ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ։

 «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «բացօթյա առեւտուր»  է համարվում առեւտրի օբյեկտներից  եւ առեւտրի իրականացման վայրերից դուրս՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առեւտուրը։

Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրերի տեսակները, բնութագրիչներն ու դրանց ներկայացվող պահանջներն ամրագրված են «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ եւ 5-րդ հոդվածներում։

Նշված օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «առեւտրի օբյեկտների տեսակներն են խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերը»։ «Առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքատեսակների՝ առանձին բաժիններում»։

Համաձայն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ առեւտրի իրականացման վայրի տեսակներն են առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական ապրանքների շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը։ Իսկ գյուղատնտեսական արտադրանքի շուկան բնութագրվում է որպես «առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի, գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի առք ու վաճառք»։

Համաձայն օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի՝ «Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման։ Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության բնակավայրերի սահմանագծից դուրս՝ բացառապես շարժական բաց վաճառատեղերի (վաճառասեղանների) միջոցով առեւտրի իրականացման վայրի կազմակերպման դեպքերի վրա»։

Միաժամանակ, համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առք ու վաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում եւ տոնավաճառներում (վերնիսաժներում)։

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի (կենդանական ծագում ունեցող մթերք, բույսեր, բուսական արտադրանք, միրգ, բանջարեղեն) առուվաճառքի տոնավաճառների կազմակերպում, ինչը ենթադրում է դրանց բացօթյա վաճառքը։

Սակայն օրենքի նշված պահանջներն ակնհայտորեն վկայում են, որ գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ մրգերի եւ բանջարեղենի վաճառքը կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպված առեւտրի օբյեկտներում (խանութներ, կրպակներ, տաղավարներ) եւ առեւտրի իրականացման վայրերում (գյուղատնտեսական արտադրանքի շուկա, առեւտրի կենտրոններ)։

Համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի՝ «տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին»։

Միաժամանակ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 17-րդ մասի, համայնքի ավագանին «հաստատում է առեւտրի, հասարակական սննդի եւ սպասարկման ոլորտի գործունեության համայնքային կանոնները», իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 27-րդ մասի համաձայն՝ Երեւանի ավագանին «որոշում է ընդունում Երեւանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների մասին»։

Ըստ էության, տոնավաճառների կազմակերպման լիազորությունն օրենքով արդեն վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Հետեւաբար, տոնավաճառների կազմակերպմանը վերաբերող հարցերը (տեղի, օրերի եւ ժամերի սահմանման ու ընտրության, կազմակերպական, կանոնակարգող եւ այլն) չպետք է սահմանվեն օրենքով, այլ պետք է կարգավորվեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ առեւտրի համայնքային կանոնների՝ հաշվի առնելով համայնքի առանձնահատկությունները։

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածը եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածը սահմանում են համայնքի ղեկավարի պարտադիր լիազորություններն առեւտրի եւ ծառայությունների բնագավառում, մինչդեռ նախագծով նախատեսված լրացումը ոչ թե պարտադիր լիազորություն է, այլ ընդամենը համայնքի ղեկավարի համար սահմանում է գյուղատնտեսական արտադրանքի առուվաճառքի տոնավաճառների կազմակերպման պարտականություն, ինչը սահմանափակում է համայնքի ավագանու՝ նշված օրենքներով ամրագրված լիազորությունները։

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը  համարում  է անընդունելի։

Միաժամանակ հայտնում ենք, որ, օրենքների նախագծերի ներկայացված փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների /որոշումների/ նախագծերի ընդունման դեպքում

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի կարգավորման վրա ազդեցություն չեն ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթի (այսուհետ` փաթեթ) ընդունումը նպատակ ունի բարենպաստ պայմաններ ստեղծել  գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար:

Փաթեթի ընդունման արդյունքում` համայնքի տարածքում եւ քաղաքների վարչական սահմանների քաղաքամերձ հատվածներում կազմակերպվող գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառները շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա կարող են առաջացնել բացասական հետեւանքներ:

2.Փաթեթի չընդունման դեպքում տոնավաճառների տեղակայման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ կարող են առաջանալ:

3. Փաթեթը բնապահպանության ոլորտին անմիջականորեն չի առնչվում, սակայն այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքների եւ պահանջների պահպանումը պարտադիր է:

Փաթեթի  կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ տոնավաճառների կազմակերպումը նախատեսվում է միայն շաբաթ, կիրակի եւ օրենքով նախատեսված տոնական օրերին:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ Նախագծով սահմանվում է, որ միայն շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին համայնքի տարածքում եւ քաղաքների վարչական սահմանների քաղաքամերձ հատվածներում համայնքի ղեկավարը պետք է կազմակերպի գյուղատնտեսական արտադրանքի բացօթյա առեւտրի իրականացումը: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա էական ազդեցություն չի նախատեսվում, քանի որ Նախագծով բացօթյա առեւտրի կազմակերպման պահանջը վերաբերում է համայնքի ղեկավարին:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով էական ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:


Եզրակացություն

« Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի /այսուհետ` Նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում նախագծերն ունեն չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) առավել  բարենպաստ պայմաններ են ստեղծվում գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար` տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին վերապահելով գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառներ կազմակերպելու իրավասություն:

Նախագծերի  մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են գյուղատնտեսական արտադրանքի շուկաների հետ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ Նախագծերի ընդունմամբ գյուղացին կկարողանա իրացնել գյուղատնտեսական արտադրանքը գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառներում, այսինքն` կընդլայնվի գյուղացու կողմից գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի ցանցը, որն էլ կբերի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում մրցակցության միջավայրի բարելավման:

Հիմք ընդունելով վերոնշյալը` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության բնագավառի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։


Եզրակացություն

«Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում հնարավոր է համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի ավելացում: Երկու դեպքում էլ ավելացման չափի վերաբերյալ կարծիք հնարավոր չէ ձեւավորել համապատասխանաբար Փաթեթով նախատեսված տոնավաճառներում առուվաճառք իրականացնողների թվաքանակի անկանխատեսելիության եւ յուրաքանչյուր համայնքում այդ տոնավաճառների կազմակերպչական աշխատանքների ծավալի անորոշության պատճառով:

Փաթեթի ընդունումը բյուջետային քաղաքականության փոփոխության չի հանգեցնում: