ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1366-05.06.2026-ՊԻ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13661 -05.06.2026-ՊԻ-011/0) եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-13662 -05.06.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-1366-05.06.2026-ՊԻ-011/0), «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13661 -05.06.2026-ՊԻ-011/0) եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-13662 -05.06.2026-ՊԻ-011/0) (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: Նախագծերի փաթեթը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը: Իրավական փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը. 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) լրիվ անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Օրենքի կրճատ անվանումը հիշատակելիս դրանում նշվում է օրենքի վերնագիրը:»: Նույն դիտարկումը վերաբերելի է նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի լրիվ անվանման հիշատակմանը: 2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ` Օրենք)» բառերը, քանզի Նախագծում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքին այլեւս հղում չի կատարվում: 3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսվում է Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասի երկրորդ նախադասությունում «արտացոլված» բառից հետո լրացնել «բազմաբնակարան շենքի ծավալում կամ ծավալից դուրս՝ բնակարանին կամ ոչ բնակելի տարածքին կից առկա ինքնակամ կառույցի» բառերը: Հարկ ենք համարում մեջբերել Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասի երկրորդ նախադասությունը. «Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի ծավալում առկա ինքնակամ կառույցների հաշվառման նպատակով Կադաստրի կոմիտե Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներկայացվում են լուսանկարներ, որակավորված անձի տված եզրակացություն, տվյալ գույքի սեփականատիրոջ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված կառուցման տարեթվի վերաբերյալ տված գրավոր հայտարարություն, ինչպես նաեւ Կառավարության սահմանած հաշվառման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր:»: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասի գործող խմբագրությամբ կարգավորումը վերաբերում է ոչ միայն բազմաբնակարան, այլեւ ստորաբաժանված շենքերի ծավալում առկա ինքնակամ կառույցների հաշվառմանը։ Հետեւաբար, առաջարկվող լրացմամբ միայն բազմաբնակարան շենքերին վերաբերող ձեւակերպման ամրագրումը կարող է անհամապատասխանություն առաջացնել նույն նորմի կարգավորման առարկայի եւ դրա հասցեատերերի շրջանակի միջեւ։ Հիմք ընդունելով վերոգրյալն՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասի երկրորդ նախադասությունում կատարվող լրացումը՝ անհամապատասխանությունը վերացնելու նպատակով: 4. Առաջարկում ենք Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասում վերանայել չորրորդ՝ «Կառավարության համապատասխան որոշումը պետք է պարունակի ինքնակամ կառույցի կառուցման տարեթիվը, գտնվելու վայրը եւ ինքնակամ կառույցը նույնականացնող այլ տվյալներ:» նախադասությունը եւ այն հանել, քանզի Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ կետով նախատեսվում է Օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «Պետությանը կամ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա օրինականացման ենթակա ինքնակամ կառույցների ցանկը սահմանում է Կառավարությունը:» նախադասությունը, ինչն անհասկանալի է դարձնում, թե հաջորդ նախադասությունում Կառավարության որ որոշումը պետք է համապատասխանի ներկայացված պահանջներին: 5. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածում նոր լրացվող 3.2-րդ մասում առաջակում ենք հստակեցնել «այդ թվում, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից հետո» արտահայտությունը, քանզի Նախագծում օգտագործվող ձեւակերպումը տարընկալում է առաջացնում, թե որ ժամկետում կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ է տարածելի Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով նախատեսվող Օրենքում նոր լրացվող 3.2-րդ մասի դրույթը: Սույն առաջարկը բխում է իրավական նորմերի որոշակիության ապահովման հրամայականից: Սահմանադրական դատարանն իր՝ ՍԴՈ-1270 որոշմամբ, անդրադառնալով օրենքների որոշակիությանը, արձանագրել է՝ «Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարեւորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի»: Սույն դիտարկման համատեքստում հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածում նոր լրացվող 3.2-րդ մասով նախատեսվող ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառելի չեն լինելու Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածում նոր լրացվող 3.2-րդ մասով հստակ չի սահմանվում, թե որ մարմինն է կայացնելու ինքնակամ կառույցի օրինականացման որոշում՝ Կառավարությանը լիազորելով միայն սահմանել օրինականացման կարգը: 6. Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.2-րդ մասում առաջարկում ենք բացառել «ՀՀ» հապավման կիրառումը, այն փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով կամ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված կանոնը, որի համաձայն. «Արգելվում են նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:»: 7. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում առաջարկում ենք նախատեսվող անցումային դրույթները տարածելի դարձնել նաեւ «կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների» նկատմամբ եւս, քանզի Նախագծի 1-ին հոդվածի 7-րդ կետով նախատեսվող Օրենքի 2-րդ հոդվածում նոր լրացվող 3.2-րդ մասում նախատեսվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը վերաբերելի են լինելու նաեւ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածներին եւ անհրաժեշտ է նրանք եւս ներառել ինքնակամ կառույցների կողքին: 8. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը՝ համապատասխան հոլովաձեւերով առաջարկում ենք փոխարինել «Կառավարություն» բառով՝ համապատասխան հոլովաձեւերով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ կիրառված հասկացությունը: Սույն դիտարկումը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում սահմանված դրույթներից, այն է. «1. Նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: 2. Նորմատիվ իրավական ակտում միեւնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:»: Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեսանկյունից խնդրահարույց նորմեր առկա չեն: Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթով սահմանված իրավակարգավորումների համապատասխանությունը միմյանց, իրավական որոշակիության սկզբունքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 18.06.2026թ.
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ Կատարողներ՝ Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), Գ. Մուրադյան (հեռ.` 011-513-248) 18.06.2026թ.
Ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման եւ օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո: Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաեւ, որ նշված կառույցները կարող են Կառավարության սահմանած կարգով հաշվառվել եւ ընդգրկվել Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Միաժամանակ սահմանվում են այդ ցանկում ընդգրկման եւ հետագա օրինականացման համար անհրաժեշտ պայմանները, այդ թվում՝ համապատասխան լիցենզիա եւ ներդիր ունեցող անձի կամ կազմակերպության կողմից տրված դրական եզրակացության առկայությունը, իրավասու մարմնի կողմից նախնական գնահատման իրականացումը, ինչպես նաեւ օրինականացման համար սահմանված տեղական տուրքի վճարումը: Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնահարցերի տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ (հեռ.` 011 513-668) 09.06.2026թ.
ՀՀ կառավարության կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-397-Ն օրենքում, համապատասխան լրացումներ կատարելով նաեւ հարակից՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» եւ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» օրենքներում: Նախագծերի փաթեթով, հեղինակն առաջարկում է սահմանել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա այն ինքնակամ կառույցների կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների հաշվառման եւ օրինականացման առանձնահատկությունները, որոնք կառուցվել են օրենքով սահմանված ժամկետից հետո: Ներկայացվող իրավակարգավորումներով նախատեսվում է, որ նշված կառույցները կարող են Կառավարության սահմանած կարգով հաշվառվել եւ ընդգրկվել Կառավարության հաստատած օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունմամբ, հեղինակն ակնկալում է, որ իրավական հնարավորություն կստեղծվի օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված եւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա առանձին ինքնակամ կառույցների հաշվառման եւ օրինականացման համար: Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: Եզրահանգում
Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումների եւ փոփոխությունների ընդունումը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից կունենա դրական ազդեցություն: Նախագծերի փաթեթը սոցիալական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ Լ.Մարկոսյան Կատարող` Ա. Գալստյան (հեռ. 011-513-235), (12-35) 16.06.2026թ.
|