապես՝ Աշխատանքի միզագային կազմակերպության (ԱՄԿ) հիմնարար կոնվենցիաներով, բնապահպանական միջազգային օրենքներով ու կանոնակարգերով սահմանված միջազգային իրավանորմերին՝ սույն ոլորտում կայուն զարգացում եւ սոցիալական արդարություն ապահովելու նպատակով: Հիմք ընդունելով մեր կողմից իրականացված սոցիալական փորձաքննության արդյունքները՝ նշենք, որ ներկայացված Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան: Եզրահանգում
Օրենքի նախագիծը սոցիալական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝ ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ Կատարող՝ Ա. Քոչարյան (հեռ.՝ 011-513-235) 15.05.2026թ.
|