ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                                                                                ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ 
                                                                                  
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


  Հարգելի պարոն Աբրահամյան 
 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Բալասանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. 1-ին հոդվածով առաջարկվում է սահմանել, որ Գյումրի քաղաքի վերականգնման նպատակով պետությունն ապահովում է ոչ միայն հարկային, այլ նաեւ մաքսային բարենպաստ քաղաքականության իրականացում: Սակայն նախագծով որեւէ անդրադարձ չի կատարվում մաքսային բարենպաստ քաղաքականության հիմքում դրվող կոնկրետ լուծումներին ու գործիքակազմին: Հետեւաբար, հոդվածով նախատեսված լրացումը կրում է դեկրատիվ բնույթ:

2. 2-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ Գյումրի քաղաքում գրանցված եւ արտադրական շինարարություն իրականացնող իրավաբանական անձանց տրամադրվում են արտոնյալ վարկեր: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է հստակեցնել այդ վարկային միջոցների տրամադրման աղբյուրը, քանի որ նախագծից պարզ չէ, թե արդյոք նշված վարկային միջոցները տրամադրվելու են պետական բյուջեից, թե պետական աջակցությունը նախատեսվում է իրականացնել առեւտրային բանկերի միջոցներից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների ֆինանսավորման միջոցով:

Բոլոր դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել հետեւյալ նկատառումները`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ «արտոնյալ վարկ» հասկացություն նախատեսված չէ.

2) աղետի գոտում կան այլ քաղաքներ եւ նրանց ու Գյումրի քաղաքի միջեւ առաջարկվող խորացվող տարբերակված մոտեցումը նպատակահարմար չէ.

3) արտադրական շինարարություն իրականացնող կազմակերպությունները բոլոր դեպքերում հանդիսանում են շահույթ հետապնդող կազմակերպություններ, եւ միայն Գյումրի քաղաքում գրանցված կազմակերպություններին արտոնյալ վարկային միջոցների տրամադրման դեպքում արտադրական շինարարության ոլորտում գործող կազմակերպությունների համար կստեղծվեն ոչ հավասար մրցակցային պայմաններ.

4) մասնավոր առեւտրային բանկերի կողմից այս կամ այն կազմակերպությանը վարկ տրամադրելու կամ չտրամադրելու հարցը ձեռնարկատիրական գործունեության (շահույթ ստանալու նպատակով ինքնուրույն, իր ռիսկով գույքը (դրամը) օգտագործելու) հարց է, եւ օրենքով չի կարող սահմանափակվել ձեռնարկատիրական գործունեություն վարելու հարցում իրավաբանական անձի ինքնուրույնությունը՝ որպես իրավաբանական անձի սահմանադրական իրավունք:

3. 3-րդ հոդվածով առաջարկվում է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր` 2.1-ին մասով` համաձայն որի, հաշվետու ժամանակահատվածում ոչ պակաս, քան 30 տոկոս հաշմանդամ աշխատողներ ունեցող կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է 50 տոկոսով: Առաջարկությունն անընդունելի է հետեւյալ նկատառումներով`

1) նախագծով առաջարկվող արտոնության կիրառությունը խնդրահարույց եւ դժվար իրագործելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության աշխատողների ընդհանուր կառուցվածքում հաշմանդամ աշխատողների տեսակարար կշիռը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում կարող է տարբեր լինել, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը մեկ հաշվետու ժամանակաշրջանում կարող է օգտվել արտոնությունից, հաջորդ հաշվետու ժամանակաշրջանում դադարել օգտվել արտոնությունից, այնուհետեւ կրկին սկսել օգտվել արտոնությունից եւ այսպես շարունակ: Եթե այս ամենին գումարվի նաեւ այն, որ, օրինակ, արտոնությունից օգտվելու հաշվետու ժամանակաշրջանում արտադրված արտադրանքը կարող է օտարվել արտոնությունից չօգտվելու հաշվետու ժամանակաշրջանում (կամ հակառակը), ապա ստացվում է, որ նմանատիպ կազմակերպությունների դեպքում արդյունավետ հարկային վարչարարության իրականացումը գրեթե անլուծելի խնդիր կլինի, իսկ արտոնությունների կիրառության նմանատիպ համակարգի ներդրումն անխուսափելիորեն կհանգեցնի հարկումից խուսափելու անկառավարելի ռիսկերի առաջացման.

2) ավելացված արժեքի հարկի կիրառության միջազգային փորձը վկայում է, որ ավելացված արժեքի հարկի մեկից ավելի դրույքաչափերի (բացառությամբ 0 տոկոսից) կիրառությունը գրեթե անհաղթահարելի հիմնախնդիրներ է առաջացնում, ինչը հաշվի առնելով՝ միջազգային փորձագետների կողմից խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ավելացված արժեքի հարկի երկու եւ ավելի դրույքաչափերի կիրառումից.

3) ավելացված արժեքի հարկը գործարքի նկատմամբ կիրառվող հարկ  է: Հաշվի առնելով նշված հանգամանքը, ինչպես նաեւ այն, որ ապրանքների ազատ տեղաշարժի պայմաններում Գյումրիում արտադրված ապրանքը կարող է սպառվել Երեւանում կամ հանրապետության մեկ այլ քաղաքում` ստացվում է, որ առաջարկվող արտոնության կիրառությունը գործունեության անհավասար ու ոչ մրցակցային պայմաններ կստեղծի միեւնույն գործարքն իրականացնող (միեւնույն ապրանքն արտադրող կամ միեւնույն ծառայությունը մատուցող) տնտեսավարող սուբյեկտների համար` Գյումրի քաղաքում գրանցված եւ հաշվետու ժամանակահատվածում ոչ պակաս, քան 30 տոկոս հաշմանդամ աշխատողներ ունեցող կազմակերպություններին տալով մրցակցային առավելություններ այլ կազմակերպությունների հետ մրցապայքարում.

4) ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունները կիրառվում են հիմնականում սոցիալական, առողջապահական կամ կրթական նշանակություն ունեցող ապրանքների օտարման ու ծառայությունների մատուցման գործարքների նկատմամբ` դրանով իսկ նշված ապրանքներն ու ծառայություններն ավելի մատչելի դարձնելով հասարակության համար: Մինչդեռ նախագծով առաջարկվող արտոնության կիրառության տեսանկյունից կարեւորվում է ապրանքի կամ ծառայության նշանակության հետ բոլորովին կապ չունեցող չափանիշ.

5) առաջարկվող լրացման ընդունման դեպքում «հարկային բեռի» 50 տոկոսի վճարման պարտավորությունը կփոխանցվի իրացման շղթայի հաջորդ օղակում գործող այլ տնտեսավարող սուբյեկտների վրա: Այս դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ հոդվածով կատարվող լրացման 8-րդ մասին.

6) հոդվածի խմբագրությունից ստացվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ոչ պակաս, քան 30 տոկոս հաշմանդամ աշխատողներ ունեցող կազմակերպությունները պետք է կիրառեն ավելացված արժեքի հարկի 50 տոկոս դրույքաչափ, մինչդեռ նախագծի բովանդակությունից պարզ է, որ հոդվածի նպատակը եղել է նշված կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկի կիրառվող դրույքաչափը կիսելը.

7) նախագծի մշակման ժամանակ, թերեւս հաշվի չեն առնվել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսին, օրինակ, նշված օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված մոտեցումն է: Վերջինիս կիրառության դեպքում նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող արտոնությունն ինքնանպատակ կլինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնության կիրառությունը, ըստ էության, չի կարող կրճատել տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող ավելացված արժեքի հարկի գումարները.

8) առաջարկվող լրացումը, ըստ էության, հաշմանդամներին ուղղակի աջակցության, սոցիալական պաշտպանվածության ուղղակի բարձրացման փոխարեն նախատեսում է «աջակցության» միջնորդավորված տարբերակ: Արդյունքում այդ աջակցությունը կարող է նշանակել միայն կազմակերպություններին աջակցություն եւ որեւէ կերպ չանդրադառնալ հաշմանդամների սոցիալական պաշտպանվածության մակարդակի վրա.

9) հոդվածը խնդրահարույց է դրանում կիրառվող հասկացությունների առումով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատողների թվաքանակի հաշվարկման ժամանակ ընդունված է կիրառել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են «աշխատողների ցուցակային թվաքանակը», «աշխատողների միջին ցուցակային թվաքանակը», «աշխատանքի ներկայացած աշխատողների թվաքանակը», առանց որոնց աշխատողների թվաքանակի կամ կառուցվածքի վերաբերյալ ճշգրիտ հաշվառում վարելը հնարավոր չէ:

Միաժամանակ, հայտնում ենք, որ հաշմանդամներին աշխատանքի ընդունումը խրախուսելու նկատառումներով գործող օրենսդրությամբ արդեն իսկ արտոնություններ են նախատեսվել այն գործատուների համար, որոնք ունեն հաշմանդամ վարձու աշխատողներ: Մասնավորապես՝

1) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի համաձայն հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով.

2) «Բնակչության զբաղվածության եւ գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ անձանց, այդ թվում՝ հաշմանդամներին աշխատանքի ընդունելու դեպքերում պետությունը գործատուին փոխհատուցում է տվյալ աշխատողին վճարվող աշխատավարձի որոշ մասը:

4. 4-րդ հոդվածն անընդունելի է հետեւյալ նկատառումներով`

1) 1-ին մասով նախատեսվում է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում ամրագրել, որ «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար հատկացվող ամենամյա գումարի առնվազն 30 տոկոսը պետք է ուղղվի Գյումրի քաղաքում համապատասխան ծրագրերի իրականացմանը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ՝

ա. փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին պետական աջակցության տարեկան ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցությունն իրականացվում է տվյալ տարածաշրջանից առկա հայտերի հիման վրա, եւ նախագծով առաջարկվող սահմանափակման կիրառությունը կհանգեցնի նշված ծրագրի իրագործման արդյունավետության նվազեցմանը,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքային համայնքների աղքատության սանդղակում առկա են առավել աղքատ քաղաքային համայնքներ, եւ նախատեսվող առանց այն էլ սուղ միջոցներից 30 տոկոսը մեկ համայնքին ուղղելու դեպքում կնվազի այլ համայնքներում ծրագրերի իրականացման հնարավորությունը, որի հետեւանքով աղքատության մակարդակն էլ ավելի կխորանա,

գ. 2012 թվականի հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանությանն արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով հանրապետության բոլոր մարզերի համար նախատեսում է ապահովել հավասար տնտեսական աճ, իսկ տնտեսավարող սուբյեկտների համար՝ տնտեսական գործունեության հավասար պայմաններ.

2) 2-րդ մասով նախատեսվում է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում ամրագրել, որ «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրանսպորտային, ճանապարհային տնտեսությանը եւ կապին հատկացվող գումարի առնվազն 1 տոկոսը պետք է ուղղվի «Շիրակ» օդանավակայանի կատարելագործմանն ու պահպանմանը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 965-Ն որոշմամբ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հանձնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը` կոնցեսիոն կառավարման, եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շահագործման, պահպանման ու կատարելագործման հետ կապված ներդրումներն իրականացնում է կոնցեսիոները (մասնավորապես, արդեն իսկ իրականացվել է թռիչքուղու վերանորոգում).

3) 3-րդ մասով նախատեսվում է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում ամրագրել, որ Գյումրի քաղաքի վարչական տարածքում «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հատկացված միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման համար անցկացվող մրցույթներում, որպես մրցույթին մասնակցության պարտադիր պայման, դիտարկվում է տվյալ աշխատանքների իրականացման համար առնվազն 50 տոկոս Գյումրի քաղաքում հաշվառված քաղաքացիների ներգրավումը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նման կարգավորումը`

ա. խտրական մոտեցում է սահմանում աշխատանքի հավասար իրավունք ունեցող քաղաքացիների միջեւ եւ նախատեսում է աշխատանքի ընտրության ազատության իրավունքի սահմանափակում: Մասնավորապես, նախագծի նշված դրույթի ընդունման եւ կիրառման արդյունքում կստացվի, որ Գյումրի քաղաքում գրանցված եւ արտադրական շինարարություն իրականացնող կազմակերպությունը Գյումրի քաղաքի հաշվառում չունեցող եւ տվյալ կազմակերպությունում արդեն իսկ աշխատող քաղաքացիներին պետք է ազատի աշխատանքից ու տվյալ աշխատանքներում ներգրավի Գյումրի քաղաքում հաշվառված քաղաքացիներին: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու եւ քաղաքացու հավասարության սկզբունքն ամրագրվել է որպես գերակա սկզբունք։ Այսպես, խտրականության բացառման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածով, որով հստակ ամրագրվել է. «Բոլոր մարդիկ հավաuար են oրենքի առջեւ։ Խտրականությունը, կախված uեռից, ռաuայից, մաշկի գույնից, էթնիկական կամ uոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամաuնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։»։ Իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 32-րդ հոդվածն ամրագրում է յուրաքանչյուրի՝ աշխատանքի ընտրության ազատության իրավունքը: Այսինքն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հավասարության սկզբունքի իրականացումն առանց խտրականության` բոլորի համար նախատեսելով հավասար իրավունքներ եւ դրանց իրականացման երաշխիքներ՝ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում,

բ. խտրականություն է սահմանում նաեւ շինարարություն իրականացնող կազմակերպությունների համար՝ նախատեսելով անհավասար մրցակցային պայմաններ, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի պահանջներին` համաձայն որի Հայաuտանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեuական գործունեության ազատությունն ու ազատ տնտեuական մրցակցությունը: Մինչդեռ, նախագծով շինարարական աշխատանքների իրականացման համար անցկացվող մրցույթի առնչությամբ նման պարտադիր պայմանի սահմանման արդյունքում շատ կազմակերպություններ չեն կարող մասնակցել նշված մրցույթներին,

գ. չի համապատասխանում նաեւ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված գնման գործընթացը միասնական կանոններով, մրցակցային եւ ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակն ընդլայնելու ու նրանց միջեւ մրցակցության խրախուսման սկզբունքներին.

4) 4-րդ մասով նախատեսվում է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածում ամրագրել, որ Գյումրի քաղաքում առնվազն 100 միլիոն դրամ ուղղակի ներդրում կատարող կազմակերպությունները 3 տարի ժամկետով ազատվում են շահութահարկի վճարումից, իսկ առնվազն 200 միլիոն եւ ավելի դրամ ուղղակի ներդրում կատարող կազմակերպությունները 3 տարի ժամկետով ազատվում են ավելացված արժեքի հարկից ու շահութահարկից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

ա. հարկային արտոնությունների տրամադրումը կանոնադրական կապիտալում կատարվող ներդրումների մեծությամբ պայմանավորելը հաճախ ակնկալվող արդյունքը չի ապահովում, եւ փոխարենը տարբերակված մոտեցումների կիրառությունն ստեղծում է հարկումից խուսափելու հնարավորություններ` անհարկի բարդացնելով հարկային վարչարարության իրականացումը:

Հատկանշական է նաեւ այն, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի կիրառության ժամանակ (գործել է 1999 թվականից մինչեւ 2009 թվականը, որով շահութահարկի գումարը 50 կամ 100 տոկոսով նվազեցնելու հնարավորություն է նախատեսվել այն կազմակերպությունների համար, որոնց կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրումների մեծությունը կգերազանցեր 500 միլիոն դրամը) Գյումրի քաղաքում գրանցված կազմակերպություններում որեւէ էական ներդրում չի կատարվել, ինչը որոշակիորեն կարող էր երաշխավորել նախագծով առաջարկվող արտոնության կիրառությունից ակնկալվող արդյունքների ստացումը:

Բացի դրանից, շահութահարկի գծով արտոնությունների կիրառության նախկին տարիների փորձով ապացուցվել է, որ ակնկալվող արդյունքը չապահովվեց նույնիսկ այնպիսի արտոնության կիրառմամբ, որը ենթադրում էր նոր ստեղծվող կազմակերպություններին գործունեության առաջին 2 տարիների մասով շահութահարկի վճարումից ամբողջությամբ ազատում:

Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի գծով առաջարկվող արտոնության տրամադրմանը, ապա այն գործունեության խիստ անհավասար պայմաններ կստեղծի հենց Գյումրի քաղաքում միեւնույն ապրանքն արտադրող կամ ծառայությունը մատուցող տնտեսավարող սուբյեկտների միջեւ: Մասնավորապես, արտոնության կիրառության դեպքում կստացվի, որ համեմատաբար խոշոր կազմակերպությունները, որոնք ապահովել են նախագծով ներկայացված ներդրումների նվազագույն շեմը եւ ըստ այդմ սկսել են օգտվել ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունից, հնարավորություն կստանան իրենց ապրանքները վաճառել կամ ծառայությունները մատուցել ավելի ցածր գներով, քան նույն Գյումրի քաղաքում գործող փոքր տնտեսավարող սուբյեկտները` դրանով իսկ հիմնովին խաթարելով վերջիններիս հետագա գործունեությունը,

բ. նախատեսված ժամկետները հստակեցման կարիք ունեն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով օրենքի գործողության ժամկետը սահմանված է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչը նշանակում է, որ այդ ժամկետից հետո նշված օրենքը` փոփոխություններով եւ լրացումներով հանդերձ, այլեւս իրավաբանական ուժ չի ունենա (նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներն ընդգրկում են ավելի երկար ժամանակահատված, քան մնացել է մինչեւ օրենքի գործողության ավարտը):

5. Արտոնությունների տրամադրմանը վերաբերող դրույթները կարող են գործել տվյալ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներում դրանք ներառելու դեպքում, ուստի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ նախատեսել նաեւ այլ օրենքներում, մասնավորապես, «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում:

6. Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն, նախագիծը միտված է Գյումրի քաղաքում կատարվող ներդրումների խրախուսմանը: Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ արդեն իսկ սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք ուղղված են ներդրումների խրախուսմանը ոչ միայն Գյումրի քաղաքում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ չի գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված արտոնություններին:

7. Նախագծում առկա են օրենսդրական տեխնիկայի կանոնների խախտումներ:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`  ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


  
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
 
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ


«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն

«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` Նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում  կարգավորման ազդեցության գնահատման


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 271 հոդվածով, համաձայն ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման` իրականացվել է «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատում, համաձայն որի` նախագիծը սոցիալական պաշտպանության ոլորտում ունի դրական ազդեցություն: 
   

 
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման


1. «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա, քանի որ այն միտված է Գյումրի քաղաքում խոշոր ներդրումներ կատարող կազմակերպություններին որոշակի հարկային արտոնություններ տրամադրելուն:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագծով կատարվող փոփոխությունները եւ լրացումները բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին  եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Եզրակացություն
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ


«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ`

ա) հաշվետու ժամանակաշրջանում ոչ պակաս քան 30 տոկոս հաշմանդամ աշխատողներ ունեցող կազմակերպությունների համար ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է 50 տոկոսով,

բ) Գյումրի քաղաքում առնվազն 100 միլիոն դրամ ուղղակի ներդրում կատարող կազմակերպություններն ազատվում են շահութահարկից 3 տարի ժամկետով, իսկ 200 միլիոն դրամ եւ ավելի ուդղակի ներդրում կատարող կազմակերպությունները` շահութահարկից եւ ավելացված արժեքի հարկից 3 տարի ժամկետով:

Հաշվի առնելով վերոգրյալը գտնում ենք, որ այլ հավասար պայմաններում, նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ առավել ամբողջական եզրակացություն հնարավոր է ներկայացնել համապատասխան լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13 արձանագրային որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 14-րդ գլխով նախատեսված ձեւաչափով փաստաթղթերի ներկայացման պարագայում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նածագծի

Սույն նախագիծը միտված է Գյումրի քաղաքի զարգացմանը: Նախագծով առաջարկվում է Գյումրի քաղաքում խոշոր ներդրումներ կատարող կազմակերպություններին տալ որոշակի հարկային արտոնություններ, որոնց արդյունքում Գյումրիում կստեղծվեն նոր աշխատատեղեր, կկրճատվի գործազրկության մակարդակը եւ կբարելավվի բնակչության սոցիալական վիճակը: