ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


  
Հարգելի պարոն Աբրահամյան 
  
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Կարեւորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձեւավորման, երկրում սոցիալական եւ քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ի պետական աջակցության եւ դրա զարգացման ուղղությամբ՝ պետական աջակցության ոլորտը կարգավորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, մասնավորապես, 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված  «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին» արձանագրային որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու մասին» N 282 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1790-Ն որոշմամբ: Ավելին, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ, որը պետական մարմիններին փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի զարգացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով գործարար համայնքի հետ համատեղ իրականացնում է համապատասխան միջոցառումներ: Բացի դրանից, ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատողների հաշվապահական եւ հարկային ունակությունների զարգացման, մասնավորապես, սուբյեկտների մոտ հաշվապահական հաշվառման, հարկային հաշվետվությունների կազմման, ինչպես նաեւ հարկային համակարգին առնչվող այլ հարցերի ուղղությամբ առաջացող խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով 2009 թվականին հիմնադրվեց ՓՄՁ-ի սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոն, որը կառավարում է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան: Ընդ որում, հաշվապահական կենտրոնում մրցութային կարգով ընդգրկված հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄԿ-ներ) միջոցով մատուցվում են հաշվապահական հաշվառման վարման եւ հարկային հաշվետվությունների կազմման ծառայություններ` ըստ հաստատված միասնական գնացուցակի:

Տեղին  է նշել, որ Հայաստանում ՓՄՁ-ի պետական աջակցության առավել նպատակային իրականացման, ՓՄՁ-ի ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցման ու կատարելագործման, ինչպես նաեւ Եվրամիության չափանիշների մոտարկման եւ ՓՄՁ-ի ոլորտը բնութագրող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

Ներկայացված օրենքի նախագծում ներառված են ՓՄՁ-ի սուբյեկտների դասակարգման չափորոշիչներին, դրանց տարբերակող սահմանային հատկանիշներին (թվաքանակային եւ ֆինանսական), ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նորմատիվ-իրավական կարգավորման առանձնահատկություններինԴ աջակցության ենթակառուցվածքներինԴ ուղղություններին եւ սկզբունքներին վերաբերող դրույթներ: Հարկ է նկատի ունենալ այնԴ որ նշված իրավական ակտերով արդեն իսկ կարգավորված են ՓՄՁ-ի աջակցության միասնական չափորոշիչները, ֆինանսավորման աղբյուրները, ՓՄՁ-ի ոլորտի հիմնական նպատակներն ու քաղաքականությունը, սկզբունքները, ՓՄՁ-ի աջակցության ենթակառուցվածքները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովելու միասնական քաղաքականության իրականացումը: Ներկայումս էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրերում հիմք են ընդունվում գործող օրենքով նախատեսված աջակցության ուղղություններն ու սկզբունքները:

2. Օրենքի նախագծում ներկայացված ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցության պայմաններին ու կարգին, ինչպես նաեւ ձեւերին ու տեսակներին (ֆինանսական, գույքային, տեղեկատվական, կադրերի վերապատրաստման, խորհրդատվական, արտաքին տնտեսական գործունեության ընդլայնման, արտադրության, նորարարությունների, արհեստագործության, գյուղատնտեսության եւ այլն) առնչվող դրույթներն արտացոլում են Հայաստանում մասնավոր հատվածի, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման մարտահրավերները: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առավել նպատակահարմար է համարում, որ դրանք ներկայացված լինեն ռազմավարական (հայեցակարգային) բնույթի փաստաթղթերումԴ քանի որ ՓՄՁ-ի պետական աջակցությունը դինամիկ գործընթաց է, որը պարբերաբար ձեւափոխվում եւ ստանում է նոր բովանդակություն` երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացումներին (փոփոխություններին) զուգընթացԴ իսկ ՓՄՁ-ի պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներում ավելի ճկուն եւ իրատեսական լինել՝ աջակցության գործիքակազմը ձեւավորելու եւ առկա ռեսուրսները վերաբաշխելու առումով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նոր ռազմավարություն (հայեցակարգ): Օրենքի նախագծում ներկայացված նշված դրույթները նպատակահարմար է դիտարկել ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ռազմավարության (հայեցակարգի) համատեքստում:

3. Օրենքի նախագծում տարանջատված են ՓՄՁ-ի պետական աջակցության բնագավառում պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Հարկ է նկատի ունենալ այն, որ թեԲ պետական եւ թեԲ տարածքային կառավարման մարմինները պետական կառավարման մարմիններ են, եւ նրանց կողմից իրականացվող՝ նախագծով նախատեսված ծրագրերի տարանջատումը նպատակահարմար չէ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետք է իրականացվի միասնական քաղաքականություն: Ներկայումս, ըստ առանձին ուղղությունների ու ոլորտների, ՓՄՁ-ի պետական աջակցության կոնկրետ մեխանիզմները կիրարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերում, ինչպես նաեւ տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող եւ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվող աջակցության մեխանիզմներն օրենքի նախագծով ամրագրելուն, ապա հարկ է նկատի ունենալ այն, որ վերջիններս, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, նման իրավասություն ունեն, իսկ, կապված համայնքի կարողությունից ու մի շարք այլ գործոններից, ՓՄՁ-ի աջակցության մեխանիզմները յուրաքանչյուր համայնքում կարող են ունենալ իրենց առանձնահատկությունները:

Բացի դրանից, տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն են որոշում իրենց պատկանող գույքը տնօրինելու ձեւերը եւ պայմանները` համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջի, ինչպես նաեւ իրենց բյուջեների միջոցների բաշխումը` համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի: Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «մունիցիպալ երաշխիքների» տրամադրում նախատեսված չէ: Ինչ վերաբերում է համայնքների միջոցով ՓՄՁ-ի սուբյեկտներին ֆինանսական աջակցության ցուցաբերմանը, ապա հարկ է նշել, որ, համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվում են միայն դոտացիաներ եւ սուբվենցիաներ:

4. Օրենքի նախագծի ամբողջ տեքստում հարկ է նկատի ունենալ այն, որ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը չի կարող տարածվել քաղաքացիների վրա:

5. Օրենքի նախագծով նախատեսված ՓՄՁ-ի ոլորտում պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող դրույթները կարգավորված են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ պաշտոնական վիճակագրության բնագավառը կարգավորող այլ օրենքներով ու ենթաօրենսդրական ակտերով: Այդ առումով օրենքի նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասը հակասում է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

6. Օրենքի նախագծում առկա են հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող մի շարք դրույթներ, մասնավորապես, օրենքի նախագծի՝

1) 3-րդ հոդվածի`

ա. 1-ին մասում հարկ է նկատի ունենալ այն, որ «սուբյեկտային հատկանիշներ ունեցող հասկացություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ,

բ. 2-րդ եւ 3-րդ մասերում անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ, եթե ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է, ապա ֆինանսավորման չափը պետք է նախատեսվի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նույն դիտողությունը  վերաբերում է 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին.

2) 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ պետական կառավարման մարմինները չեն կարող պատասխանատվություն կրել։ Նրանց փոխարեն պատասխանատվություն կրում են պաշտոնատար անձինք.

3) 15-րդ հոդվածի 2-րդ մասում անհրաժեշտ է պարզաբանել, թե որոնք են «ձեռնարկատիրության զարգացման կենտրոններն ու գործակալությունները», «ենթակապալառուների աջակցության կենտրոնները», «մարքեթինգային ու կրթագործնական կենտրոնները», «ապրանքների արտահանմանն աջակցող գործակալություններն ու կազմակերպությունները», «արհեստավորների պալատները», «խորհրդատվական կենտրոնները, ռիսկերի գնահատման եւ կանխատեսումային կենտրոններն ու այլ կազմակերպություններ»: Անհրաժեշտ է հստակեցնել նաեւ նշված կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթների շրջանակը.

4) 18-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ գործարքն անվավեր ճանաչելու, գույքը վերադարձնելու, վեճերը դատական կարգով լուծելու հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ սույն օրենքի կարգավորման առարկա չեն: Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ   4-րդ եւ 5-րդ մասերին.

5) 25-րդ հոդվածում անհրաժեշտ է նկատի ունենալ այն, որ «Գյուղատնտեսության զարգացման մասին», «Գյուղացիական ֆերմերային տնտեսության մասին» եւ «Մասնավոր օժանդակ տնտեսության մասին» օրենքներն ընդունված չեն: Նույնը վերաբերում է նաեւ 3-րդ հոդվածի 1-ին մասին:

7. Հաշվի առնելով օրենսդրական տեխնիկայի պահանջները՝

1) 4-րդ հոդվածի 7-րդ մասը «հարկային» բառից հետո լրացնել «ծառայություն» բառով.

2) 5-րդ հոդվածի 2-րդ մասի`

ա. 2-րդ կետում «ամբողջական» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրիվ» բառով` համաձայն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի, իսկ «հասցեն» բառը պետք է հանել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի պահանջի,

բ. 3-րդ կետը «առկայության» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «անձնագրում» բառով,

 գ. 7-րդ կետում անհրաժեշտ է «անվանումը, համարը եւ ամսաթիվը» բառերը փոխարինել «լրիվ անվանումը» բառերով` համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի.

3) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «ձեռնարկությունների» բառն անհրաժեշտ է փոխարինել «կազմակերպությունների» բառով` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջի.

4) 14-րդ հոդվածի՝

ա. 3-րդ մասի 1-ին կետից անհրաժեշտ է հանել «(բացառությամբ սպառողական կոոպերատիվների)» բառերը, քանի որ սպառողական կոոպերատիվը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ,

բ. 6-րդ կետը սահմանում է վարչարարության կրճատ ժամկետների սահմանման հնարավորություններ եւ միաժամանակ դրանց սահմանումը կապում է մունիցիպալ ծրագրերի հետ: Համաձայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի` վարչարարության վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է, սակայն օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրվանից կարճ կամ ավելի երկար ժամկետներ: Ուստի, ժամկետները պետք է սահմանել օրենքի նախագծում.

5) 26-րդ հոդվածի 1-ին մասի անհրաժեշտությունը չկա, քանի որ հարցը կարգավորված է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածներով:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի ընդունումը, քանզի տնտեսական զարգացման ներկա փուլում առկա են  ձեռնարկատիրական գործունեության, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման եւ պետական աջակցության իրավական-օրենսդրական կարգավորման բոլոր նախադրյալները:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո դրա կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ցանկը եւ ժամանակացույցը`

1) 5-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս.

2) 8-րդ հոդվածի 7-րդ կետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս.

3) 8-րդ հոդվածի 14-րդ կետ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս.

4) 9-րդ հոդվածի 5-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս.

5) 13-րդ հոդվածի 4-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս.

6) 17-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, 3 ամիս:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  
  

            Հարգանքով`   ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի


«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Նախագիծը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ոլորտին, որն արդեն իսկ կարգավորվում է ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես` 2000 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված  «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին» արձանագրային որոշմամբ, ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու մասին» N 282 որոշմամբ, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1790-Ն որոշմամբ: Ուստի առաջարկվող Նախագիծը անհարկի կավելացնի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում արդեն իսկ գործող իրավական կարգավորումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության
բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի)  ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1 հոդվածի եւ 28-րդ հոդվածի պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին»  N 18-Ն որոշման համաձայն:

Գնահատման արդյունքում`

1. Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի դրական ազդեցություն:

2. Սոցիալական պաշտպանության ոլորտում իրավական ակտի դրական ազդեցությունը նկատվում է շահառուների վրա ունեցած ազդեցությամբ: