ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան



Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանի, Լիլիթ Գալստյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Բագրատ Սարգսյանի, Ռուզաննա Առաքելյանի եւ Արա Նռանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

Ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում անխուսափելիորեն առաջացնելու է լարվածություն` ծախսերի կտրուկ ավելացման եւ եկամուտների կրճատման տեսանկյունից (ստորեւ ներկայացված են թվային տվյալները), որի արդյունքում աճելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդը եւ պարտքը` հանգեցնելով ֆիսկալ անկայունության, իսկ լրացուցիչ պակասուրդը ներկայիս գնաճային միջավայրի պայմաններում նշանակելու է պահանջարկի էական խթանում եւ լրացուցիչ գնաճի ստեղծում1 , որի արդյունքում սպասվող արդյունավետությունը, այն է՝ նվազագույն աշխատավարձ ստացող անձանց գնողունակության բարձրացումը, բարձր գնաճի միջոցով միջին ժամկետում չեզոքանալու է:

Այսպես, եթե հիմք ընդունենք օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող՝ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրության ծառայության կողմից պաշտոնապես հրապարակված 2010 թվականի առաջին եռամսյակի նվազագույն սպառողական զամբյուղի եւ միջին ամսական  աշխատավարձերի մեծությունները, ապա նվազագույն աշխատավարձի շեմի հաշվարկման երկու մոտեցման դեպքում էլ նվազագույն աշխատավարձը 2011 թվականի համար պետք է սահմանվեր 40234 դրամ` առաջին դեպքում, եւ 51356 դրամ` երկրորդ դեպքում: Հաշվի առնելով բյուջետային համակարգում նշված մեծություններից ցածր ստացող անձանց թիվը եւ պահպանելով աշխատավարձերի տարբեր մակարդակների բաշխվածությունն ըստ աշխատատեղերի եւ պաշտոնների,   օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում կառաջանա լրացուցիչ 62.9 մլրդ դրամի պահանջ` նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկով առաջնորդվելու դեպքում, եւ 153.4 մլրդ դրամ` միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի դեպքում: Ընդ որում, եկամտահարկի եւ սոցիալական ապահովության վճարների գծով եւս, հաշվի առնելով տնտեսությունում աշխատավարձերի բաշխվածությունն ըստ դեցիլային միջակայքերի, առաջ են գալու կորուստներ` համապատասխանաբար 2.5 եւ 6.0 մլրդ դրամի չափով: Դա նշանակում է 2011 թվականի համար ծրագրված պակասուրդի աճ՝ 44 տոկոսով` առաջին դեպքում, եւ կրկնակի աճ` երկրորդ դեպքում:  Արդյունքում ունենալու ենք պահանջարկի աճով պայմանավորված գների լրացուցիչ զգալի աճ, մասնավորապես, գնաճի վրա ազդեցության տեսանկյունից`

1) ուղղակի ազդեցությունը. նշված երկու դեպքում էլ լրացուցիչ պակասուրդը նշանակում է լրացուցիչ լիկվիդայնության ներարկում տնտեսության մեջ եւ ամբողջական պահանջարկում, ներկայիս գնաճային միջավայրի պայմաններում լրացուցիչ գնաճային պոտենցիալի ստեղծում: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի 44 տոկոս աճի պայմաններում հարկաբյուջետային քաղաքականությունը լրացուցիչ կընդլայնվի 1.7 տոկոսային կետով, իսկ երկրորդ դեպքում` 4.2 տոկոսային կետով (հաշվարկված ըստ հարկաբյուջետային ազդակի ցուցանիշի1 ): Վերջիններիս ուղղակի ազդեցությունը գնաճի վրա (առանց հաշվի առնելու փոխանցման այլ մեխանիզմները, oրինակ, փոխարժեքի արժեզրկումը) գնահատվում է համապատասխանաբար 0.4 եւ 1.05 տոկոսային կետ.

2) ազդեցությունն ըստ միավոր աշխատուժի ծախսի. քանի որ առաջարկվող փոփոխությունները ենթադրում են աշխատավարձերի միանգամից բարձրացում,  հանգեցնելու են պետական հատվածում միավոր աշխատուժի ծախսի աճի` համապատասխանաբար 39.1 տոկոս եւ 95.1 տոկոս: Վերջինս ստեղծելու է տնտեսությունում լրացուցիչ գնաճային պոտենցիալ` համապատասխանաբար 0.4 եւ 1.0 տոկոսային կետերով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տնտեսության մեջ աշխատավարձերի ընդհանուր մակարդակներն առնվազն 50 տոկոսով արձագանքելու են պետական հատվածի աշխատավարձերի մակարդակների բարձրացմանը, ապա միայն միավոր աշխատուժի ծախսերի (Unit Labour Cost) ազդեցությունը`

տնտեսության մակարդակով գնաճի վրա լինելու է նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկի դեպքում` 1.2 տոկոսային կետ, եւ միջին ամսական աշխատավարձերի 50 տոկոսի մեծության դեպքում` 3.1 տոկոսային կետ.

3) ազդեցությունն արտաքին հաշվեկշռվածության խախտման եւ փոխարժեքի արժեզրկման դեպքում. 2010 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի 2.6 տոկոսային կետով նվազումը հնարավորություն ընձեռեց ընթացիկ հաշվի պակասուրդը ՀՆԱ-ի 16.0 տոկոսից իջեցնելու մոտավորապես 2.0 տոկոսային կետով: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ լրացուցիչ ֆիսկալ պակասուրդը նշանակում է ընթացիկ հաշվի խորացում, հետեւաբար, փոխարժեքի արժեզրկման ավելի բարձր տեմպեր (այսինքն՝ կխաթարվի ֆիսկալ կոնսոլիդացիայի միջոցով ընթացիկ հաշվի պակասուրդի նվազման քաղաքականության ուղղությունը, եւ ընթացիկ հաշվի պակասուրդը նորից կսկսի խորանալ), ապա 2011 թվականի հարկաբյուջետային հատվածի պակասուրդների՝ ՀՆԱ-ներում 1.4 տոկոսային կետով եւ 3.9 տոկոսային կետով լրացուցիչ խորացումները նշանակում են ընթացիկ հաշվի պակասուրդների լրացուցիչ 1.13 եւ 3.15 տոկոսային կետերով խորացումներ1 : Արդյունքում, ընթացիկ հաշվի պակասուրդի վատթարացմանը զուգահեռ, որպեսզի ապահովվի ներքին եւ արտաքին հաշվեկշռվածությունը, փոխարժեքն արժեզրկվելու է, եւ փոխարժեքի փոխանցման մեխանիզմի միջոցով ստեղծվելու է լրացուցիչ գնաճային պոտենցիալ, որը գնահատվում է նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկով աշխատավարձերի աճի դեպքում՝ լրացուցիչ 1.5 տոկոսային կետ եւ տնտեսության միջին աշխատավարձի 50 տոկոսի հաշվարկի դեպքում՝ 3.2 տոկոսային կետ:

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3 կետերի տրամաբանությունն այնպես է կառուցված, որ պետք է կիրառվի սահմանափակումներից առավելագույնը: Ուստի, օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում՝ առաջին տարում աշխատավարձերը պետք է ճշգրտվեն` հիմք ընդունելով տնտեսության նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի սահմանաչափը, իսկ հետագա տարիներին պետք է ճշգրտել գնաճով:

Ուստի, ամփոփելով շարադրվածը, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների ընդունման դեպքում առաջանալու է լրացուցիչ զգալի գնաճային պոտենցիալ, որը գնահատվում է մոտավորապես 5.0 տոկոս (առանց հաշվի առնելու հետագա տարիների համար գնաճի պարույրի արդյունավետությունը), իսկ եթե հաշվի առնենք նաեւ մասնավոր հատվածի աշխատավարձերի որոշակի արձագանքը, ապա լրացուցիչ գնաճը գնահատվում է 8.3 տոկոս1 :

Միջազգային պրակտիկայում հայտնի են որոշ նմանատիպ ձախողված փորձեր, երբ ոչ տնտեսական գործոններով պայմանավորված աշխատավարձերի բարձրացմանը հաջորդել է գների զգալի աճը: Այնուհետեւ աշխատավարձի իրական գնողունակությունը պահպանելու համար համընդհանուր տնտեսությունում դիտվել է աշխատավարձերի նորից բարձրացում, ինչը հանգեցրել է միավոր աշխատուժի ծախսերի ավելացման եւ նորից ստեղծել բարձր գնաճ: Բարձր գնաճին նորից արձագանքել է աշխատավարձերի ճշգրտումը, եւ նշված շղթայով տնտեսությունը նորից հայտնվել է քրոնիկ բարձր գնաճային գոտում եւ շոկային իրավիճակներում: Այսպես, Թուրքիայում միավոր աշխատուժի ծախսերը 1993 թվականին  1989 թվականի համեմատ աճել են 29 անգամ, դրանով պայմանավորված՝ գրանցվել է բարձր գնաճ` շուրջ 469 տոկոս (2000 թ.=100), կամ 1993 թվականի նկատմամբ` 12 անգամ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարությունում մշակվում է աշխատավարձերի հաշվարկման նոր հայեցակարգ, որը կքննարկվի 2011-2014 թվականների ՄԺԾԾ-ի շրջանակներում: Հայեցակարգում հաշվի են առնվելու մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման արդիական մոտեցումները, այն է` աշխատավարձերի սահմանման համակարգը պետք է հիմնված լինի յուրաքանչյուր առանձին աշխատողի կատարած աշխատանքի արդյունքի եւ արդյունավետության վրա: Մյուս կողմից, յուրաքանչյուր աշխատողի աշխատանքի արդյունքն ամբողջությամբ պետք է օգտագործվի կամ հասարակության, կամ այլ պետական ծառայողի կողմից՝ որպես մուտքային արդյունք: Այս ամբողջ համակարգը հենված կլինի մարմինների միջեւ եւ մարմինների ներսում գործառույթների ճիշտ տարանջատման վրա, ինչպես նաեւ կանդրադառնա աշխատանքի վարձատրության սխեմաների վրա` վարձատրությունը կապելով անհատի, բաժնի, վարչության եւ գերատեսչության կատարած աշխատանքների արդյունքների եւ աշխատանքի բարդության հետ: Այսպիսով, եթե հանրային հատվածի աշխատավարձերի կտրուկ բարձրացում տեղի ունենա՝ առանց նշված գործընթացն ապահովելու, որն ապահովելու է աշխատանքի արտադրողականության աճի համար խթաններ, գնաճային դրսեւորումներն անխուսափելի են:

Օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում հստակ չէ, թե ո՞ր ցուցանիշին է վերաբերում «սպառողական նվազագույն զամբյուղի դրամական արժեքը»՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից մշակված սննդամթերքի կազմով, կառուցվածքով եւ էներգետիկայով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հաշվարկված ցուցանիշի՞ն, թե՞ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ՝ 2009 թվականին Հայաստանի Հանրապետության  ազգային վիճակագրական ծառայության կողմից 7872 տնային տնտեսություններում իրականացված տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա փաստացի ձեւավորված սպառողական զամբյուղին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

 Հարգանքով` ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ (եկամուտների մասով)

«Նվազագույն ամսական աշխատավարձի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ամսական նվազագույն աշխատավարձի մեծությունը սահմանել նոր սկզբունքով` հիմք ընդունելով նախորդ տարվա գնաճի մակարդակը, կենսապահովման նվազագույն բյուջեի չափը (կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը սահմանված չլինելու դեպքում` սպառողական նվազագույն զամբյուղի դրամական արժեքը), ինչպես նաեւ միջին ամսական աշխատավարձի մեծությունը:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածով սահմանված անձնական նվազեցման չափն ուղղակիորեն կապել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափի հետ:

1)  Ներկայումս «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի համաձայն համախառն եկամուտը նվազեցվում է եկամուտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամի չափով, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետությունում գործող նվազագույն ամսական աշխատավարձի չափին:

Հետեւաբար, նախագծերով առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի աճը կհանգեցնի հարկվող եկամտի նվազման, ինչը նշանակում է, որ նախագծերի ընդունման դեպքում կնվազեն պետական բյուջե հավաքագրվող եկամտահարկի գումարները:

2) Միաժամանակ, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ են հանդիսանում`

1. գործատուի կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները եւ դրանց հավասարեցված եկամուտները,

2. վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրանց հավասարեցված եկամուտները:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերության «ա» ենթակետի համաձայն, եկամուտ են համարվում աշխատանքի վարձատրությունը եւ դրան հավասարեցված այլ վճարումներ:

Այսինքն, նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակի աճը կհանգեցնի հանրապետությունում գործող միջին աշխատավարձի մակարդակի աճի, որն էլ իր հերթին կհանգեցնի եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պետական բյուջե հավաքագրվող եկամուտների աճի:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, գտնում ենք, որ նախագծերի ընդունումը կարող է որոշակիորեն ավելացնել կամ նվազեցնել պետական բյուջեի եկամուտները  (եկամուտների  ավելացման կամ նվազման կոնկրետ չափը հնարավոր չէ որոշել, քանի որ  դրա համար անհրաժեշտ է ունենալ աշխատավարձերի չափերի բաշխվածությունը եւ տվյալ չափի աշխատավարձ ստացողների թվաքանակը):
 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունման դեպքում

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունումը նպատակահարմար է ՀՀ պետական բյուջեի բավարար միջոցների առկայության եւ առողջապահության ոլորտի լրացուցիչ հատկացումների առկայության դեպքում: Հակառակ պարագայում առողջապահական հիմնարկները կհայտնվեն ծանր ֆինանսական կացության մեջ:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»

եւ ««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:
 

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին  եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 
 

Սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Արդյունքում Նախագծերը`

ա) սոցիալական պաշտպանության ոլորտի վրա ունեն դրական ազդեցություն,

բ) ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից ունեն դրական ազդեցություն եւ ենթակա չեն լրամշակման,

գ) բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունեն բարենպաuտ ազդեցություն եւ ենթակա չեն լրամշակման:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ Նախագծերի ընդունման դեպքում, դրանց կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում նախատեսվում է բացասական ազդեցություն` պայմանավորված նրանով, որ նվազագույն ամսական աշխատավարձի մեծության շեմի փոփոխությունը կարող է դիտվել որպես աշխատավարձի ընդհանուր ֆոնդի ավելացում, ինչն ըստ էության լրացուցիչ ծախսեր է ենթադրում գործատուների համար:
 

Նախնական գնահատման տվյալներով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով գործարար միջավայրի վրա ենթադրվում է վարչական ծախսերի ավելացում: Լրացուցիչ վարչական ծախսերի հաշվարկման համար օգտագործվել է վարչական բեռի գնահատման եւ նվազեցման «Ստանդարտ ծախսերի մոդել» գործիքը, որով կատարված հաշվարկներով 2009թ. մասնավոր հատվածում 35000 ՀՀ դրամ նվազագույն աշխատավարձով զբաղված 15000 մարդկանց պարագայում տարեկան կտրվածքով նախատեսվում է 3317,5 մլն ՀՀ դրամի լրացուցիչ ծախս` պայմանավորված վարձատրության համար ուղղվելիք լրացուցիչ ֆինանսական միջոցներով: Կից ներկայացվում է կատարված հաշվարկների վերաբերյալ տեղեկանք:
 
 

Տեղեկանք
Միջին ամսական աշխատավարձի վարչական բեռի հաշվարկի վերաբերյալ


 
Հ/Հ Հաշվարկի ցուցանիշը 2009թ.
ա Միջին ամսական աշխատավարձ, ՀՀ դրամ 102054
բ Միջին ամսական աշխատավարձի 50 %, ՀՀ դրամ 51027
գ Պարտադիր սոց. ապահովության  վճար միջին ամսական աշխատավարձի 50 %-ի պարագայում` 1 /մեկ/ աշխատակցի կտրվածքով, ՀՀ դրամ 11654
դ Ամսական նվազագույն աշխատավարձ մասնավոր հատվածում, ՀՀ դրամ 35000
ե Պարտադիր սոց. ապահովության վճար ամսական գործող նվազագույն աշխատավարձից` 1 /մեկ/ աշխատակցի կտրվածքով , ՀՀ դրամ 9250
զ Գնաճի տեմպը % 4,60
է Գնաճի արդյունքներով վերահաշվարկված նվազագույն աշխատավարձ մասնավոր հատվածում, ՀՀ դրամ (դ/1+զ) 33460
ը Հնարավոր վարչական բեռ 1 /մեկ/ աշխատակցի կտրվածքով, ՀՀ դրամ  (բ - դ) 16027
թ Մասնավոր հատվածում ամսական նվազագույն աշխատավարձով զբաղված բնակչություն, մարդ 15000
ժ Ընդհանուր վարչական բեռ աշխատավարձի ֆոնդի բարձրացման դեպքում, ՀՀ դրամ/ամիս  (ը*թ)  240,405,000
ի Ընդհանուր վարչական բեռ սոց. վճարների ավելացման դեպքում, ՀՀ դրամ/ամիս   (գ-ե)*թ 36,060,750
  ԸՆԴԱՄԵՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԲԵՌ ԱՄՍԱԿԱՆ ԿՏՐՎԱԾՔՈՎ, ՀՀ ԴՐԱՄ (ժ+ի) 276,465,750

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման նախնական աշխատանքները արձանագրել են, որ աշխատավարձի ամսական նվազագույն չափը գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշխատավարձից, ինչպես նաեւ միջին ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից պակաս չլինելու պահանջի դեպքում նախատեսվում են հետեւյալ լրացուցիչ ծախսերը` ամսական կտրվածքով.

ա) 240,4 մլն ՀՀ դրամ աշխատավարձի մասով,

բ) 36,6 մլն ՀՀ դրամ պարտադիր սոց. ապահովության վճարների մասով:
 
 
 

[1] Ընդունված կանոն է, որ աշխատավարձերի ադմինիստրատիվ աճն առանց աշխատուժի արտադրողականության աճի անմիջապես ստեղծում է գնաճ, որովհետեւ պահանջարկը (մարդկանց եկամուտները) ավելի արագ տեմպերով է սկսում աճել, քան` առաջարկը (ստեղծված արդյունքը):

[1] Համեմատությունը կատարված է «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ցուցանիշների համեմատ: Գնահատված շղթան հետեւյալն է՝ ծախսերի աճ-հարկաբյուջետային ընդլայնվող ազդեցություն-պահանջարկի լրացուցիչ աճ- լրացուցիչ գնաճ:

[1] Այսինքն` ըստ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիմքում դրվում է այն, որ, նախորդ տարվա հետ համեմատած, հարկաբյուջետային հատվածի պակասուրդը ՀՆԱ-ում կնվազի մոտավորապես 1.1 տոկոսային կետով, ինչը հանգեցնելու է ընթացիկ հաշվի պակասուրդի նվազման՝ մոտավորապես 1.0 տոկոսային կետով եւ աստիճանաբար թուլացնելու է փոխարժեքի արժեզրկման ճնշումները, ապա  օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում, եթե դիտվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի պակասուրդի աճ, այն հանգեցնելու է հակառակ արդյունքի` 2010 թվականի հետ համեմատած՝ ընթացիկ հաշվի պակասուրդի խորացման:

[1] Այսինքն, եթե, օրինակ, 2011 թվականին ծրագրվում է գնաճն իջեցնել 6.0 տոկոսի սահմաններում, ապա նշված օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում 6.0 տոկոսի փոխարեն կունենանք առնվազն 14.3 տոկոս, որն անթույլատրելի բարձր է մեր տնտեսության համար: