ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 2-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նախ պետք է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանվեն թեթեւ աշխատանքների չափանիշները:

2. 4-րդ հոդվածով, 5-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 8-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող փոփոխություններն ընդունելի չեն. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով գործատուին հնարավորություն է տրվում, աշխատողի համաձայնության դեպքում, աշխատողին փոխադրելու այլ գործատուի մոտ` երաշխավորելով այլ աշխատանք եւ պահպանելով տվյալ գործատուի մոտ աշխատողի ձեռք բերած հանգստի ու աշխատանքային պայմանագրով սահմանված այլ իրավունքներ եւ պարտավորություններ: Միեւնույն ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 105-րդ հոդվածում գործատուին հնարավորություն է ընձեռված փոփոխելու աշխատանքի էական պայմանները՝ միայն արտադրության ծավալների եւ (կամ) տնտեսական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում, որի մասին գործատուն նախապես ծանուցում է աշխատողին: Համաձայնության բացակայության դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի համաձայն:

3. 5-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվող լրացման անհրաժեշտությունը չկա:

4. 6-րդ հոդվածի`

1) 1-ին մասով ներկայացված առաջարկությունն իրացված է օրենքի նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում.

2) նպատակահարմար ենք համարում 6-րդ հոդվածի 2-րդ մասով, 9-րդ հոդվածով ներկայացված առաջարկությանն անդրադառնալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության դիմումի հիման վրա  (Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի N 326-Ա որոշում) 2011 թվականի սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաեւ 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելուց հետո:

5. 10-րդ հոդվածը «իրավունքը» բառից հետո լրացնել «` այլ հավասար պայմաններում» բառերով:

6. Մինչեւ 18 տարեկան աշխատողների համար Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով արդեն իսկ սահմանված են մի շարք երաշխիքներ: Օրենքի նախագծի 12-րդ հոդվածով առաջարկվող նոր երաշխիքը կարող է նվազեցնել այդ անձանց աշխատանքի ընդունման հնարավորությունները: Միաժամանակ, համաձայն Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 7-րդ հոդվածի 7-րդ մասի, մինչեւ 18 տարեկան աշխատողներն ունեն առնվազն չորս շաբաթվա վճարովի արձակուրդի իրավունք, ինչն  իրացված է նաեւ Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքում:

7. Առաջարկում ենք 13-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել»:

8. Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված` առաջարկում ենք օրենքի նախագիծը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Օրենսգրքի 171-րդ հոդվածի երկրորդ պարբերությունն «աշխատատեղը» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքի:» բառերով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը։

Հայտնում ենք նաեւ, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում 2-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը կընդունվի օրենքի ընդունումից հետո մեկ տարվա ընթացքում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:

 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է աշխատանքի ընդունման նվազագույն տարիքին, հղի, երեխա խնամող եւ ընտանիքում անչափահաս երեխա ունեցող աշխատողների սոցիալական երաշխիքներին, աշխատողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. Կարգավորման ենթակա հարաբերությունները չեն ազդում «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչների վրա:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 


ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Ստյոպա Հ. Սաֆարյանի, Զարուհի Փոստանջյանի, Լարիսա Ալավերդյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ս.թ հունիսի 15-ի N Ն-687 գրությամբ ՀՀ կառավարություն ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 10-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1021-Ն որոշմամբ հաստատված Կարգի 6-րդ եւ 7-րդ կետերի ենթակետերով նախատեսված որեւէ բյուջետային ծախսի եւ եկամտի գործոն չեն պարունակում:

Հետեւվաբար նշված նախագծի ընդունելը կամ չընդունելը ինչպես եկամուտների, այնպես էլ ծախսերի մասով բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցություն եւ այդ բնագավառի քաղաքականության փոփոխություն չի առաջացնում:
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա կունենա դրական ազդեցություն,մասնավորապես նախագծի հոդված 10-ով առաջարկվող լրացումը, որը երաշխիքներ է  նախատեսում հղի կանանց, մինչեւ երեք տարեկան երեխա խնամող եւ անչափահաս երեխա ունեցող աշխատողների համար, դրանով իսկ ազդելով կանանց վերարտադրողական վարքագծի վրա` նպաստելով ծնելիության մակարդակի բարձրացմանը եւ հեշտացնելով ընտանիքի պլանավորուման գործընթացը: Նշվածին կնպաստի նաեւ նախագծի հոդված 13-ով նախատեսված փոփոխությունը, որով կավելանան մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում աշխատանքը պահպանելու տարբերակները, մասնավորապես արտադրության ծավալների եւ (կամ) տնտեuական եւ (կամ) տեխնոլոգիական եւ (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման եւ (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի եւ (կամ) հաuտիքների կրճատման դեպքը այլեւս  հիմք չի հանդիսանա մինչեւ երեք տարեկան երեխայի խնամք իրականացնելու ժամանակ արձակուրդում գտնվելու ժամանակ աշխատանքից կնոջը ազատելու համար: 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքայի օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքայի օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Oրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ  պահանջներին չի հակասում:

Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

Եզրակացություն
սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
ՀՀ  Ազգային ժողովի  պատգամավորներ  Ա. Բախշյանի,  Ս. Սաֆարյանի, Զ. Փոստանջյանի, Լ. Ալավերդյանի, Ա. Մարտիրոսյանի եւ Ր. Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության   աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ  եւ  լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Արդյունքում Նախագիծը`

ա) ռազմավարական ազդեցության կարգավորման տեuանկյունից ունի դրական ազդեցություն

բ) բնագավառի շահառուների վրա ազդեցության կարգավորման տեսանկյունից ունի բարենպաuտ ազդեցություն: