ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ:

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում ենք ոչ թե ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը, այլ հիշյալ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 119. Խոշտանգումը

1. Խոշտանգումը` ցանկացած այնպիսի արարք, որով հանրային ծառայողը կամ նրա հրամանով, կարգադրությամբ կամ հանձնարարությամբ հանդես եկող անձը` կապված իրենց լիազորությունների իրականացման հետ, դիտավորյալ կերպով անձին պատճառում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք` նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն ստանալու, կամ նրա կամ երրորդ անձի կողմից կատարված արարքի կամ դրա կատարման մեջ կասկածվելու համար նրան պատժելու, կամ նրան կամ երրորդ անձին ահաբեկելու կամ որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով,

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.

2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ.

3) անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ.

4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ.

5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից.

6) առանձին դաժանությամբ.

7) անզգուշությամբ տուժողի մահ առաջացնելով`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հիշյալ փոփոխությամբ օրենսգրքի 119-րդ հոդվածով խոշտանգմանը տրված է այնպիսի բնորոշում, որը միաժամանակ համապատասխանում է ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին եւ համահունչ է օրենսգրքի իրավակիրառական լուծումներին եւ ընտրված հասկացություններին: Այսինքն, նախապատվությունը տրվել է ոչ թե կոնվենցիայում ամրագրված, այլ` դրանց ճշգրիտ համարժեքը կազմող իրավական հասկացություններին, ինչն ապահովում է առավել կանխատեսելի եւ որոշակի իրավակիրառ պրակտիկա եւ համապատասխանում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այն պահանջներին, ըստ որոնց միեւնույն իմաստն ունեցող հասկացությունները պետք է ամրագրվեն միեւնույն տերմիններով:

Սանկցիաներն ընտրված են այնպես, որպեսզի ապահովվի ներքին համամասնություն, համահունչ լինի կոնվենցիայի պահանջներին եւ միջազգային փորձին:

Բացի դրանից` 119-րդ հոդվածն ամբողջովին ներկայացվել է նոր խմբագրությամբ  այն նկատառումով, որ, թեպետ հանցակազմի սուբյեկտը հատուկ է` հանրային ծառայող, սակայն արարքի հիմնական օբյեկտն անձի կյանքն ու առողջությունն է, պատիվն ու արժանապատվությունը, որոնք գերակայում են քրեական օրենսդրությամբ պաշտպանվող մյուս շահերին:

2. Բացի դրանից առաջարկում ենք ոչ թե փոփոխություններ կատարել հիշյալ օրենսգրքի 341-րդ հոդվածում, այլ 341-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 341. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը

1. Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի կողմից սպառնալիքով կամ այլ ապoրինի գործողություններով` վկային, կասկածյալին, մեղադրյալին, ամբաuտանյալին կամ տուժողին ցուցմունք կամ փորձագետին կեղծ եզրակացություն տալուն, ինչպես նաեւ թարգմանչին սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը`

պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիu ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց պատիվը եւ արժանապատվությունը նսեմացնելով, խոշտանգմամբ կամ այլ բռնությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»։

Առաջարկվող փոփոխությամբ վերանայվել  է օրենսգրքի 341-րդ հոդվածը, որով ամրագրված է խոշտանգման առանձին տեսակ, որի համար սանկցիան առավել խիստ սահմանելը պայմանավորված է արդարադատության, որպես առանձնահատուկ պաշտպանվող օբյեկտով:

3. Միաժամանակ առաջարկում ենք հիշյալ նախագծում քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

«5.1) զուգորդված խոշտանգմամբ,»:

Առաջարկվող լրացման արդյունքում այսուհետ խոշտանգմամբ զուգորդված սպանությունը եւս կգնահատվի որպես որակյալ սպանություն: Ընդ որում, սպանությունը որակյալ դարձնող հատկանիշներից որեւէ մեկը չի կարող մեկնաբանվել որպես խոշտանգում: Այսպես, առանձին դաժանությամբ սպանությունը կատարելը բացառապես վերաբերում է եղանակին, սակայն անտեսվում են այն շարժառիթները, որոնք բնորոշ են խոշտանգմանը: Բացի դրանից` խոշտանգումը կարող է կատարվել նաեւ առանց առանձին դաժանության:

4. Առաջարկում ենք վերանայել օրենսգրքի 118-րդ հոդվածը, որպեսզի խոշտանգման եղանակով արարքներ կատարելը համապատասխան պատասխանատվություն առաջացնի նաեւ մասնավոր անձանց համար, բայց արդեն սահմանազատվեն խոշտանգումից, քանի որ վերջինիս հատկանիշներն ավելի ընդգրկուն են: Այսպես` օրենսգրքի 118-րդ հոդվածը պետք է շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 118. Ծեծը եւ այլ բռնի գործողությունները

1. Ծեծելը կամ բռնի արարքներ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Ծեծելը կամ դիտավորյալ կերպով անձին ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է սույն օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված նպատակներով կամ պատճառով, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքները`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) երկու կամ ավելի անձանց նկատմամբ.

2) անձի կամ նրա մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հաuարակական պարտքի կատարման հետ.

3) անչափահաuի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպեu նաեւ առեւանգված կամ որպեu պատանդ վերցված անձի նկատմամբ.

4) ակնհայտ հղի կնոջ նկատմամբ.

5) մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից.

6) առանձին դաժանությամբ.

7) ազգային, ռաuայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով`

պատժվում է ազատազրկմամբ` իննից տասնհինգ տարի ժամկետով:»:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկվում է եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով կներկայացվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, որով նախատեսված են նշված առաջարկները: Առաջարկում ենք նախագծի հեղինակին նշված օրենսդրական նախաձեռնությունները քննարկել համատեղ:

5. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ չունենք:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում են օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականները:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լարցում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` /այսուհետ`  նախագծեր/ սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագծերն ունեն չեզոք ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխոթյուններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխոթյուններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է անձին դիտավորյալ կերպով ուժեղ ցավ եւ (կամ) ֆիզիկական/հոգեկան տառապանք պատճառելու դեպքում սահմանվող պատասխանատվությանը, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2009 թվականի
սեպտեմբերի 23-ի N 1104-Ն որոշման պահանջներով

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»  եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը առողջապահության բնագավառի վրա կունենա որոշակի դրական ազդեցություն: Մասնավորապես, այն կանխարգելիչ ազդեցություն կունենա  ռեժիմային հաստատություններում (քրեակատարողական հիմնարկներ, հոգեբուժական հաստատություններ) պահվող անձանց կյանքի եւ առողջության նկատմամբ կատարվող ոտնձգությունները կանխարգելու իմաստով: