ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Վահագն Մախսուդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:


I. «Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծով նախատեսվում է գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականության կիրառում: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ գյուղատնտեսության ոլորտում արդեն իսկ սահմանված են հետեւյալ հարկային արտոնությունները՝

1) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացված եւ այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

2) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հարկվող եկամուտը որոշելիս, գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ՝ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջինիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

3) հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղացիական տնտեսությունները հիմնականում փոքր եւ միջին տնտեսություններ են, հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` ավելացրած արժեքի հարկով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 մլն դրամը, տվյալ օրացուցային տարում ավելացված արժեքի հարկ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 մլն դրամը գերազանցելու պահից` 58,35 մլն դրամը գերազանցող մասի համար.

4) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածով եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, մաքսատուրքի
0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ցանկի համաձայն գյուղատնտեսության զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատված են մաքսատուրքից եւ ավելացված արժեքի հարկից: Նշված օրենքների դրույթների համաձայն ավելացված արժեքի հարկի եւ մաքսատուրքի վճարումից՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ ազատված է սերմացուների, հատիկաբույսերի եւ այլ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը: Ավելին, նշված օրենքով հաստատված ցանկը 2008 թվականի մայիսի 20-ի ՀՕ-42-Ն օրենքով համալրվել է նոր ապրանքատեսակներով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տոհմային կենդանիներին, որոնց՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծումն ազատվել է նաեւ ավելացված արժեքի հարկի վճարումից:

Ինչ վերաբերում է գյուղացիական տնտեսությունների ներդրումային գործընթացի խթանմանը, ապա հայտնում ենք, որ 2009 թվականի մարտի 19-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ (ՀՕ-65-Ն), նշված օրենքի 61–րդ հոդվածով նախատեսվել են ներդրումների խրախուսմանը նպաստող արտոնություններ, ինչի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում, 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում՝ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է հետաձգվել երեք տարի ժամկետով:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ է օրենքների նախագծերի փաթեթից հանել գյուղատնտեսության ոլորտին նոր հարկային եւ մաքսային արտոնությունների տրամադրում նախատեսող դրույթները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի ռազմավարական նշանակությունը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացման, սահմանամերձ գոտում բնակավայրերի ամրապնդման, երկրի պարենային անվտանգության եւ պարենային անկախության (ինքնաբավության) հարցերում, գտնում է, որ գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, ուղղությունները, ինչպես նաեւ սննդամթերքի (գյուղատնտեսական մթերքի եւ դրա վերամշակումից կամ մշակումից ստացված արտադրատեսակների) արտադրության, ներմուծման, արտահանման, շուկայահանման եւ այլ գործառնությունների ընթացքում ծագող իրավահարաբերությունների` օրենքով կարգավորումը եւ դրանց հիման վրա օրենսդրական ակտերի ընդունումն անհրաժեշտություն է:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը եւ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկը: Նշված որոշմամբ սահմանվում են առաջիկա 10 տարվա համար  գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որտեղ, սակայն, ներառված չէ «Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 10-րդ եւ 17-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում գնումային կամ ապրանքային միջամտությունների միջոցով գների կանոնակարգումը: Մյուս կողմից, դեմպինգային քաղաքականության որդեգրումն ագրարային ոլորտում, առանց տնտեսական արդյունավետության լուրջ գնահատման եւ ազատ գնագոյացման մեխանիզմների հետ գնումային կամ ապրանքային միջամտությունների առավելությունների համեմատական հիմնավորման, ընդունելի չէ:

3. Օրենքի նախագիծը պարունակում է դրույթներ գյուղատնտեսական կոոպերատիվի եւ գյուղատնտեսական ապրանքարտադրողների միությունների մասին: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն արդեն իսկ սահմանում է իրավաբանական անձանց բոլոր կազմակերպական-իրավական ձեւերը եւ հստակ կարգավորում դրանց ստեղծման, գործունեության հետ կապված եւ այլ հարաբերություններ, ներկայացված օրենքի նախագծով նորից այդ հարաբերությունները կարգավորելը գտնում ենք ոչ նպատակահարմար:

4. Ինչ վերաբերում է օրենքի նախագծի առանձին հոդվածներին, ապա՝

1) 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ գյուղատնտեսության զարգացման ոլորտի հարաբերությունների իրավական կարգավորում նախատեսված չէ:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածին.

2) 3-րդ հոդվածի`

ա. 1-ին մասով նախատեսվում է, որ գյուղատնտեսական ապրանքարտադրող են համարվում այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, որոնք արտադրում են գյուղատնտեսական ապրանքներ, իրականացնում դրանց նախնական կամ դրան հաջորդող վերամշակում եւ իրացնում այդ ապրանքները՝ այն պայմանով, որ գյուղատնտեսական ապրանքարտադրողների ընդհանուր եկամտում` արտադրված ապրանքի վաճառքից ստացված եկամտի մասնաբաժինը պետք է կազմի առնվազն հիսուն տոկոս՝ ամբողջ օրացուցային տարվա ընթացքում:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի նախագիծը տարածվելու է նաեւ քաղաքացիների վրա, իսկ քաղաքացիները ֆինանսական հաշվետվություն չեն ներկայացնում (այսինքն` հաշվապահական հաշվառում չեն վարում), պարզ չէ, թե ինչպես է որոշվելու քաղաքացիների արտադրած ապրանքի վաճառքից ստացված եկամտի մասնաբաժինը,

բ. 2-րդ մասի 1-ին կետում պարզ չէ, թե ինչ «Անձնական օժանդակ տնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մասին է խոսքը: Եթե խոսքը վերաբերում է  «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, ապա առաջարկում ենք համապատասխանաբար խմբագրել նշված կետը,

գ. 3-րդ մասի դրույթներն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով.

3) առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածները միավորել եւ ներկայացնել մեկ հոդվածով՝ որպես օրենքի հիմնական հասկացություններ` սահմանելով «գյուղատնտեսական արտադրություն», «գյուղատնտեսական արտադրության համար անբարենպաստ տարածքներ», «գյուղական զարգացում», «գյուղատնտեսական մթերքի մշակում», «արտահանման խրախուսում», «գյուղատնտեսական ապրանքարտադրողներ» հասկացությունները.

4) 5-րդ հոդվածը, ելնելով պետական ագրարային քաղաքականության նպատակների, սկզբունքների եւ ուղղությունների հստակ տարանջատման անհրաժեշտությունից, վերախմբագրման կարիք ունի.

5) 7-րդ հոդվածի`

ա. 1-ին մասով ներկայացված գյուղատնտեսության զարգացման ոլորտում պետական աջակցության 12 հիմնական ուղղություններից հետագա առանձին հոդվածներով անդրադարձ է կատարվել միայն 3 միջոցառումների (1-ին, 2-րդ եւ 9-րդ միջոցառումներ, համապատասխանաբար 14-րդ,   15-րդ եւ 16-րդ հոդվածներ),

բ. 2-րդ կետի երկրորդ պարբերությունում նշվել է, որ հաջորդ ֆինանսական տարում գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված գումարները պետական տարածքային կառավարման մարմիններին տրամադրվում են սուբսիդիաների տեսքով: Անհասկանալի է սուբսիդիաները պետական տարածքային կառավարման մարմիններին տրամադրելու հանգամանքը, քանի որ կան առանձին ծրագրեր (մասնավորապես, ցորենի եւ գարու սերմնաբուծության զարգացման ծրագիր, բույսերի պաշտպանության միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումներ եւ այլն), որոնք հանրապետության մասշտաբով իրականացվում են կենտրոնացված կարգով: Բացի դրանից, այսօր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը, որպես կանոն, իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա` համապատասխան պետական կառավարման մարմնի միջոցով: Ֆինանսավորման սկզբունքի փոփոխությունը, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող գումարների՝ ամբողջությամբ սուբսիդիաների տեսքով տրամադրումը գտնում ենք ոչ նպատակահարմար.

6) 8-րդ հոդվածով նախատեսվում է գյուղատնտեսության զարգացման եւ գյուղատնտեսական արտադրանքի, հումքի ու սննդամթերքի շուկայի կարգավորման պետական ծրագրի (այսուհետ` պետական ծրագիր) մշակումը յուրաքանչյուր հինգ օրացուցային տարվա համար, որում պետք է սահմանվեն գյուղատնտեսական զարգացման եւ գյուղատնտեսական շուկայի կարգավորման նպատակներն ու հիմնական ուղղությունները, միջնաժամկետ ժամանակահատվածում նախատեսված միջոցառումների իրականացման մեխանիզմները եւ գործունեության ֆինանսական ապահովումը: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 151-րդ հոդվածի համաձայն ՄԺԾԾ-ն ծրագրավորվում է 3 տարվա համար: Ընդ որում, օրենքի նախագծի 10-րդ հոդվածում (2-րդ եւ 3-րդ կետեր) նախատեսված պետական ծրագրում ըստ տարիների սահմանված ֆինանսավորման չափը նվազման առումով անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջարկությունն ընդունելի չէ, քանի որ ՄԺԾԾ-ի գործընթացի շրջանակներում եռամյա ծրագրերի ֆինանսավորման չափերը յուրաքանչյուր տարի, անհրաժեշտության դեպքում, կարող են ենթարկվել փոփոխման (նաեւ նվազման միտումով):

Միաժամանակ առաջարկում ենք 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ձեռնարկություններ» բառը, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ նման հասկացություն նախատեսված չէ.

7) 14-րդ հոդվածի 2-րդ կետում հստակեցման կարիք ունի այն, թե գյուղատնտեսական ապրանքարտադրողների վարկավորման պետական աջակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տարածքային կառավարման մարմիններին տրամադրվող սուբսիդիաներն ինչ նպատակի են ծառայելու` ծախսերի փոխհատուցմա՞նը, թե՞ տոկոսների վճարմանը.

8) 15-րդ հոդվածում անընդունելի է գյուղատնտեսական ապրանքարտադրողներին բյուջետային միջոցների հաշվին ապահովագրության պայմանագրով վճարված ապահովագրական վճարի առնվազն 50 տոկոսի չափով սուբսիդիաների տրամադրման նախատեսումը: Բացի դրանից, հակասություն կա օրենքի նախագծի 15-րդ եւ 7-րդ հոդվածների միջեւ: Մասնավորապես, օրենքի նախագծի 7-րդ հոդվածում արդեն իսկ բազմակողմանիորեն ներկայացվել են պետական աջակցության տարբեր ուղղությունները, որտեղ սուբսիդավորման մասին խոսք չկա.

9) 17-րդ հոդվածից պարզ չէ, թե ինչ պետական գնումային միջամտության եւ ապրանքային միջամտության մասին է խոսքը, եւ ինչ կարգով այն պետք է իրականացվի.

10) 20-րդ հոդվածի 4-րդ կետի 7-րդ ենթակետում պետական լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվող տեղեկատվության շարքում ներակայացվել է նաեւ պետական գնումային եւ ապրանքային միջամտությունների նպատակով պետական ներդրումային ֆոնդի տարեվերջյան վիճակի մասին տեղեկատվությունը, սակայն անհասկանալի է, թե ինչ է պետական ներդրումային ֆոնդը եւ ինչ միջոցների հաշվին է ձեւավորվում այն.

11) 21-րդ հոդվածի`

ա.1-ին մասի դրույթները չեն բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից,

բ. 2-րդ մասը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածով ամրագրված օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սկզբունքին, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածների պահանջներին:

5. Օրենքի նախագծում օգտագործվում են որոշ եզրույթներ, որոնք հստակեցման (փոփոխման) կարիք ունեն: Օրինակ, ցանկալի է «բազմամյա տնկիները», «հողի պտղաբերությունը», «էլիտար սերմնաբուծությանը» բառերը համապատասխանաբար փոխարինել «բազմամյա տնկարկները», «հողի բերրիությունը», «էլիտային սերմնաբուծությանը» բառերով:

6. Օրենքի նախագծում մեծ տեղ է հատկացված «գնումային միջամտությանը»՝ նկատի ունենալով սննդամթերքի շուկայում գների անհիմն աճի վրա պետության ներգործությունը: Սակայն նշենք, որ ինտերվենցիոն (կարգավորիչ) միջամտության համար անհրաժեշտ է ունենալ նյութական (ֆինանսական) համապատասխան պահուստներ, ինչը ներկայիս դրությամբ այնքան էլ իրատեսական չէ:



II. «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածն արդեն իսկ ամրագրում է քաղաքացու` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար տնտեսական ընկերություններ ստեղծելու կամ դրանց մասնակիցը լինելու իրավունքը: Մասնավորապես, քաղաքացին՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու պահից իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ:

Նույնը վերաբերում է նաեւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կարգավորվում են նաեւ բոլոր պայմանագրային հարաբերությունները:

2. Օրենքի նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի կարգավորման առարկան հանդիսացող հարաբերություններ (ֆերմերային տնտեսություն ստեղծելու նպատակով գյուղատնտեսական նշանակության հողերից հողամասերի տրամադրում եւ ձեռքբերում):

3. 1-ին հոդվածի 4-րդ մասի եւ ամբողջ տեքստի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ոչ թե «կոմերցիոն», այլ «առեւտրային կազմակերպություններ» հասկացությունը:

4. 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը չի բխում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 24-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանվում են քաղաքացու գործունակությունը ծագելու տարիքի հետ կապված հարաբերությունները:

5. 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված «ֆերմերային տնտեսության կազմից անդամներից մեկի դուրս գալու դեպքում տնտեսության հողամասերը եւ արտադրության միջոցները բաժանման ենթակա չեն», իսկ երկրորդ մասով` «ֆերմերային տնտեսության կազմից դուրս եկած անձն իրավունք ունի ստանալու դրամական փոխհատուցում» դրույթները պարզաբանման եւ հստակեցման կարիք ունեն:

6. 12-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ հայտնում ենք, որ պետական իշխանության գործադիր մարմինը չի կարող ցուցում տալ տեղական ինքնակառավարման մարմնին:

7. 14-րդ հոդվածի 1-ին մասում հղում է կատարվում 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին, սակայն 3-րդ հոդվածի 2-րդ մասով կարգ չի սահմանվում:

8. 19-րդ հոդվածի 3-րդ մասում թվարկված բեռների մեջ կարող է ներառվել ցանկացած տեսակի բեռ:

9. 23-րդ հոդվածով նախատեսված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:


III. «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանվում է, որ մասնավոր օժանդակ տնտեսությունը գյուղատնտեսական ապրանքի արտադրության եւ վերամշակման ձեռնարկատիրական չհամարվող գործունեություն է, սակայն, ըստ էության, այն փաստացի ձեռնարկատիրական է:

Օրենքների նախագծերի փաթեթը ենթադրում է պետական աջակցության ձեւերի եւ ծավալների ընդլայնում, մինչդեռ համապատասխան միջոցների բացակայության դեպքում՝ օրենքի նախագծով նախատեսված միջոցառումները կարող են մնալ առանց ֆինանսավորման:

Ներկայացված օրենքների նախագծերի դրույթները փոխառված են Ռուսաստանի Դաշնության օրենսդրության դրույթներից` հաշվի չառնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության առանձնահատկությունները, մասնավորապես, հողի` որպես գյուղատնտեսական ռեսուրսի խիստ սահմանափակ լինելը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, օրենքների նախագծերի փաթեթի հեղինակներին առաջարկում ենք համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ օրենքների նախագծերի կարգավորման առարկայի եւ իրավահարաբերությունների շրջանակի ճշգրտման գործում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել քննարկումներ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության եւ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների համատեքստում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը:

Ներկայացնում ենք օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ընդունումից հետո դրանց կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

«Գյուղատնտեսության զարգացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի `

3-րդ հոդվածի 1-ին մաս` ՀՀ կառավարության որոշում, 3 ամիս,

7-րդ հոդվածի 3-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, 6 ամիս,

8-րդ հոդվածի 3-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, 5 ամիս,

9-րդ հոդվածի 3-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման (կազմը հաստատելու մասին), 4 ամիս,

14-րդ հոդվածի 3-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, 4 ամիս,

15-րդ հոդվածի 4-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, 8 ամիս,

17-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասեր` ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման (5-րդ մասի կատարման կապակցությամբ), մինչեւ 7 ամիս,

20-րդ հոդվածի 1-ին մաս` ՀՀ կառավարության որոշում, 7 ամիս,

«Գյուղատնտեսական (ֆերմերային) տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

4-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետ` ՀՀ կառավարության որոշում, 5 ամիս,

«Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի`

4-րդ հոդվածի 4-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, 5 ամիս,

8-րդ հոդվածի 2-րդ մաս` ՀՀ կառավարության որոշում, 5 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:   
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱԺ պատգամավորներ Ս.Բալասանյանի եւ Վ. Մախսուդյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի  բնապահպանության բնագավառում  կարգավորման

ԱԺ պատգամավորներ Ս.Բալասանյանի եւ Վ. Մախսուդյանի կողմից ներկայացված`

1.«Գյուղատնտեսության զարգացման մասին» , ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, բուuական եւ կենդանական աշխարհի վրա  կարող են առաջանալ բացասական հետեւանքներ.

1) Հոդված 9-ով նախատեսվող ծրագրերը եւ ենթածրագրերն ենթակա են բնապահպանական փորձաքննության» համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության  մասին» ՀՀ օրենքի:

2) Հոդված 16-ով նախատեսվող «հողի հարստացման եւ բերքատվության բարձրացման համար խթանող միջոցների, պարարտանյութերի, թունաքիմիկատների» առանց դրանց համար սահմանված սահմանափակումների  օգտագործումը կհանգեցնի`

ա. Հողերի քիմիական աղտոտվածության,

բ. Մթնոլորտի աղտոտվածության,

գ.. Ջրային ռեսուրսների աղտոտվածության,

դ. Հողի վարման  ժամանակ կարող են հանդիպել կենդանիների եւ բույսերի կարմիր գրքում գրանցված ներկայացուցիչներ:

2) Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3)  Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը առկա է, սակայն չի ներկայացվում եզրակացություն տրամադրելու ժամկետի սահմանափակության եւ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

4) Օրենքի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքների գնահատման ժամանակացույցը`

1) նախնական գնահատում` օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարի,

2) վերջնական գնահատում` օրենքն ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երրրորդ տարի:

2. «Գյուղացիական տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

1) Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2) Օրենքների  նախագիծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

3)  Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում ինչպես նաեւ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում, ինչպես նաեւ մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում դրա կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում, ինչպես նաեւ մրցակցության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

ա) Ներկայացված օրենքների նախագծերի դրույթների մեծ մասը արդեն իսկ ընդգրկված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, որով էլ հստակ կարգավորվում է վերոնշյալ դրույթներով պայմանավորված իրավահարաբերությունների շրջանակը:

բ) Օրենքների նախագծերով ներկայացված դրույթները հիմնականում ծրագրային են եւ նախանշում են գյուղատնտեսության զարգացման ոլորտում պետական սոցիալ տնտեսական քաղաքականության իրականացման հիմքերը, որոնք ինքնին գնահատման ենթակա կարգավորում չեն պարունակում: Դրանց ընդունման դեպքում միայն կարող է կարգավորող ակտերի ընդունման անհրաժեշտություն առաջանալ, ինչն էլ իր հերթին հիմք կհանդիսանա ազդեցության գնահատում իրականացնելու համար:

Այսպիսով վերոնշյալ օրենքների նախագծերով ազդեցություն չի կարող առաջանալ

1. ապրանքային շուկայի վրա

2. տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա

3. գործարար միջավայրի բարելավման վրա

4. փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ինդեքսի վրա



ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Բալասանյանի եւ Վահագն Մախսուդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատական

Նախագծերի փաթեթում նախատեսվել են գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հիմնական ուղղությունները: Մասնավորապես «Գյուղատնտեսության զարգացման մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հոդվածում ներկայացվել են պետական աջակցության թվով 12 ուղղություններ, իսկ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հոդվածում` թվով 4 ուղղություններ:

Հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 04.11.2010թ. թիվ 1476-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկում  (այսուհետ` Ցանկ) նախատեսվել են թվով 47 միջոցառումներ, որոնցից 11-ը ենթադրում են Նախագծերի փաթեթով նախատեսված  պետական աջակցության ուղղությունները: Ընդ որում Ցանկում նշված 11 միջոցառումների գծով ֆինանսավորման տարբեր աղբյուրներից (այդ թվում ՀՀ պետական բյուջեից) պահանջվող ֆինանսավորման տարեկան մոտավոր գնահատականը կազմում է 18270 մլն դրամ` առանց տարանջատելու պետական բյուջեից եւ այլ աղբյուրներից ֆինանսավորման չափերը (տեղեկանքը կցվում է):

Միաժամանակ, ՀՀ գյուղատնտեսության ոլորտի գծով (առանց կառավարման ապարատի եւ վարկային ծրագրերի գծով ծախսերի) ՀՀ 2011թ. պետական բյուջեում նախատեսվել են 3467.2 մլն դրամ ֆինանսական միջոցներ: 

Եզրակացություն

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» եւ « Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի /այսուհետ` նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

1.«Գյուղատնտեսության զարգացման մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1) Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:

2. «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1) Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:

3.«Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծ

1) Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական /ֆերմերային/ տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական /ֆերմերային/ տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 
  

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1104-Ն որոշման պահանջներով

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորներ` Ս. Բալասանյանի եւ Վ. Մախսուդյանի կողմից ներկայացված «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդուման դեպքում

«Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական տնտեսությունների մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

Տեղեկանք

Գյուղատնտեսության զարգացման պետական աջակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ