ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Նիկոյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 1-ին հոդվածով առաջարկվող նոր խմբագրությունից անհրաժեշտ է հանել «կամ այդպիսի առաջարկներ չեն արվում» բառերը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան՝ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենսդրական ակտերի նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ տալու նպատակով:»: Հանձնաժողովի նիստում քննարկված հարցի վերաբերյալ տվյալ հանձնաժողովի անդամների կողմից եզրակացության առաջարկություն չներկայացվելու դեպքում առաջարկություն ներկայացնելու պարտականությունն օրենքով պետք է դրվի նիստը վարողի վրա:

2. 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող դրույթներով սահմանվում են այն դեպքերը, որոնց պարագայում գլխադասային հանձնաժողովը լիազորված է հերթական նստաշրջանի կամ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում օրենքի նախագծի ընդգրկման կապակցությամբ տալ բացասական եզրակացություն: Այդ առումով գտնում ենք, որ նշված կետում նախատեսվող դեպքերը լիովին չեն կարգավորում գլխադասային հանձնաժողովի կողմից բացասական եզրակացություն ներկայացվելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, գտնում ենք, որ հանձնաժողովը պետք է բացասական եզրակացություն ներկայացնի նաեւ այն դեպքերում, երբ համապատասխան նախագիծն իրավական առումով լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, ինչպես նաեւ նշված կետի ենթակետերով նախատեսվող պահանջներին, սակայն հակասում է տվյալ բնագավառում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը:

Դրա հետ մեկտեղ՝ ընդունելի չեն 2-րդ մասի՝

1) «դ» կետով առաջարկվող դրույթը, քանի որ չի բացառվում սուբյեկտիվ գնահատող մոտեցումը, որի արդյունքում հնարավոր է միմյանց փոխկապակցված օրենքների նախագծերի փաթեթին արհեստականորեն տրվի բացասական եզրակացություն: Հետեւաբար, անհրաժեշտ է սահմանել համարժեք երաշխիքներ՝ նման իրավիճակները կանխելու համար:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասին.

 2)  «ե» կետով առաջարկվող դրույթը, քանի որ օրենքի նախագծի կամ օրենքի նախագծերի փաթեթի՝ տեխնիկական թերություններով ներկայացված լինելը չպետք է հիմք հանդիսանա նախաձեռնության վերաբերյալ բացասական եզրակացություն ներկայացնելու եւ, ապա, ըստ օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, շրջանառությունից հանելու համար:

3. Առաջարկում ենք հանել 6-րդ հոդվածի 1-ին կետը, քանի որ oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին պատգամավորի ներկայացրած տեղեկանքը վկայում է վերջինիս կողմից իրավական դաշտի ամբողջական ուսումնասիրման մասին:

4. 10-րդ հոդվածի՝

1) 4-րդ ենթակետում անհրաժեշտ է հստակեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը կատարվող հղումը՝ «75-րդ հոդվածով» բառերը փոխարինելով «75-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 2-րդ ենթակետին.

2) 4-րդ ենթակետով կատավող լրացման 3.1-ին մասի կիրառման արդյունքում օրենքի նախագիծը կարող է արմատական, հայեցակարգային փոփոխության ենթարկվել: Հայեցակարգային փոփոխությունները հնարավոր է համահունչ չլինեն Հայաստանի Հանրապետության կառավարության՝ տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությանը եւ փոխեն ազդեցության գնահատականը: Ուստի, անհրաժեշտ է օրենքի նախագծում նախատեսել դրույթ, որի համաձայն համանման դեպքերում օրենքի նախագիծը կրկին կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ կարծիքի:

5. 11-րդ հոդվածի 1-ին ենթակետով առաջարկվող փոփոխությունը հիմնավորման կարիք ունի, քանի որ գործող կարգն առավել արդյունավետ է:

6. Անհրաժեշտ է 12-րդ հոդվածը լրացնել 70-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու մասին դրույթով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Oրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

 Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
 

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում  եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


Եզրակացություն

« Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ վերաբերյալ  սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման համաձայն:

Նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի չեզոք ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ ԱԺ որոշման նախագծի ներկայացման եւ շրջանառության մեջ դնելու ընդհանուր դրույթներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում։