ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Խաչիկ Հարությունյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մարզպետունի Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարեւորում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու խնդիրները եւ գտնում է, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի դրանից, նկատի ունենալով, որ  ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնելիության աճին, գտնում ենք, որ միանվագ դրամական օգնությունը պետք է տրամադրվի երիտասարդ ընտանիքներին:

2. 2-րդ հոդվածով նախատեսված` նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առարկա, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով նախատեսված չեն։

3. 6-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ օրենսդրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով, քանի որ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը։

4. Նախագծի ընդունումը հանգեցնում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, սակայն նրանում նշված չէ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրման ֆինանսավորման աղբյուրը, որն անհրաժեշտ է հստակեցնել: Եթե այն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ապա այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն ինչպես Հայաստանի Հանրապետության 2011-2013 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2012-2014 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրի նախագծով: Ուստի, վերջինիս ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման: Ըստ վիճակագրության` տարեկան ամուսնությունների թիվը 10000 է, որից մոտավորապես 8000-ը՝ առաջին անգամ գրանցվող, եւ, հետեւաբար, նախագծի ընդունման դեպքում պահանջվող գումարի մոտավոր չափը կկազմի 8000 x 300000=2,4 մլրդ դրամ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

5-րդ հոդվածի 1-ին մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու կարգն ու չափը հաստատելու մասին» որոշում` 3 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

   
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի պատգամավորների հեղինակած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  ընդունման դեպքում

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՐԱՍՏԵՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Նորաստեղ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`
Նախագծով  կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Եզրակացություն

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:

Գնահատման արդյունքում`

1.Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:

2.Նախագծի դրական ազդեցությունը առավել նկատելի է ժողովրդագրական հիմնախնդիրների ենթաոլորտի վրա եւ ունի ինչպես  ռազմավարական ազդեցություն, այնպես էլ դրական ազդեցություն շահառուների վրա:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենքի) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է.

Նորաստեղծ ընտանիքների միանվագ դրամական օգնության նվազագույն չափը չի կարող պակաս լինել, քան 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամը:

Նախագծի վերոնշյալ հոդվածի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհարժեշտության, սակայն բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ սահմանված ձեւաչափով ներկայացված տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների առկայության պարագայում:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: