ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1360-22.05.2026-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1360-22.05.2026-ԱՍ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:






Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր լրացվող 207.1-ին հոդվածի 1-ին մասում եւ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում կիրառված «հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով» բառերն առաջարկում ենք փոխարինել «ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակումով» բառերով՝ հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կիրառված հասկացությունը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ»: 

2. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվում է նոր 207.1-ին հոդվածով, որի 2-րդ մասով նախատեսվում է ծնողական ժամ տրամադրելու իրավունք՝

1) մինչեւ երկու  երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե.

2) երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 1 ժամ.

3) մինչեւ 18 տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)` օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից):

Քննարկվող կարգավորումը կարող է խնդրահարույց լինել Սահմանադրությամբ երաշխավորված խտրականության արգելքը սկզբունքի տեսանկյունից։

Մասնավորապես, Նախագծով նախատեսված կարգավորմամբ ծնողական ժամի իրավունքը վերապահում է միեւնույն կատեգորիայի աշխատողներին, սակայն միաժամանակ չի ապահովում այդ իրավունքի իրացման հավասար պայմաններ։ Քանի որ ծնողական ժամի փաստացի տեւողությունը սահմանված չէ հստակ չափով, այլ նախատեսված է միայն դրա առավելագույն շեմը, բացի այդ չեն սահմանվում այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է որոշվի ծնողական ժամի կոնկրետ տեւողությունը, նույն իրավական կարգավիճակում գտնվող աշխատողները կարող են փաստացի օգտվել տարբեր ծավալի իրավունքից։ Քննարկվող կարգավորումը գործատուին վերապահում է լայն հայեցողական լիազորություն, քանի որ չի նախատեսում ինչ հանգամանքների հաշվառմամբ եւ ինչ սկզբունքներով պետք է որոշվի աշխատողին տրամադրվող ծնողական ժամի փաստացի տեւողությունը: Օրինակ, մինչեւ երկու երեխա ունեցող երկու աշխատողներից մեկը կարող է օգտվել օրական 30 րոպե ծնողական ժամից, իսկ մյուսը՝ զգալիորեն ավելի կարճ ժամանակահատվածից՝ չնայած նրանց իրավական կարգավիճակի նույնականությանը։

Նախագծում հստակ կողմնորոշիչ չափանիշների բացակայությունը հանգեցում է գործատուի կողմից յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սեփական հայեցողությամբ որոշելու ծնողական ժամի փաստացի տեւողությունը՝ մինչեւ սահմանված առավելագույն շեմը։ Արդյունքում նույն կամ համադրելի իրավիճակում գտնվող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել տարբեր մոտեցումներ, ինչը կարող է հանգեցնել նույնական իրավիճակում գտնվող աշխատողների նկատմամբ տարբերակված մոտեցման եւ ստեղծել նորմի խտրական կամ կամայական կիրառման ռիսկեր։

Սահմանադրական դատարանը անդրադառնալով խտրականության արգելքը սկզբունքին իր մի շարք որոշումներում արտայատել է հետեւյալ դիրքորոշումները. «խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224)», «Սահմանադրական դատարանը խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից (ՍԴՈ-881)»: 

Ուստի առաջարկում ենք վերանայել կարգավորումը՝ սահմանելով ծնողական ժամի հստակ տեւողությունը կամ առնվազն ամրագրելով այն օբյեկտիվ եւ կանխատեսելի չափորոշիչները, որոնց հիման վրա գործատուն կարող է որոշել դրա տեւողությունը։ Հակառակ դեպքում գործատուի լայն հայեցողական լիազորությունը կարող է ստեղծել աշխատողների նկատմամբ անհիմն տարբերակված մոտեցումների եւ հանգեցնել խտրական վերաբերմունքի դրսեւորման:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումը կարող է խնդրահարույց լինել խտրականության արգելքը սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկության հիման վրա, անհրաժեշտ է ապահովել  Նախագծով սահմանված կարգավորման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին: 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

09.06.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

09.06.2026թ.








Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը, իսկ նախատեսվող փոփոխությունները, ըստ Նախագծի հեղինակի, միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը եւ աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրն, ըստ հեղինակի, կայանում է նրանում, որ մինչեւ տասներկու տարեկան, ինչպես նաեւ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակում ունեցող մինչեւ տասնութ տարեկան երեխաները պահանջում են ծնողի առավել ակտիվ եւ շարունակական խնամք, ուշադրություն եւ ներգրավվածություն: Աշխատանքային պարտականությունների եւ ծնողական պատասխանատվության համադրումը հաճախ առաջացնում է օբյեկտիվ դժվարություններ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես երեխայի զարգացման, այնպես էլ աշխատողի արդյունավետության վրա:

Երեխաների սոցիալական պաշտպանվածության տեսանկյունից, իհարկե, առաջարկվող լուծումները կարող են որոշ արդյունք ապահովել, սակայն ֆինանսատնտեսագիտական առումով դրանք լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն են նախատեսում  գործատուների համար: Բացի այդ, առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների շարադրանքը, կարծում ենք, որոշ վերաիմաստավորման եւ լրամշակման կարիք են զգում՝ կապված հետեւյալ հանգամանքների հետ:

1. Նախագծի հիմնավորման մեջ, ինչպես արդեն նշվեց, ասվում է, որ.  «Փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը եւ աշխատանքի արդյունավետությունը:»: Այս առումով հարկ է փաստել, որ  աշխատաժամանակի կրժատումը, առավել եւս վարձատրության պահպանմամբ, ոչ թե կբարձրացնի, այլ ընդհակառակը՝ կնվազեցնի աշխատանքի արդյունավետությունը, քանի որ ըստ ժամանակի չափորոշիչի աշխատանքի արդյունավետությունն արտահայտվում է աշխատանքի արտադրողականության ցուցանիշի միջոցով, որն իրենից ներկայացնում է ժամանակի մեկ միավորի ընթացքում կատարված աշխատանքի քանակը: Հետեւաբար, որքան կրճատվի աշխատանքի տեւողությունը կամ ժամանակը, այնքան կնվազի աշխատանքի արտադրողականությունը եւ ըստ այդմ՝ աշխատանքի արդյունավետությունը, ինչն էլ հենց իրենից ներկայացնում է գործատուների ֆինանսական կորուստները, կամ այլ կերպ ասած՝ լրացուցիչ ֆինանսական բեռը:

2. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է նաեւ, որ. «Նախագիծը նախատեսում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը:», սակայն այդ եզրույթի որեւէ սահմանում չի ներկայացվում (տեքստը տալիս է այդ եզրույթի պայմանները՝ առանց բացահայտելու բուն եզրույթի բովանդակությունը): Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծով առաջարկվող Աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) նոր՝ 207.1.-ին հոդվածի 1-ին մասով տալ միայն «ծնողական ժամ» եզրույթի բովանդակային սահմանումը:

3.   Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող՝  Օրենսգրքի նոր՝ 207.1.-ին հոդվածի 1-ին մասի համաձայն. «Խնամքին մինչեւ տասներկու տարեկան երեխա ունեցող, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից:»: Ինչպես կարելի է նկատել, տվյալ մասով տրվում է ծնողական ժամից օգտվելու իրավունքի երկու պայման, իսկ եթե տեքստը դիտարկենք «Նորմատիվ  իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համատեքստում, ըստ որի.   «Եթե նորմատիվ իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաեւ» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ:», ապա ակնհայտ է դառնում, որ 207.1.-ին հոդվածի 1-ին մասում տրվում են իրարից առանձին երկու պայմաններ, ընդ որում՝ երկրորդ պայմանը բառացիորեն կրկնվում է նաեւ 207.1.-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, ինչն էլ անհարկի կրկնություն է իրենից ներկայացնում: Այս կապակցությամբ առաջարկում ենք 207.1.-ին հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող» բառերը, իսկ մյուս պայմանը («խնամքին մինչեւ տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը») չափանիշը տեղափոխել 207.1.-ին հոդվածի 2-րդ մաս՝ որպես առանձին կետ, իսկ 207.1.-ին հոդվածի 1-ին մասով, ինչպես արդեն առաջարկեցինք, տալ «ծնողական ժամ» եզրույթի բովանդակային սահմանումը:

4. Սահմանվող ծնողական ժամը Նախագծում նշվում է որպես «օրական առավելագույն» ժամանակահատված, ինչը յուրաքանչյուր կոնկրետ աշխատողի մասով ժամանակի կոնկրետացման անհարժեշտություն է առաջացնում: Մյուս կողմից, անհայտ է մնում, թե ո՞վ է, օրինակ, որոշում օրական առավելագույնը 1 ժամի սահմաններում կոնկրետ քանի՞ րոպե պետք է հատկացվի աշխատողին (այս առումով կարելի է ընդամենը ենթադրել, որ կոնկրետ ժամանակահատվածը պետք է նշի աշխատողը՝ իր դիմումի մեջ), իսկ եթե խնդիրը դիտարկենք գործնական տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ բոլոր աշխատողներն էլ կցանկանան ստանալ Օրենսգրքով թույլատրվող առավելագույն ժամանակը: Հետեւաբար, նշված հարցերի հստակեցման նպատակով, կարծում ենք, կարելի է առաջարկվող ամբողջ տեքստից հանել «առավելագույնը» բառերը՝ դրանով իսկ նախատեսելով մեկ կոնկրետ ժամանակահատված: Բացի այդ, անհայտ է մնում նաեւ, թե աշխատանքային օրվա ո՞ր ժամից է հատկացվելու ծնողական ժամը (աշխատանքային օրվա սկզբից կամ վերջից, որպես ընդմիջման շարունակություն եւ այլն): Տվյալ հարցի հստակեցման առումով էլ առաջարկում ենք  207.1.-ին հոդվածի 3-րդ մասի «դիմումի հիման վրա» բառերից հետո ավելացնել «, որում նշվում է նաեւ աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի սկիզբը:»:

5. Նախագիծը պարունակում է նաեւ այլ անորոշություններ, որոնք հարկ է հստակեցնել՝ աշխատողների կողմից Նախագծով առաջարկվող իրավունքներից անարգել օգտվելու նպատակով: Մասնավորապես, Նախագծից անհայտ է մնում, թե ինչպե՞ս պետք է որոշվի չնորմավորված աշխատանքային օրով աշխատողների ծնողական ժամի սկիզբը, հերթափոխով աշխատող աշխատողների ծնողական ժամի սկիզբը կամ ավարտը (քանի որ այս դեպքում մեկ աշխատողի ծնողական ժամի իրավունքը մեխանիկորեն կարող  է վերածվել մեկ այլ աշխատողի համար լրացուցիչ աշխատանքային ժամի, ընդ որւոմ՝ առանց վարձատրության) եւ այլն: Հետեւաբար, կարծում ենք, առաջարկվող գաղափարն անհրաժեշտ է մանրամասն դիտարկել բոլոր կատեգորիաների աշխատողների տեսանկյունից՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով համապատասխան կարգավորումներ:  Վերջիններիս կարեւորությունը, կարծում ենք, նույնպես ակնհայտ է ոչ միայն խտրականության հնարավոր դեպքերի ի հայտ գալու, այլեւ գործատուների մոտ համապատասխան մոտիվացիայի ձեւավորման տեսանկյունից: Մասնավորապես, այս առումով գործատուները, օբյեկտիվորեն, կցանկանան խուսափել ծնողական ժամի իրավունք ունեցող աշխատողների աշխատանքի ընդունելուց, կամ էլ կընդունեն աշխատանքի այն պայմանով, որ աշխատողը կամավոր չօգտվի ծնողական ժամի իր իրավունքից՝ դրանից բխող բացասական հետեւանքներով հանդեձ:


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի եւ բովանդակային խմբագրման տեսանկյունից լրամշակման կարիք ունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

(հեռ.` 011 513-668)

27.05.2026թ.







Սոցիալական փորձաքննության արդյունքները

Ներկայացված Նախագծով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք):

Նախագծով նախատեսվում է սահմանել «ծնողական ժամ» եզրույթը:

Նախագծով սահմանվում է, որ՝ «Խնամքին մինչեւ տասներկու տարեկան երեխա ունեցող, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից»:

Ծնողական ժամը տրամադրվում է՝

- մինչեւ երկու երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 30 րոպե.

- երեք եւ ավելի երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 1 ժամ.

- մինչեւ 18 տարեկան՝ հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին (խնամատար ծնողին կամ որդեգրողին կամ խնամակալին)՝ օրական առավելագույնը 1 ժամ (անկախ երեխաների թվից):

Ակնկալվում է, որ վերոնշյալ փոփոխությունները երկարաժամկետ հեռանկարում կարող են նպաստել աշխատուժի արտադրողականության աճին, սոցիալական կայունությանը, ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը եւ ժողովրդագրական քաղաքականության իրականացմանը:

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ առաջարկությունը.

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի նոր լրացվելիք 207.1 հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «30 րոպե» եւ «1 ժամ» բառերից առաջ օգտագործվում է «առավելագույնը» բառը  («օրական առավելագույնը 30 րոպե»,  «օրական առավելագույնը 1 ժամ»), ինչը կարող է գործատուի կողմից հայեցողական վարքագծի դրսեւորման առիթ հանդիսանալ: Օրինակ, վերոնշյալ 207.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված դեպքում՝ գործատուն կարող է պնդել, որ 30 րոպեն առավելագույն սահմանն է, իսկ կոնկրետ տեւողությունը կարող է ավելի քիչ լինել: 

Ուստի եւ, առավել հստակություն ապահովելու եւ գործատուների կողմից հայեցողական մոտեցումը բացառելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենսգրքի նոր լրացվելիք 207.1 հոդվածի 2-րդ մասի  1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում չկիրառել «առավելագույն» բառը:


Եզրահանգում

Նախագծի ընդունումը սոցիալական առումով կունենա դրական ազդեցություն բավական լայն շրջանակի անձանց համար:

Վերոնշյալ առաջարկությունը հաշվի առնելու դեպքում՝ Նախագիծը որոշ լրամշակման կարիք կունենա:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                    ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Հեռ. /011/ 513 235  ներք. /1618/

08.06.2026թ.