ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-061-30.08.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է`

1) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին եւ 2-րդ հավելվածներով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին արտոնագրային վճարները նաեւ ամսական պարբերականությամբ կատարելու (արտոնագրեր ստանալու) հնարավորություն ընձեռել.

2) անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց նույնպես արտոնագրային վճարների համակարգում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռել:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1) գործունեության հավասար պայմաններ ապահովելու տեսանկյունից արտոնագրային վճարի օբյեկտ համարվող գործունեության տեսակներով զբաղվող բոլոր սուբյեկտների (այդ թվում` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց) մասով արտոնագրային վճարներ կատարելու (արտոնագրեր ստանալու) միասնական պարբերականության սահմանման առաջարկությունը համարում ենք ընդունելի, սակայն, հարցի կարգավորման նպատակով նախագծով ներկայացված լուծումներն ամբողջական չեն: Մասնավորապես, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին եւ 2-րդ հավելվածներով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվող անձինք հնարավորություն կստանան արտոնագրային վճար վճարող համարվելու միայն որեւէ ամսվա, եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա կամ տարվա համար, ինչը նշանակում է, որ անձն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին մեկ դիմում-հայտարարությամբ չի կարող արտոնագրային վճար վճարող համարվել, օրինակ, երկու ամսվա համար: Փոխարենը, նման հնարավորություն նախատեսված է «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հավելվածով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների մասով:

Բացի դրանից` նախագծի շրջանակներում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ նախատեսել նաեւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում, ինչպես նաեւ կարգավորել ամսվա համար արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունների ներկայացման ժամկետների հետ կապված հարցերը.

2) նախագծով առաջարկվող մոտեցումը, որի համաձայն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեությունը կարող է իրականացվել նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից, չի համապատասխանում տրանսպորտային գործունեության ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին: Մասնավորապես, «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում կարող են իրականացնել միայն պետական գրանցում ստացած եւ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը:

Նախագծում հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանապետության գործող օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատերերը, բավարարելով նույն օրենքով սահմանված պահանջները, կարող են համարվել արտոնագրային վճար վճարող նաեւ օրենքի 1-ին հավելվածով իրականացվող գործունեության տեսակների մասով: Հետեւաբար, նախագծի ընդունման դեպքում կստացվի, որ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող անհատ ձեռնարկատերերը կկարողանան արտոնագրային վճար վճարող համարվել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ինչպես 1-ին, այնպես էլ 2-րդ հավելածներին համապատասխան: Նման մոտեցումն անհատ ձեռնարկատերերի շրջանում շփոթություններ կառաջացնի, քանի որ նախագծով այդուհանդերձ չի հստակեցվում այն հարցը, թե անհատ ձեռնարկատերերը թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեությունն օրենքի որ հավելվածին համապատասխան պետք է իրականացնեն:

Ֆիզիկական անձանց առանց պետական գրանցման թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնելու հնարավորություն ընձեռելուն զուգահեռ նախագծով   նախատեսված չեն համապատասխան հսկողական մեխանիզմներ, որոնք հնարավոր կդարձնեն այդ ոլորտի վերահսկողությունը: Այս դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործունեության այդ տեսակը կդառնա գրեթե անվերահսկելի:

Նախագծի ընդունմամբ պայմաններ կստեղծվեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեությունն իրականացվի միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ`

ա. ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարտադար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության իրականացման համար նախագծով առաջարկվող արտոնագրային վճարի դրույքաչափերն էականորեն ցածր են կազմակերպությունների կողմից գործունեության նույն տեսակով զբաղվելու համար «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով սահմանված դրույքաչափերից,

բ. գործող օրենսդրությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ վերահսկողության համարժեք գործիքներ եւ մեխանիզմներ սահմանված չեն:

3) նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունը չկա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հոդվածով առաջարկվող փոփոխություններն արդեն իսկ կատարվել են 2012 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-166-Ն օրենքով.

4) օրենսդրական տեխնիկայի կանոնները պահպանելու նպատակով անհրաժեշտ է՝

ա. 1-ին հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «կետերի» եւ «կետում» բառերը փոխարինել համապատասխանաբար «մասերի» եւ «մասում» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները (նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերին),

բ. 2-րդ հոդվածի 1-ին մասում «բառերը» եւ «բառերով» բառերը նշել եզակի թվով,

գ. 3-րդ հոդվածից հանել «եւ լրացնել նոր 14-րդ կետով՝ նոր բովանդակությամբ» բառերը,

դ. 3-րդ հոդվածը «խմբագրությամբ» բառից հետո լրացնել «համաձայն հավելված 1-ի» բառերով, իսկ հավելված 1-ի վերեւի աջ անկյունում նշել «Հավելված 1» բառը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն, իրավական ակտով հաստատվող առանձին բաղկացուցիչ մասերը ձեւակերպվում են հավելվածների ձեւով, իսկ իրավական ակտի համապատասխան մասերը պետք է հղում պարունակեն այդ հավելվածներին (նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ հոդվածին)

Միաժամանակ հայտնում ենք, որ առաջիկայում կատարվելիք օրենսդրական փոփոխությունների շրջանակներում եւս նախատեսվում է արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության բոլոր տեսակների եւ կազմակերպաիրավական բոլոր տեսակներով (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, կազմակերպություն) գործող տնտեսավարող սուբյեկտների համար միասնականացնել արտոնագրային վճարների հաշվարկման սկզբունքները եւ վճարման պարբերականությունները:

Ելնելով շարադրվածից` հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Տեղեկացնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`  ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

        
 


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն, քանի որ հարկ վճարողներին, այդ թվում` նաեւ որոշակի գումարի սահմաններում տարեկան շրջանառություն ունեցող թեթեւ մարդատար մեքենաներով ուղեւորափոխադրում իրականացնող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին, հնարավորություն է ընձեռվում արտոնագրային վճարները կատարել նաեւ ամսական պարբերականությամբ:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման


«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է արտոնագրային վճարի վճարման պարբերականությունը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը   բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Եզրակացություն
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է`

1) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին եւ 2-րդ հավելվածներով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվող ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին արտոնագրային վճարները նաեւ ամսեկան պարբերականությամբ կատարելու (արտոնագրեր ստանալու) հնարավորություն ընձեռել,

2)  անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց նույնպես արտոնագրային վճարների համակարգում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնելու հնարավորություն ընձեռել:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն, որ նախագծով ներկայացված վերոհիշյալ առաջարկությունները արտոնագրային վճարների` ներկայումս սահմանված դրույքաչափերի փոփոխություն, ըստ էության, չեն ենթադրում` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:

Միաժամանակ, նախագծի ընդունումը չեզոք ազդեցություն կունենա նաեւ պետական բյուջեի ծախսերի վրա: