ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հովհաննես Սահակյանի, Վազգեն Կարախանյանի, Արայիկ Հովհաննիսյանի եւ Ռաֆիկ Գրիգորյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք՝

1. Նախագծի վերնագիրը խմբագրման կարիք ունի, քանի որ պաշտպանությունը գործունեություն է, եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ գոյություն չունի պետական պաշտպանության մասին մեկ միասնական կոդիֆիկացված իրավական ակտ, ուստի, նպատակահարմար չէ պաշտպանության տարանջատումը պետականի եւ ոչ պետականի: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ պետական պաշտպանությունն իրականացվում է մասնավոր առեւտրային գործունեության ձեւով, գործունեության տեսակը կոչվում է մասնավոր պահնորդական կամ մասնավոր պահպանության գործունեություն, ընդ որում, թիկնապահական գործունեությունը դիտվում է իբրեւ պահնորդական գործունեության տարատեսակ՝ թիկնապահների որակավորմանն առաջադրվող ավելի խիստ պահանջներով: Այս իմաստով՝ գտնում ենք, որ օրենքի նախագիծը պետք է վերնագրվի «Մասնավոր պահնորդական գործունեության մասին»:

2. 2-րդ հոդվածում նախատեսված «պաշտպանվող անձ» հասկացությունը խմբագրել՝ նկատի ունենալով այն, որ կարող են լինել դեպքեր, երբ անձը համապատասխան իրավաբանական անձանց հետ պայմանագիր կնքի ոչ միայն իր կյանքի եւ առողջության պաշտպանության նպատակով, այլեւ՝ երրորդ անձի, առավել եւս, որ նման հնարավորության մասին խոսվում է օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում:

3. 3-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության» բառերը՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված չէ թիկնապահական եւ պահնորդական գործունեության ոլորտը կարգավորող որեւէ դրույթ:

4. 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի վերաբերյալ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ իրավակարգի եւ հանցագործության դեմ պայքարի ապահովման գործում իրավապահ եւ պետական այլ մարմինների հետ համագործակցությունը չի կարող դիտվել որպես թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հիմնական խնդիր:

5. 6-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի եւ նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթները կրկնվում են.

2) 8-րդ մասում անհրաժեշտ է «լիցենզիայից զրկելու» բառերը փոխարինել «լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման» բառերով՝ նկատի ունենալով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ սույն նախագծի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները:

6. 7-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունն առաջարկում ենք հանել, նկատի ունենալով այն, որ «լիցենզիա» հասկացությունն արդեն իսկ սահմանված է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով:

7. 9՟րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է նախատեսել դրույթներ թիկնապահի կամ պահնորդի կողմից իրավապահ մարմիններին եւ իր ղեկավարությանը՝ զենք գործադրելու արդյունքում քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու մասին տեղյակ չպահելու իրավական հետեւանքների վերաբերյալ: Նույն դիտողությունը վերաբերում է նախագծի 16-րդ հոդվածի 3-րդ մասին: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

8. 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը խմբագրման կարիք ունի: Մասնավորապես, տվյալ կետում նշվում է, որ, թիկնապահական կամ պահնորդական գործառույթներ իրականացնելիս, թիկնապահը եւ պահնորդն իրավունք ունեն պահպանվող օբյեկտում, անցագրային ու ներօբյեկտային պայմանակարգերի պայմաններն ապահովելիս, իր իրավասության շրջանակներում,  թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնել քաղաքացիների անձնական խուզարկություն: Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ անձնական խուզարկությունը, որպես քննչական գործողություն, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածում, որտեղ սահմանվում են նաեւ դրա իրականացման կարգը եւ պայմանները: Հետեւաբար, թիկնապահներին կամ պահնորդներին նման լիազորություն վերապահելը գտնում ենք ոչ նպատակահարմար: Իսկ եթե նախագծով նախատեսված «անձնական խուզարկություն» հասկացությունն ունի դատավարական օրենքով նախատեսված «անձնական խուզարկություն» հասկացությունից տարբերվող իմաստ, ապա նախընտրելի է նախագծում օգտագործել այլ հասկացություն կամ նախագծի համատեքստում տալ «անձնական խուզարկություն» հասկացության սահմանումը, քանի որ, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության, եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 9-րդ հոդվածում օգտագործված «ձերբակալում» հասկացությանը, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ գլխում:

9. 24-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջների:

10. 26-րդ, 27-րդ եւ 28-րդ հոդվածներն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հոդվածների դրույթները սույն օրենքի կարգավորման առարկա չեն, քանի որ ստուգումների հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորվեն «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

11. Պահնորդական գործունեությունն իր բնույթով առնչվում է հասարակական անվտանգության ապահովման բնագավառին, եւ, այս նկատառումով, նախագծով պետք է նախատեսված լինեն այնպիսի երաշխիքներ, որոնք առավելագույնս կբացառեն մասնավոր պահնորդական գործունեության ոլորտի քրեականացումը, կոռումպացումը եւ այլ հնարավոր բացասական դրսեւորումները: Նշված նկատառման համար հիմք է հանդիսանում արտասահմանյան մի շարք երկրների մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենսդրության կիրառման պրակտիկայի ուսումնասիրությունները. այսպես օրինակ՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների՝ առեւտրային այլ գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակումը, պետության տարածքում օտարերկրյա մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության արգելքը, մասնավոր պահնորդական կազմակերպության հիմնադրի (մասնակցի)՝ միաժամանակ մասնավոր պահնորդական այլ կազմակերպության հիմնադիր (մասնակից) հանդիսանալու արգելքը: Որոշ երկրներում մասնավոր պահնորդական կազմակերպության գործադիր մարմինների ղեկավարները նույնիսկ պետք է ունենան բարձրագույն կրթություն, իսկ մասնավոր պահնորդական կազմակերպության աշխատողների թիվը չպետք է գերազանցի կազմակերպության պայմանագրային պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ աշխատողների թիվը, միաժամանակ, մասնավոր պահնորդական կազմակերպությունները չեն կարող պահպանության ծառայություններ մատուցել այն անձանց, ում անձի կամ գույքի պահպանությունն ու պաշտպանությունն օրենքով վերապահված է պետական մարմիններին, իսկ խախտումով կնքված պահպանության պայմանագրերն առոչինչ են եւ այլն: Կարծում ենք, որ օրենքի նախագծում պետք է նախատեսվեն վերը շարադրվածի վերաբերյալ համապատասխան իրավական կարգավորումներ:

12. Նախագծում ամրագրված են դրույթներ, որոնք հռչակագրային բովանդակություն ունեն: Մասնավորապես, նախագծի 20-րդ հոդվածում անհասկանալի է, թե ինչպես են իրավապահ մարմինները համագործակցելու մասնավոր պահնորդական կազմակերպությունների հետ անվտանգության բնագավառում, եթե այդ կազմակերպությունները չունեն պետական անվտանգության բնագավառին առնչվող իրավագործունակություն, կամ ինչպես է իրականանալու համագործակցությունն իրավակարգի բնագավառում: Հոդվածում խոսվում է համաձայնագրի մասին,  որի նորմատիվությունն ու պետական ապահովվածությունը երաշխավորված չեն ո՛չ նախագծով եւ ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Անհասկանալի է նաեւ, թե պետական իշխանության որ մարմիններին կից պետք է ստեղծվեն համակարգող խորհուրդները, ինչ իրավաբանական կարգավիճակ ունի այդ խորհուրդը, այն ինչպես կարող է ազդել մասնավոր պահնորդական կազմակերպությունների վարքագծի վրա եւ այլն: Գտնում ենք, որ հանցավորության դեմ պայքարի բնագավառում իրավապահ մարմինների եւ մասնավոր պահնորդական կազմակերպությունների համագործակցության գաղափարը պետք է իր կոնկրետ դրսեւորումն ստանա փոխադարձ իրավունքների ու պարտականությունների օրենսդրական ամրագրման եղանակով, որոնց անտեսումը, օրինակ՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների նկատմամբ առաջ կբերի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ներգործության միջոցների կիրառում:

13. Նախագծում բացակայում են մասնավոր պահնորդական կազմակերպությունների պատասխանատվության վերաբերյալ դրույթները, մասնավորապես, պարզ չէ, թե ինչ իրավական հետեւանքների կարող է հանգեցնել նախագծի 10-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը, արդյոք այդ սահմանափակումների խախտումները համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված խախտումների հատկանիշներին: Եթե համապատասխանում են, ապա դրանք լիցենզիայի գործողության կասեցման թե դադարեցման հիմքեր են: Գտնում ենք, որ նախագծով պետք է հստակ ամրագրվեն լիցենզիայի գործողության կասեցման եւ դադարեցման հիմքերը: Նման հստակեցումը կբարձրացնի պետական վերահսկողության արդյունավետությունը եւ կնվազեցնի կոռումպցիոն ռիսկերը:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունենք:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ հայտնում ենք՝

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է պահնորդների եւ թիկնապահների որակավորում, ուստի, անհրաժեշտ է նախագծով նախատեսված լրացման 7-րդ սյունակը լրացնել «Ո» տառով, իսկ 10-րդ սյունակից հանել «ե» տառը, քանի որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդպիսի տառ սահմանված չէ:

Օրինագծերի փաթեթը չի ներառում թիկնապահների եւ պահնորդների վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենքի նախագիծ՝ այդ հարաբերությունը թողնելով գործող ընթացիկ օրենսդրության կարգավորմանը: Կարծում ենք, որ այդպիսի մոտեցումը նվազեցնում է օրենքի նախագծի պետական ապահովվածությունը եւ կարգավորման ոլորտում կարգապահության մակարդակը: Գտնում ենք, որ վարչական կարգով պետք է պատժելի լինեն մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, ինչպես նաեւ՝ անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը: Բացի դրանից, ապօրինի ձեռնարկատիրությունը մասնավոր պահնորդական գործունեության ոլորտում պետք է պատժվի քրեորեն, այդ նպատակով՝ պահնորդական գործունեություն իրականացնելու համար պետական տուրքը պետք է սահմանել 500 000 դրամ, հակառակ պարագայում՝ ապօրինի ձեռնարկատիրությունը հանգեցնելու է վարչական տուգանքի նշանակման՝ ընդամենը 15-30 հազ. դրամ, ինչը բավարար չէ ոլորտում հնարավոր իրավախախտումների կանխարգելման համար, ավելին՝ կսահմանափակի ոստիկանության հնարավորություններն ապացուցման գործընթացում:

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն անցումային դրույթներ չի պարունակում: Նախատեսվում է, որ թիկնապահներն ու պահնորդները համապատասխան որակավորում պետք է ստանան լիցենզավորված ուսումնական հաստատություններում, սակայն անհրաժեշտ մասնագիտությունների նախատեսումը եւ ուսումնական հաստատությունների լիցենզավորումը կպահանջեն որոշակի ժամանակ: Անցումային դրույթների բացակայությամբ, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, օրինական հիմունքներով գործող պահնորդական կազմակերպությունները կզրկվեն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունից՝ դրանից բխող բացասական հետեւանքներով: Ուստի, նախագիծը պետք է լրացվի անցումային դրույթներով, որն իրավական հատուկ ռեժիմ կնախատեսի այս պահին գործող պահնորդական կազմակերպությունների համար:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը լրամշակման  կարիք ունի եւ այն ընդունելի կլինի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում մշակվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որն այժմ գտնվում է քննարկման փուլում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է համագործակցել նախագծերի փաթեթի հեղինակների հետ՝ նախագծերի փաթեթի լրամշակման հարցում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության եւ այլ իրավական ակտերը կընդունվեն օրենքի ընդունումից հետո  եռամսյա ժամկետում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականները: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ՝ Նախագծեր)՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերը սոցիալական պաշտպանության ոլորտում ունեն չեզոք ազդեցություն՝ ինչպես ռազմավարական, այնպես Էլ շահառուների վրա ունեցած կարգավորման ազդեցության տեսանկյունից:



ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին ՀՀ օրենքի եւ դրան առնչվող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրւսյին ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բյուջետային բնագավսւոում կարգավորման ազդեցության գնահատման

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը եւ/կամ չընդունումը բյուջետային բնագավառում թե մուտքերի եւ թե ելքերի գծով կարգավորման ազդեցության չի հանգեցնում:.

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ոչ պետական պաշտպանության գործունեության ծառայությունների մատուցման համար սահմանել տարեկան պետական տուրք՝ բազային տուրքի 250-ապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ ներկայացված նախագծի ընդունումը ենթադրում է ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացում:

Միաժամանակ, հաշվի առնելով ոչ պետական պաշտպանության գործունեության ծառայություններ մատուցողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում հնարավոր չէ իրականացնել:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին ՀՀ օրենքի եւ դրան առնչվող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կարգավորվում են ոչ պետական պաշտպանական գործունեության, մասնավորապես՝ թիկնապահական եւ պահնորդական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունները:

Նախագծերի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է «որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են թիկնապահական եւ պահնորդական ծառայությունների շուկաների հետ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում առանցքային ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Նախագծերի ընդունմամբ առաջանում է համապատասխան ապրանքային շուկայում մատակարարների քանակի սահմանափակման խնդիր, քանի որ նախատեսվում է ոչ պետական պաշտպանական գործունեության լիցենզավորում՝ բարդ ընթացակարգով: Սակայն հաշվի առնելով թիկնապահական եւ պահնորդական գործունության առանձնահատուկ բնույթով պայմանավորված տվյալ շուկայի կարգավորման անհրաժեշտությունը, լիցենզավորմւսն համար սահմանված պետական տուրքի ոչ մեծ գումարը՝ Նախագծի ազդեցությունը մրցակցության միջավայրի վրա զգալի չի լինի:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ տվյալ ապրանքային շուկայում մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին ՀՀ օրենքի եւ դրան առնչվող «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ու «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցություն է նախատեսվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է թիկնապահական եւ պահնորդական գործունեության իրականացման համար պարտադիր սահմանել լիցենզավորման կարգ, ինչպես նաեւ վերոնշյալ գործունեության ծառայություններ մատուցելու համար տարեկան պետական տուրք բազային տուրքի 250-ապատիկի չափով: Վերոնշյալ փոփոխությունների արդյունքում նմանատիպ գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց համար կառաջանան լրացուցիչ ծախսեր, որն էլ իր հերթին կբերի վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների գների թանկացման:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: