ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1361-22.05.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ալխաս Ղազարյանի եւ Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (փաստաթղթային կոդ՝ Պ-1361-22.05.2026-ՊԻ-011/0)  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:







Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով կատարվում է միայն  մեկ լրացում: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված դրույթից, այն է. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դրույթին, որի համաձայն. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»:

3. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «(այսուհետ՝ Օրենք)» ձեւակերպումը հանել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 3-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս, որի համաձայն. «1.1. Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ:»: 

Վերոնշյալ կարգավորումը խնդրահարույց է իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ օրենսդրությամբ բացակայում է «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքեր» հասկացության հստակ բովանդակությունը։ Մասնավորապես, պարզ չէ, թե որ մուտքերն են համարվում «հիմնական», ինչ չափորոշիչներով պետք է դրանք որոշվեն, ինչպես նաեւ՝ որ մարմինն է իրավասու դրանք սահմանելու։ Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու եւ նշված դրույթի միատեսակ կիրառությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք համայնքի ավագանուն վերապահել համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերը սահմանելու լիազորություն:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծում սահմանված իրավակարգավորումը կարող է խնդրահարույց լինել իրավական որոշակիության տեսանկյունից:

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.05.2026թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ 

Կատարող՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248)

29.05.2026թ.







Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքային եւ գյուղական բնակավայրի վարչական սահմանների հիմնական մուտքերում պետք է տեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: 

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 

Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

կատարող՝ գլխավոր մասնագետ Գ. Կիրակոսյան 

(հեռ.՝ 011 513-603) 

01.06.2026թ.






Սոցիալական փորձաքննության արդյունքները

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ներկայացված Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում:

Նախագծով, հեղինակներն առաջարկում են, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքային եւ գյուղական բնակավայրի վարչական սահման մուտք գործելիս պարտադիր տեղադրվի Հայաստանի Հանրապետության պետական դրոշը:

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրահանգում

Առաջարկվող իրավակարգավորումների ընդունումն, ըստ հեղինակների, կնպաստի ազգային ինքնագիտակցության ամրապնդմանը, կապահովի միասնական պետական խորհրդանշական միջավայր, կխթանի պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքի ձեւավորումը քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետություն այցելող անձանց շրջանում:

Նախագծով առաջարկվող լրացումների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա չեզոք ազդեցություն: 

Նախագիծը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                Լ. Մարկոսյան 

Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35)

01.06.2026թ.