ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Առաջարկում ենք նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այն կազմակերպություններում, որտեղ, արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված, անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:»:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենքի  նախագիծն ընդունելի կհամարի ներկայացված առաջարկության ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N18-Ն որոշուման համաձայն:

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ- 117-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 07.08.2010թ.) փոփոխություն է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասում, որով աշխատողների համար սահմանվել է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով: Բացառություն է սահմանված միայն հանրակրթության համակարգի աշխատողների համար, որտեղ անհրաժեշտության դեպքում թույլատրված է աշխատողների համար սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Սուքիաս Ավետիսյանի եւ Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասում  առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ նախադասությունը.

«Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված` անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:»:

Նախագծի վերաբերյալ ՀՀ Կառավարության եզրակացությամբ առաջարկվում է Նախագիծը խմբագրել` նպատակ ունենալով բացառել նոր շարադրանքի արդյունքում  ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասում առաջացող կրկնությունը: Մասնավորապես առաջարկվում է Օրենսգրքի 142-րդ հովածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով կամ այլ պայմաններով պայմանավորված` անհնար է հնգօրյա աշխատանքային շաբաթի կիրառումը, սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով:»:

Նախագիծը միտված է գործարար միջավայրի բարելավմանը, որը նաեւ աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Նախագծի ընդունման դեպքում անձնակազմի առավել ճկուն կառավարման հնարավորություն է տրվում գործատուին: Այսինքն այն կազմակերպություններում, որտեղ արտադրության բնույթով պայմանավորված հնարավոր չէ կամ տնտեսապես արդյունավետ չէ աշխատողների համար սահմանել  հնգօրյա աշխատանքային շաբաթ, գործատուն կարող է սահմանել վեցօրյա աշխատանքային շաբաթ` մեկ հանգստյան օրով, ինչը կարող է էապես նպաստել տվյալ գործատուի մոտ տնտեսվարման արդյունավետությանը:

Գործնականում այս խնդիրը եւ դրա կարգավորման անհրաժեշտությունը առարկայական է դարձել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքի կիրարկումից հետո :

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Արդյունքում Նախագիծը`

ա/ սոցիալական պաշտպանության բնագավառի վրա չունի ռազմավարական ազդեցություն.

բ/  բնագավառի շահառուների վրա ազդեցություն տեսանկյունից ենթակա չէ լրամշակման:

Նորմատիվ իրավական ակտի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքների գնահատումն իրականացվել է 2011թ. հունվարի 21-ին:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում։

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում։

3.  Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին պահանջներին չի հակասում։ Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Նախնական դիտարկումների շրջանակներում կազմակերպվել են քննարկումներ (հարցումներ) 12 տնտեսավարողների հետ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչները չեն ներառում կարգավորման ենթակա ընթացակարգերը:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում մրցակցության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով, որ նշված իրավական ակտը չի նախատեսում որեւէ ապրանքային շուկաների կարգավորում եւ նախագծերով կարգավորվող հարաբերությունները չեն առնչվում մրցակցային դաշտի հետ, մասնավորապես կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում `

1. ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

2. միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

3. միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ

                                         


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Իրավական ակտերի փորձաքննության
գործակալություն
 
 


Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի

սեպտեմբերի 23-ի N 1104-Ն որոշման պահանջներով


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

1,Նախագծի կարգավորման արդյունքները: Առաջարկվող նախագծերի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը

1) գործատուները իրավունք կստանան  աշխատողներին` արտադրության բնույթով կամ այլ գործոններով պայմանավորված  ներգրավելու  մեկ հանգստյան օրով` 6-օրյա աշխատանքային շաբաթից բաղկացած աշխատանքներում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված աշխատանքի պայմանների հիգիենիկ նորմատիվներում հիգիենիկ ռիսկերի գործոնների` աշխատանքային գործընթացի ծանրության եւ լարվածության չափանիշների, ինչպես նաեւ արտադրական միջավայրի վնասակարությունների (քիմիական, ֆիզիկական եւ կենսաբանական) սահմանային թույլատրելի խտությունները եւ սահմանային թույլատրելի մակարդակները, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին համահունչ, ի սկզբանե սահմանված են հնգօրյա աշխատանքային շաբաթի համար այն հաշվարկով, որ դրանք աշխատողի մոտ  աշխատանքային գործունեության ընթացքում չպետք է առաջացնեն հիվանդություններ, կամ առողջության վիճակի շեղումներ: 6-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելը մի շարք դեպքերում կարող է հանգեցնել աշխատողների աշխատունակության ժամանակավոր կամ կայուն իջեցման, առողջական վիճակի տարաբնույթ խաթարումների, իսկ հետագայում նաեւ մասնագիտական հիվանդությունների առաջացմանը աշխատողների առողջության` ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական լիակատար բարեկեցության վիճակի ոչ լիարժեք վերականգնման հետեւանքով: Վերջինս իր հերթին հետեւանք է հիմնականում աշխատանքային գործընթացի ռիսկի գործոն հանդիսացող` աշխատանքի լարվածության ցուցանիշի հետ, որն արտացոլում է ծանրաբեռնվածությունը առավելապես աշխատողի կենտրոնական նյարդային համակարգի (հատկապես բարձր զգայնության անձանց մոտ), զգայական օրգանների, հուզական դաշտի վրա:

2.Նախագծերը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները

Նախագիծն չընդունելու դեպքում բացառությամբ հանրակրթական հաստատությունների աշխատողների, աշխատանքային շաբաթվա ընթացքում 2-օրյա հանգստի տեւողությունը կպահպանվի, ինչը երաշխավորում է աշխատողի ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական  լրիվ վերականգնումը:

3.Աշխատաժամանակի սահմանման բնագավառում վարվող քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները

Աշխատաժամանակի սահմանման բնագավառում  ՀՀ առողջապահության նախարարությունն, ի դեմս նախարարի, օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակում  սահմանում է աշխատանքի  հիգիենիկ դաuակարգումն` ըuտ արտադրական միջավայրի վնաuակար եւ վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության եւ լարվածության ցուցանիշները: Վիճակագրական տվյալներ առկա չեն:

4.Նախագծի կիրարկման արդյունքում կանխատեսող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը

Օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

5.Նախագծի կարգավորման վերաբերյալ  (առաջարկություններ)

Ելնելով վերոգրյալից, նախագծի հոդված 142-րդ 2-րդ մասում  առաջարկվող փոփոխությունը  համարում ենք ոչ նպատակահարմար: Միաժամանակ նախագծի` ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալու հնարավորության  դեպքում առողջապահական համակարգի համար ավելի բարենպաստ կարգավորման  տարբերակ ընդունելու նպատակով առաջարկում ենք նախագծի հոդված 2-ով փոփոխվող հոդված 142-ի 2-րդ մասում լրացվող նախադասությունից հետո սահմանել, որ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթական աշխատաժամանակը չի կարող գերազանցել 40 ժամը:
 
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ` Հ.ՔՈՒՇԿՅԱՆ