ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 1-ին հոդվածով սահմանված օրենքի կարգավորման առարկան հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ, թե գյուղատնտեսության բնագավառում ո՛ր հարաբերությունները պետք է կարգավորվեն ներկայացված նախագծով, այդ բնագավառին առնչվող որ հարաբերություններն են արդեն իսկ կարգավորված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ որո՛նց իրավական կարգավորումը պետք է նախատեսվի այլ օրենքներով:

2. 2-րդ հոդվածի 2-րդ մասում տեղին  չէ գյուղի զարգացումը սույն օրենքի նախագծում ներառելը, քանի որ գյուղի զարգացումը բազմագործոն է եւ առնչվում է պետական կառավարման ու քաղաքականության բոլոր ոլորտներին: Այդ նկատառումով ամբողջ նախագծից պետք է հանվեն գյուղի զարգացմանը վերաբերող դրույթները:

3. 3-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին կետից «մշակմանը, վերամշակմանը» եւ 3-րդ կետից «ինչպես նաեւ սեփական արտադրության հումքի եւ մթերքի մշակմամբ եւ (կամ) վերամշակմամբ» բառերը հանել`  համապատասխան փոփոխություններ կատարելով նաեւ  նախագծի ամբողջ տեքստում.

2) 4-րդ կետում «գյուղացիական տնտեսություն» հասկացության սահմանումն անհրաժեշտ է խմբագրել՝ հաշվի առնելով միջազգայնորեն ընդունված այն մոտեցումը, ըստ որի «գյուղացիական տնտեսությունը» բնութագրվում է մի շարք չափորոշիչներով, մասնավորապես, տնտեսությանը պատկանող հողամասերի չափերով, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակով, ապրանքայնության մակարդակով եւ այլն:

4. 7-րդ հոդվածում, որպես գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման պետական քաղաքականության հիմնական ուղղություն, դիտարկվել է պետական աջակցությունը` 9 ուղղությամբ, սակայն հաջորդ հոդվածներում անդրադարձ է կատարվել միայն 4 ուղղությանը: Ընդ որում, 19-րդ հոդվածով նախատեսվում է, որ, գյուղատնտեսական նշանակության հողերի պաշտպանության եւ դրանց բերրիության բարձրացման միջոցառումներ իրականացնելիս, գյուղատնտեսական ապրանքարտադրողներն ստանում են պետական աջակցություն հակակարկտային համակարգերի շահագործման, ինչպես նաեւ պարարտանյութերի, թունաքիմիկատների ձեռքբերման համար, մինչդեռ նպատակահարմար է դիտարկել նշված պետական աջակցության ստացումը ոչ թե յուրաքանչյուր տարի, այլ առանձին տարիների համար` նշված աջակցության անհրաժեշտության առաջացման դեպքում: Այդ իսկ պատճառով առաջարկվում է մասնավորեցնել նշված աջակցության ձեւերը (թունաքիմիկատների, պարարտանյութերի ձեռքբերում եւ այլն), քանի որ դրանց ուղղվածությունը, ըստ անհրաժեշտության, հստակեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվող եւ մշակվելիք ծրագրերում:

Նույն հոդվածի 1-ին մասի 18-րդ կետում «գյուղատնտեսության» բառն անհրաժեշտ է փոխարինել «գյուղատնտեսական» բառով:

5. 8-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման բնագավառներում «իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով վերապահված իրավասություններ», ինչը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված պահանջներին, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված գործառույթներ ու լիազորություններ:

6. 9-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 2-րդ կետով առաջարկվում է գյուղատնտեսական ապրանքարտադրողների նկատմամբ կիրառել հատուկ (բարենպաստ) հարկային քաղաքականություն, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են հարկային արտոնություններ գյուղատնտեսության ոլորտում: Մասնավորապես՝

ա. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրու-
թյամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաեւ հիմնական միջոցների եւ այլ ակտիվների իրացումից ստացված եւ այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը,

բ. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հարկվող եկամուտը որոշելիս՝ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղված հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի չափով, ինչպես նաեւ այլ գործունեությունից ստացված եկամուտների չափով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը գյուղատնտեսական եւ այլ գործունեությունից ստացված եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը,

գ. հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվողները հիմնականում փոքր եւ միջին տնտեսություններ են, հայտնում ենք, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառությունը չի գերազանցել 58,35 մլն դրամը, տվյալ օրացուցային տարում ավելացված արժեքի հարկ վճարող են համարվում այդ գործարքների հարկվող շրջանառությունը 58,35 մլն դրամը գերազանցելու պահից` 58,35 մլն դրամը գերազանցող մասի համար.

2) 3-րդ կետում «տեղական ապրանքարտադրողներից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով՝ ելնելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն պահանջից, որ ցանկացած անձ ունի գնման գործընթացին մասնակցելու իրավունք (ներառյալ օտարերկրյա ֆիզիկական անձինք, կազմակերպություններ կամ քաղաքացիություն չունեցող անձինք).

3) 4-րդ ենթակետով սահմանվող հատուկ (բարենպաստ) մաքսային քաղաքականության կիրառման կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ կիրառվում են մի շարք արտոնություններ, մասնավորապես, գյուղատնտեսության մեջ օգտագործվող գրեթե բոլոր սարքավորումների, ինչպես նաեւ մի շարք սերմացուների եւ հատիկաբույսերի ներմուծումն ազատված է ինչպես մաքսատուրքի, այնպես էլ՝ ԱԱՀ-ի վճարումից: Բացի դրանից, 4-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով առաջարկվում է գյուղատնտեսական արտադրանքի, հումքի եւ սննդամթերքի շուկայում պետական միջամտությունների միջոցով իրականացնել գների կարգավորում, որն անընդունելի է, քանի որ ագրարային ոլորտում գնային ողղակի կարգավորման քաղաքականության որդեգրումը` առանց տնտեսական արդյունավետության գնահատման եւ ազատ գնագոյացման մեխանիզմների հետ գնումային կամ ապրանքային միջամտությունների առավելությունների համեմատական հիմնավորման, կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների (օրինակ, ոլորտում շահութաբերության մակարդակի չհիմնավորված աճի կամ նվազման, որը ռիսկային է՝ Հայաստանում գյուղատնտեսական սահմանափակ ռեսուրսների ոչ լիարժեք օգտագործման տեսանկյունից):

Միաժամանակ հայտնում ենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 15-ից Հայաստանի Հանրապետությունն անդամակցել է ԱՀԿ-ի պետական գնումների համաձայնագրին, որը նաեւ սահմանում է գնումների գործընթացներում որեւէ խտրականության բացառումը:

Ելնելով շարադրվածից՝ առաջարկում ենք նախագծից հանել 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ,  4-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերը:

7. 10-րդ հոդվածի 1-ին մասի՝

1) 1-ին ենթակետը հակասում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, համաձայն որի դրամավարկային քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

2) 3-րդ կետի՝ սուբսիդիաների տրամադրմանը եւ 18-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապահովագրական վճարի սուբսիդավորման չափին վերաբերող դրույթներն անհրաժեշտ է հանել, դրանց հնարավորությունը դիտարկելով հետագայում մշակվելիք ծրագրերի շրջանակներում:

8. 13-րդ հոդվածի 2-րդ կետում նշված փորձագիտական հանձնաժողովի կազմում անկախ փորձագետները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները, իրացնողները եւ այլ մարմինների ներկայացուցիչները կարող են ընդգրկվել միայն կամավորության սկզբունքով (իրենց համաձայնությամբ): Հետեւաբար, այդ մասն անհրաժեշտ է խմբագրել:

9. 14-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված պետական ծրագրի եռամյակի յուրաքանչյուր տարվա հասանելիք ֆինանսավորման չափը նվազման առումով անփոփոխ թողնելուն վերաբերող դրույթն ընդունելի չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) գործընթացի շրջանակներում եռամյա ծրագրերի ֆինանսավորման չափերը յուրաքանչյուր տարի, անհրաժեշտության դեպքում, կարող են փոփոխվել, այդ թվում՝ նաեւ նվազման միտումով: Բացի դրանից,  նպատակահարմար չէ պետական ծրագրի եւ ենթածրագրերի փորձաքննության կարգի, իրականացման ընթացքի վերաբերյալ դրույթների ներառումը նախագծում:

10. 17-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի «զ» պարբերությունում «մթերումը» բառն անհրաժեշտ է փոխարինել «մթերատվությունը» բառով:

11. 18-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությամբ գյուղատնտեսական ոլորտի ապահովագրության իրականացումը եւ պետության կողմից ապահովագրական վճարների սուբսիդավորումն ընդհանրապես կիրառելի չեն: Ավելին, նման քայլերը կարող են շուկայում խեղաթյուրել ապահովագրական պոլիսների գները եւ չարաշահումների պատճառ դառնալ:

12. 20-րդ հոդվածով նախատեսվում է սննդամթերքի շուկայում գների պետական կարգավորմանն ուղղված ապրանքային միջամտություն: Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հունվարի 3-ի N ՀՆ-0503-1 որոշման, Հայաստանի Հանրապետությունն անցել է ազատ գների եւ սակագների համակարգի՝ բացառությամբ հանրային ծառայությունների պետական կարգավորման ոլորտների, որոնց նկատմամբ սահմանվում է հստակ եւ հիմնավորված սակագնային քաղաքականություն: Ուստի, պետությունը կարող է միջամտել նախագծով սահմանված գյուղատնտեսական արտադրանքի գների կարգավորմանը՝ բացառապես ֆորս-մաժորային իրավիճակներում:

13. 22-րդ հոդվածի 2-րդ մասում «պաշտոնական վիճակագրական տեղեկատվական պետական մարմնի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պետական վիճակագրություն իրականացնող մարմնի» բառերով:

14. Առաջարկում ենք հանել 23-րդ հոդվածը, քանի որ գյուղատնտեսության ոլորտում պաշտոնական վիճակագրության վարումն արդեն իսկ կարգավորվում է «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի 4-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հաշվառումն անցկացվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ, իսկ 2-րդ կետի համաձայն՝ գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց մեկ տարի առաջ:

15. Առաջարկում ենք հանել 24-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այն հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի  47-րդ հոդվածի 4.2-րդ մասերի պահանջներին:

Նախագիծը ենթադրում է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող պետական աջակցության ձեւերի եւ ծավալների ընդլայնում, սակայն նախագծում եւ դրա ընդունման հիմնավորման մեջ որեւէ կերպ անդրադարձ չի կատարվում նշված աջակցությունից ակնկալվող արդյունքներին:

Հաշվի առնելով պետական աջակցության ուղղությունների եւ չափերի անկանխատեսելիության փաստը` նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չէ իրականացնել:

Հարկ է նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 1476-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկում նախատեսվել է 47 միջոցառում, որոնցից 27-ի համար որպես ֆինանսավորման աղբյուր դիտարկվել է նաեւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն: Ընդ որում, նշված 27 միջոցառման գծով ֆինանսավորման տարբեր աղբյուրներից (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից) պահանջվող ֆինանսավորման տարեկան մոտավոր գնահատականը կազմում է 27430 մլն դրամ` առանց տարանջատելու Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ այլ աղբյուրներից ֆինանսավորման չափերը:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը ներառված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում, օրենքի նախագծի հեղինակին առաջարկում ենք համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ օրենքի նախագծի կարգավորման առարկայի եւ իրավահարաբերությունների շրջանակի ճշգրտման գործում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել քննարկումներ Հայաստանի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության եւ դրա կատարումն ապահովող միջոցառումների համատեքստում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 4 ամիս,

12-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս,

13-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 4 ամիս,

18-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 5 ամիս,

20-րդ հոդվածի 3-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 5 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի կարգավորման վրա ազդեցություն չի ունենա:
 


ԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունումը  նպատակ ունի կարգավորել հարաբերությունները գյուղատնտեսական ապրանքարտադրողների, քաղաքացիների, իրավաբանական անձանց եւ գյուղատնտեսության զարգացման ոլորտի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ  եւ դրա ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3.  Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին մասնակիորեն առնչվում է, սակայն այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական ոլորտում կարգավորման

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 հոդվածով, համաձայն ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի` իրականացվել է ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ ուղարկված «Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում, համաձայն որի` նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի դրական ազդեցություն:
 


Եզրակացություն

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծով նոր կարգավորումներ չեն նախատեսվում, ոլորտում գործող գյուղանտեսական ապրանքարտարդողների եւ իրավաբանական անձանց համար վարչական ընթացակարգեր եւ լրացուցիչ ծախսեր չեն առաջանում եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


եզրակացություն

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կարգավորման նպատակները, հիմնական ուղղությունները, գյուղատնտեսական մթերքի, արտադրանքի շուկայի պետական կարգավորման  ձեւերը:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են գյուղատնտեսական արտադրանքի շուկաների հետ:

Ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլում հայտնաբերվել է`

  • Նախագծի 20-րդ հոդվածով նախատեսվում է գների պետական կարգավորում, որը կարող է բերել միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակման.
  • Նախագծով նախատեսվում են ոլորտում պետական օժանդակության մի շարք ուղիներ, որը կախված իրականացման եղանակից պարունակում է մրցակցության բնագավառի վրա բացասական ազդեցության ռիսկեր,
  • Սակայն հաշվի առնելով, որ Նախագծով առաջարկվում են ոլորտի աշխուժացման եւ գյուղմթերքների արտադրության  խթանման մի շարք ուղիներ, վերջինս կբերի գործունեության միջավայրի բարելավման, որն էլ իր հերթին կբերի ոլորտում գործող սուբյեկտների թվի աճի եւ երկարաժամկետ հատվածում մրցակցության միջավայրի վրա կունենա դրական ազդեցություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության բնագավառի վրա ոչ զգալի բասացական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն: