ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՏԵՂԱԿԱԼ
պարոն ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Նիկոյան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի: Միաժամանակ հարկ է նկատել, որ`
1. Համաձայն մի շարք բացատրական եւ հոմանիշների բառարանների՝ օրենքի նախագծում օգտագործվող «ստերջացում» բառը մարդկանց համար կիրառվող «ամլացում» բառի՝ կենդանիների նկատմամբ օգտագործվող հոմանիշն է:
Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ օրենքի նախագծում նկարագրվող գործողության բնորոշման համար օգտագործվում է միջազգային ճանաչում ստացած «chemical castration» հասկացությունը (Մեծ Բրիտանիայում` «chemical castration», Ֆրանսիայի Հանրապետությունում` «castration chimique»), ուստի, անհրաժեշտ է քննարկել օրենքի նախագծում օգտագործվող եզրույթի վերանայման հարցը:
2. Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ կարող են էական հակասություններ առաջանալ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հետ: Այսպես, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի «Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը» 52-րդ գլխի համաձայն բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառվում են քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարած անձանց նկատմամբ՝ դատարանի որոշմամբ` հարկադիր կարգով: Նույն գլխի 450-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Բժշկական բնույթի հարկադրական միջոցները դատարանը կիրառում է այն անձանց նկատմամբ, ովքեր քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարել են անմեղսունակ վիճակում, եթե այդ անձինք շարունակում են վտանգավոր լինել հասարակության համար»: Բացի դրանից, օրենքի նախագծի 1-ին հոդվածով օրենսգրքի 97-րդ հոդվածում որպես լրացում նախատեսվող 5-րդ կետում նշված արարքները հնարավոր է, որ իրականացվեն ոչ միայն անմեղսունակ, այլեւ մեղսունակ անձանց կողմից:
Հարկ է նկատի ունենալ նաեւ այն, որ օրենքի նախագծի 1-ին հոդվածով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասում որպես լրացում նախատեսված 5-րդ ենթակետը խմբագրման կարիք ունի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ ենթակետով հղում է կատարվում օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ, 141-րդ հոդվածի 3-րդ եւ 142-րդ հոդվածի 3-րդ մասերին, որոնք գոյություն չունեն:
3. Նախագծի 1-ին հոդվածով կատարված լրացման դեպքում անհրաժեշտ է օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասը «առաջին մասում» բառերից հետո լրացնել «բացառությամբ 1-ին մասի 5-րդ կետում» բառերով:
4. 97-րդ հոդվածի 4-րդ մասը «լուծելու համար» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված անձանց» բառերով:
5. Նախագծի 2-րդ հոդվածով օրենսգրքի 97-րդ հոդվածում որպես լրացում նախատեսվող 5-րդ մասի համաձայն նշված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառվում է համալիր փորձագիտական եզրակացությունից հետո, սակայն պարզ չէ, թե ինչ կարգով, ում կողմից եւ ինչ ժամկետներում է իրականացվելու տվյալ փորձաքննությունը:
6. Նախագծի 4-րդ հոդվածով օրենսգրքում որպես լրացում նախատեսվող 100.1-ին հոդվածի`
1) 1-ին մասում «դեղամիջոց» բառը փոխարինել «դեղ» բառով` նկատի ունենալով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջը.
2) վերաբերյալ տեղեկացնում ենք, որ դրա ընդունման կապակցությամբ կարող են առաջանալ իմաստային եւ իրավական հակասություններ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի եւ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների հետ:
Մասնավորապես, նախագծի 4-րդ հոդվածով օրենսգրքում որպես լրացում նախատեսվող 100.1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն առաջին անգամ հանցանք կատարած անձի նկատմամբ քիմիական ստերջացումը նախատեսվում է իրականացնել վերջինիս համաձայնությամբ: Այնինչ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները» 15-րդ գլխի եւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի «Անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթը» 52-րդ գլխի իմաստային բովանդակությունից բխում է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառվում են քրեական օրենսգրքով չթույլատրված արարքը կատարած անձանց նկատմամբ` դատարանի որոշմամբ՝ հարկադիր կարգով:
Միջազգային փորձի տեսակետից հայտնում ենք, որ քիմիական կաստրացիան կիրառվում է ԱՄՆ-ում` Կալիֆոռնիա, Ֆլորիդա, Ջորջիա, Տեհաս, Լուիզիանա, Մոնտանա նահանգներում, Կանադայում եւ մի շարք եվրոպական պետություններում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Շվեդիա, Լեհաստան, Նորվեգիա:
Միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է, որ տարբերակվում է երկու ձեւի քիմիական կաստրացիա` պարտադիր՝ անկախ հանցագործի ցանկությունից կամ համաձայնությունից (նման կարգավորում է նախատեսված ԱՄՆ-ի նշված նահանգներում եւ Լեհաստանում) եւ կամավոր՝ միայն հանցագործի համաձայնությամբ կիրառվող (նման կարգավորում է նախատեսված մի շարք եվրոպական պետություններում` Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Դանիա, Իսրայել, Շվեդիա, Լեհաստան, Նորվեգիա):
Միջազգային փորձի ուսումնասիրությունից բխում է նաեւ, որ քիմիական կաստրացիան կիրառվում է հետեւյալ ընթացակարգով`
սեռական անձեռնմխելիության համար դատապարտված հանցագործները պատիժը կրելու ավարտից առաջ` հիմնականում մեկ շաբաթ առաջ, պարտադիր կերպով անցնում են բժշկական-հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն: Փորձաքննության արդյունքում, եթե հաստատվում է ապագայում այդ հանցագործության կատարման հնարավորությունը, այդ անձանց առաջարկվում է կիրառել քիմիական կաստրացիա: Հրաժարվելու դեպքում նրանց նկատմամբ նշանակվում է հիվանդանոցային հարկադիր բուժում` նրանց հասարակությունից մեկուսացնելու միջոցով: Դա կիրառվում է այնքան ժամանակ, մինչեւ այդ անձինք համաձայնվում են քիմիական կաստրացիայի, կամ դատարանը` համապատասխան բժշկական-հոգեբանական-հոգեբուժական փորձաքննության հիման վրա հաստատված է համարում նրանց հանրային վտանգավորության բացակայությունը:
Մեծ Բրիտանիայում նույնպես ներդրվել է քիմիական կաստրացիա` անձի համաձայնությամբ: Բացի դրանից՝ ընդունվել է Մեգանի օրենքին համահունչ օրենք, որի համաձայն նախկինում սեռական հանցագործություն կատարած անձանց ցուցակները հրապարակվում են:
Չեխիան աշխարհի գրեթե միակ երկիրն է, որտեղ կիրառվում է ֆիզիկական կաստրացիա: Այն կիրառվում է հիմնականում կրկնահանցագործների նկատմամբ եւ միայն կամավոր հիմունքներով:
Լեհաստանը միակ եվրոպական երկիրն է, որտեղ քիմիական կաստրացիան կիրառվում է անկախ անձի համաձայնությունից: Դա պարտադիր կերպով կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր բռնաբարել են մինչեւ 15 տարեկան անձանց կամ մերձավոր ազգականի: Այլ սեռական բնույթի հանցագործությունների կատարման համար դրա կիրառման հնարավորությունը որոշում է դատարանը, որն այդ որոշումը կայացնում է անձին ազատ արձակելուց 6 ամիս առաջ:
Հարավային Կորեան դարձել է առաջին ասիական երկիրը, որտեղ քիմիական կաստրացիան նախատեսված է որպես քրեական պատիժ: Օրենքը հնարավորություն է տալիս դատարաններին որպես պատիժ նշանակել քիմիական կաստրացիան մինչեւ 15 տարի ժամկետով` անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություն կատարած անձանց նկատմամբ:
Վերլուծելով նշված փորձը՝ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նպատակահարմար է քիմիական կաստրացիան դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես հանցագործությունների կանխման միջոց:
Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`
1. «Քիմիական եղանակով ստերջացում իրականացնելու համար անհրաժեշտ հորմոնալ դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝ օրենքի ընդունումից 6 ամիս հետո:
2. «Քիմիական ստերջացում իրականացնելու համար անհրաժեշտ համալիր փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում՝ օրենքի ընդունումից 6 ամիս հետո:
Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
Հարգանքով` |
|
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ |
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:
Նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի դրական ազդեցություն:
1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջացնի:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխությոնւներ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխությոնւներ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: