ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի, Արտյուշ Շահբազյանի, Արծվիկ Մինասյանի եւ Գոհար Ենոքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հարկման օբյեկտներից բացառել 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարանները: Հարկ ենք համարում նշել այն, որ, համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի, բազմաբնակարան բնակելի շենքերի կադաստրային գնահատման արժեքը որոշելիս` 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար սահմանված է 0.0 գործակից: Այսինքն` 4-րդ կարգի վնասվածության բնակարանների համար ֆիզիկական անձինք գույքահարկ չեն վճարում (քանի որ գույքահարկը հաշվարկվում է որպես մեկ քառակուսի մետրի արժեքի, մակերեսի եւ համապատասխան գործակիցների արտադրյալ):

Ինչ վերաբերում է 3-րդ կարգի վնասվածության  բնակարանների (որոնց համար սահմանված է 0,5 գործակից) գույքահարկից ազատմանը, հայտնում ենք, որ հարցը կարող է կարգավորվել նշված բնակարանների մասով ֆիզիկական անձանց ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով օրենքով սահմանված իրավասությունների շրջանակներում արտոնությունների տրամադրմամբ:

Պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետությունը համայնքային բյուջեների նկատմամբ կկրի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:

Հարկ ենք համարում նշել, որ 2008-2011 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հարկաբյուջետային բնագավառում քաղաքականություն իրականացնելիս նպատակահարմար չի գտել առանձին դեպքերում (ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց, տեղական ինքնակառավարման մարմիններին) հարկային արտոնություններ տրամադրելը: Բացառություն են կազմել այն միջոցառումները, որոնք ունեցել են ընդգծված սոցիալական կամ հակաճգնաժամային բնույթ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Կից ներկայացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 
 

Եզրակացություն

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/  սոցիալական պաշտպանության  ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծը ունի դրական  ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան շենքերը գույքահարկից ազատելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  (այսուհետ` Նախագիծ) գույքահարկի հարկման օբյեկտ չեն հանդիսանա 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարանները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում է «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հարկման օբյեկտներից բացառել 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարանները:

Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածով 4-րդ կարգի վնասվածության շինությունների համար սահմանված է 0.0 գործակից: Այսինքն` բազմաբնակարան բնակելի շենքերի 4-րդ կարգի վնասվածության բնակարանների համար ֆիզիկական անձինք գույքահարկ չեն վճարում (քանի որ գույքահարկը հաշվարկվում է որպես մեկ քառակուսի մետրի արժեքի, մակերեսի, եւ համապատասխան գործակիցների արտադրյալ):

Միաժամանակ, նախագծին կից ներկայացված չեն համայնքներում առկա 3-րդ կարգի վնասվածության  բնակարանների, ինչպես նաեւ դրանց մասով հաշվարկված գույքահարկի վերաբերյալ տեղեկատվությունը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը` ներկայացված նախագծի ընդունումը ենթադրում է համայնքների բյուջեների եկամուտների նվազեցում: Սակայն նախագծի ընդունման դեպքում համայնքների բյուջեների  եկամուտները գույքահարկի գծով չեն նվազի, քանի որ «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն  այդ կորուստները կփոխհատուցվեն պետության կողմից:

Միաժամանակ, հաշվի առնելով վերոնշյալ տեղեկատվության  բացակայությունը` վերոնշյալ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության կոնկրետ գնահատում հնարավոր չէ իրականացնել: