ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Հեղինե Բիշարյանի, Իշխան Խաչատրյանի եւ Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Առաջարկում ենք օրենքի նախագծի երկրորդ հոդվածի «ա» կետի «տեղեկատվություն պարենային հումքի (կաթի)» արտահայտությունից հանել «(կաթի)»  բառը, քանի որ կաթնամթերքի համար պարենային հումք կարող է լինել ոչ միայն կաթը, այլ նաեւ կաթի մշակումից ստացված արտադրատեսակները (չորացրած, խտացրած եւ այլն):

Միաժամանակ հայտնում ենք, որ կաթի եւ կաթնամթերքի սպառողական տարայի վրա պարենային հումքի մշակված լինելու եւ այդ հումքի տեսականու (չոր կաթ, անարատ կաթ) մասին տեղեկատվության զետեղման պահանջն արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի 38-րդ կետի «ը» ենթակետում:

Նույն հոդվածի «բ» կետից առաջարկում ենք հանել «, իսկ դասիչների բացակայության դեպքում` նկարագրությունը, որը բավարար կլինի նման այլ հավելումներից դրանք տարբերելու համար» բառերը, քանի որ համաձայն կոդավորման միջազգային թվային համակարգի` յուրաքանչյուր սննդային հավելում պարտադիր ունի իր դասիչը:

Իրավական տեխնիկայի առումով առաջարկում ենք`

1. Նախագծի առաջին հոդվածում «ՀՕ-193» թիվը փոխարինել «ՀՕ-193-Ն» թվով, ինչպես նաեւ «պարբերությամբ» բառից հետո լրացնել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը:

2. Օրենքի նախագծի հոդվածների մասերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

Ելնելով շարադրվածից` հայտնում ենք, որ օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի կլինի ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Հայտնում ենք նաեւ, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականները:
 
 
 

 Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

                                                                                

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն: Օրենքի նախագծով առաջարկվում է գնորդին մատուցել ամբողջական տեղեկատվություն սննդային հավելումների մասին:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ


«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`
Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են կաթի եւ կաթնամթերքի շուկաների հետ:
Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում  առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծի ընդունմամբ առաջանում է միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակման խնդիր` հաշվի առնելով, որ կարգավորվող շրջանակները ազդում են մատակարարվող ապրանքների հատկանիշների վրա` սահմանելով որակական նոր շեմ: Սակայն հետագա ուսումնասիրությունները վկայում են, որ վերջինիս ազդեցությունը կաթի եւ կաթնամթերքի շուկայում մրցակցության միջավայրի վրա զգալի չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանում:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Եզրակացություն

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սննդամթերքի անվտանգության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

1. Նախագծերի կարգավորման արդյունքները

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում կարգավորման արդյունքները կլինեն հետեւյալը` ՀՀ օրենքի նախագծի ընդունումը հանրային առողջության վրա կունենա դրական ազդեցություն, քանի որ կբարձրանա սպառողների իրազեկվածության մակարդակը սննդամթերքի անվտանգության վերաբերյալ,  կկանխվի անորակ եւ վտանգավոր սննդամթերքի օգտագործումը բնակչության կողմից, արդյունքում կնվազեն սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացման դեպքերը:


2. Նախագիծը չընդունելու դեպքում առողջապահության բնագավառի վրա ազդեցության գնահատման արդյունքները

Նախագիծը չընդունելու դեպքում սննդամթերքի անվտանգության վերաբերյալ սպառողների իրազեկվածության ցածր մակարդակի հետեւանքով չեն բացառվի անորակ եւ վտանգավոր սննդամթերքի օգտագործումը, որն էլ կարող է պատճառ հանդիսանալ սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների եւ սննդային թունավորումների առաջացմանը:


3. Առողջապահության համապատասխան բնագավառի քաղաքականության, ինչպես նաեւ համեմատական վիճակագրական տվյալները

Համեմատական վիճակագրական տվյալներ կարգավորվող հարաբերությունների վերաբերյալ առկա չեն:


4. Նախագծերի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքները գնահատելու ժամանակացույցը

Օրենքն ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո:

5. Նախագծերի կարգավորման վերաբերյալ առաջարկվող տարբերակ (առաջարկություններ)

Նախագծերի այլ տարբերակ չի առաջարկվում: