ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ պարոն ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ Հարգելի պարոն Նիկոյան Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Վարդան Բոստանջյանի եւ Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: I. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝ 1. 5-րդ հոդվածով լրացվող 9.2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «դադարեցնել անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցումը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումն ուժը կորցրած ճանաչել» բառերով` նկատի ունենալով «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները. 2. 6-րդ հոդվածի 3-րդ ենթակետով ուժը կորցրած է ճանաչվում օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» ենթակետը, որի կապակցությամբ առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը խմբագրել` հանելով «եւ «ժ» բառերը: 3. 8-րդ հոդվածով լրացվող՝ 1) 24.2-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ էթիկայի հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների իրականացման համար եզրակացություններ տվող մարմին չէ եւ, ըստ էության, խորհրդակցական մարմին է: Ավելին՝ նախագիծը չի կարգավորում, թե հանձնաժողովի որոշումները պարտադիր են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների համար, թե՝ ոչ: Բացի դրանից՝ գտնում ենք, որ՝ ա. նշված դրույթները կարող են հանգեցնել իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման, բ. հանձնաժողովի պահանջը չի կարող հիմք լինել ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացման համար, քանի որ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց մասով դրանք սահմանված են տվյալ ոլորտը կարգավորող օրենքներով. 2) 24.3-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետից հանել «եւ իրավաբանական անձի կնիքը» բառերը: 4. 10-րդ հոդվածի 2-րդ կետն անընդունելի է, քանի որ գործող կարգն ավելի ճկուն է, թույլ է տալիս հարցերի կարգավորման ցանկալի բանակցային լուծումներ: Մինչդեռ առաջարկվում է չափազանց կոշտ լուծում, որի արդյունքում գլխադասային հանձնաժողովն ընթացակարգային մեխանիզմներով օրենսդրական նախաձեռնությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկումն անժամկետ հետաձգելու որոշմամբ բանակցային փոխզիջումների այլ որակ է պարտադրում օրենքի նախագծի հեղինակին: Այս նկատառումներով անընդունելի է նաեւ օրենքի նախագծի 15-րդ հոդվածը: Բացի դրանից՝ 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է մինչեւ մեկ տարի, իսկ օրենքի նախագծի 15-րդ հոդվածում նախատեսված է հետաձգում՝ մեկ անգամ՝ անժամկետ: 5. 19-րդ հոդվածով լրացվող 99.1-ին հոդվածը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 62-րդ եւ 67-րդ հոդվածներին չի համապատասխանում: Մասնավորապես, 62-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Այդ առումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին չի կարող վերապահվել էթիկայի հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելու լիազորություն: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 67-րդ հոդվածը պատգամավորի լիազորությունների դադարման համար որպես հիմք սահմանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի խախտման փաստը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ ընդունվող որոշումը հնարավոր է չապահովի նշված դրույթի անմիջականորեն կատարումը: Նշված դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններին: 6. 20-րդ հոդվածով լրացվող 105.2-րդ հոդվածի՝ 1) 7-րդ մասն անընդունելի է, քանի որ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի՝ անհետաձգելի համարումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավունքն է, ինչն օրենքով չի կարող սահմանափակվել. 2) 8-րդ եւ 9-րդ կետերը հանել, քանի որ դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համար սահմանելով լրացուցիչ ժամկետներ: II. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ՝ 1. 2-րդ հոդվածի՝ 1) 1-ին կետի համաձայն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների համար նախատեսված է բացառություն, որի համաձայն պատգամավորն իր կարգավիճակը կարող է օգտագործել կուսակցությունների կամ կրոնական միավորումների համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու նպատակով: Նշված դրույթը հիմնավորման կարիք ունի, քանի որ, ըստ օրենքի նախագծի դրույթների, ստացվում է, որ միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, ի տարբերություն կուսակցության անդամ հանդիսացող այլ բարձրաստիճան պաշտոնատար անձի, օրինակ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամի, կարող է հանդես գալ ի շահ իր ներկայացրած քաղաքական կուսակցության կամ այլ միավորման: Եթե խոսքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շրջանակներում սեփական կուսակցության անունից, այդ թվում՝ նրա շահերը ներկայացնելու նպատակով, հանդես գալու մասին է, ապա նման իրավունքն ուղղակիորեն ածանցվում է (կուսակցական) պատգամավորի կարգավիճակից, եւ օրենքում բացառություն անելու անհրաժեշտություն չկա: Այդ առումով օրենքի նախագծով նախատեսված դրույթը, առանց օբյեկտիվ հատկանիշների տարանջատման, բարձրաստիճան պաշտոնատար անձանց տարբեր խմբերի համար անհավասար պայմաններ է ստեղծում. 2) 2-րդ կետի համաձայն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասից հանվում են «10 եւ ավելի տոկոս» բառերը, ինչը նույնպես հիմնավորման կարիք ունի: Գտնում ենք, որ օրենքի 30-րդ հոդվածն առավել հստակ կարգավորում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց շահերի բախման հետ կապված հարաբերությունները եւ այդ առումով նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությունները լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն: Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ այն, որ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը դեռեւս ուժի մեջ չի մտել եւ այդ առումով գտնում ենք, որ օրենքի գործնական կիրառման արդյունքում կարող են ի հայտ գալ օրենքի առանձին թերություններ: Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար է համարում նշված օրենքում փոփոխություններ կամ լրացումներ կատարել միայն օրենքի գործնական կիրառման արդյունքում, ինչը հնարավորություն կտա ապահովելու կատարվող փոփոխությունների եւ լրացումների հիմնավորվածությունն ու արդյունավետությունը: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Oրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման ազդեցության գնահատականը:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների (այսուհետ` օրենքներ) նախագծերի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում: Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեությանը եւ վարքագծի կանոններին, Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի իրավասություններին եւ հանրային ծառայողների իրավունքներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագծեր) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն: Նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն: Նախագծերը սոցիալական պաշտպանության ոլորտում ունեն չեզոք ազդեցություն: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում։ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: |