ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-062-30.08.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծով առաջարկվում է գիտական եւ գեղարվեստական հրատարակությունների իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1. Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության սկզբունքներից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորություններից: Կառավարությունը նախատեսում է շարունակել կրճատել պետության այնպիսի գործառույթները, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը:

2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   15-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, դպրոցական գրքերի եւ նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական եւ դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական եւ ուսումնական հրատարակությունների իրացումն ազատված է ավելացված արժեքի հարկից:

Ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունները (այդ թվում` վերոնշյալ արտոնությունները) առավելապես սոցիալական ուղղվածություն ունեն: Դրանց նպատակն առավել առաջնային սոցիալական նշանակության որոշ ապրանքների եւ ծառայությունների՝ սպառողների համար առավել մատչելի դարձնելն է: Այդ կապակցությամբ գտնում ենք, որ սպառողների տեսանկյունից մանկական կամ դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների վրա կատարվող ծախսերն առավել առաջնային են, քան գիտական ու գեղարվեստական հրատարակությունների վրա կատարվող ծախսերը, ինչը, կարծում ենք, պետք է հաշվի առնվի տպագրական արտադրանքի տարբեր տեսակների հարկման համակարգերը համեմատելիս:

3. Գեղարվեստական հրատարակությունները հանդիսանում են տեղեկատվության փոխանցման միջոց եւ չեն օգտագործվում հիմնական կրթական գործընթացներում: Հետեւաբար, գեղարվեստական հրատարակությունների իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելը կնշանակի, որ նմանատիպ արտոնություն պետք է կիրառվի նաեւ այն ապրանքների նկատմամբ, որոնք նույնպես տեղեկատվություն են փոխանցում հանրությանը (օրինակ` տեսաձայնային սկավառակներ, գեղարվեստական ֆիլմեր եւ այլն), ինչը համարում ենք ոչ նպատակահարմար: Այս համատեքստում, կարծում ենք, տեղին կլինի քննարկել նաեւ թերթերի եւ ամսագրերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արտոնության վերացման նպատակահարմարության հարցը, ինչը կնպաստի հրատարակչության ոլորտում գործունեության հավասար պայմանների ձեւավորմանը:

4. Գիտական գրականության այն մասի իրացումը, որը հրատարակվում է բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից եւ առավել կարեւոր նշանակություն ունի գիտության զարգացման տեսանկյունից, գործող օրենքի համաձայն, արդեն իսկ ազատված է ավելացված արժեքի հարկից:

Նախագծի հիմնավորման համաձայն, գիտական եւ գեղարվեստական հրատարակությունների իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում, գիտական ու գեղարվեստական հրատարարկությունների գները կնվազեն, ինչը կնպաստի գիտական ու գեղարվեստական հրատարարկությունների ծավալների եւ այդ հրատարակություններից օգտվողերի թվի ընդլայնմանը:

Այդ կապակցությամբ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող արտոնության կիրառությունը չի ապահովի վերոնշյալ՝ ակնկալվող արդյունքների ստացումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունների կիրառության` Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ արտոնությունների կիրառությունը հիմնականում չի հանգեցնում հարկման արտոնյալ դաշտում հայտնված ապրանքների (ծառայությունների) գների նվազմանը, եւ փոխարենը՝ արտոնությունից օգտվող տնտեսավարող սուբյեկտների համար ապահովում է չհիմնավորված գերշահույթներ:

Հարկման ոլորտում ցանկացած արտոնության կիրառություն խաթարում է հարկման համակարգի ամբողջականությունը եւ ստեղծում հարկումից խուսափելու ռիսկեր, որոնց արդյունավետ կառավարումը լուրջ մարտահրավեր է դառնում հարկային վարչարարություն իրականացնող մարմինների համար: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչ չափանիշներով պետք է այս կամ այն հրատարակությունը համարվի գիտական բնույթի, եթե այն հրատարակվել է ոչ մասնագիտացված գիտական կազմակերպության կողմից: Հրատարակությունը գիտական բնույթի որակելու չափանիշների բացակայության պայմաններում հրատարարկությունների իրացմամբ զբաղվող հարկ վճարողները հնարավորություն են ստանում իրենց կողմից իրացվող հրատարակություններն անհիմն ձեւով որակելու որպես գիտական եւ դրանով իսկ խուսափելու ավելացված արժեքի հարկի գծով հարկային պարտավորությունների կատարումից:

5. Նախագծի ընդունման նպատակահարմարությունը պետք է քննարկել նաեւ գիտական ու գեղարվեստական գրականության հրատարակության պետական ֆինանսավորման ծավալների համատեքստում: Անհրաժեշտ է հաշվի առնել այն, որ մեր երկրում յուրաքանչյուր տարի պետական բյուջեից գիտական ու գեղարվեստական գրականության տպագրման համար հատկացվում է ավելի մեծ գումար, քան նույն այդ գրականության իրացումից հավաքագրվող հարկերն են: Մասնավորապես, գիտական ու գեղարվեստական գրականության հրատարակության պետական ֆինանսավորման գումարը 2011 թվականին կազմել է 110 մլն 295.4 հազ. դրամ, 2012 թվականին` 102 մլն 392.4 հազ. դրամ, իսկ 2013 թվականի համար նախատեսված է 117 մլն 392.4 հազ. դրամ այն դեպքում, երբ այլ ոլորտից ավելացված արժեքի հարկի հավաքագրման ամբողջ ներուժը գնահատվում է շուրջ 30 մլն դրամի չափով: Անգամ սոցիալապես կարեւոր շատ այլ ապրանքների (օրինակ` պարենամթերքի) դեպքում ծախսերի եւ եկամուտների նման հարաբերակցություն չկա:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ միջազգային պրակտիկայում հրատարակչական արտադրանքի իրացման գծով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունները խիստ սահմանափակ կիրառություն ունեն: Մասնավորապես, Բելառուսի Հանրապետությունում ավելացված արժեքի հարկից ազատված են միայն միջազգային գրքափոխանակության համաձայն պետական գրադարաններին եւ թանգարաններին տրամադրվող բոլոր տեսակի հրատարակությունները, իսկ Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանի Հանրապետությունում եւ Թուրքմենստանի Հանրապետությունում գրքերի արտադրության եւ տպագրական գործունեության համար ավելացված արժեքի հարկի գծով նախատեսված արտոնություններ չկան:

Հայտնում ենք նաեւ, որ քննարկման ներկայացված նախագծում մասամբ պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները: Մասնավորապես`

ա) 1-ին հոդվածում «ենթակետում» բառն անհրաժեշտ է փոխարինել «կետում» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջները,

բ) 2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ, հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Տեղեկացնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


    
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապե- տության օրենքի  նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագիծը վերաբերում է գիտական եւ գեղարվեստական գրականության տպագրությունը եւ շրջանառությունը ԱԱՀ-ից ազատելուն:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) գիտական եւ գեղարվեստական գրականություն հրատարակող կազմակերպությունների համար սահմանվում է  հարկային արտոնություն` ԱԱՀ-ի գծով:
Նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են գիտական եւ գեղարվեստական գրականություն հրատարակության ծառայության շուկայի հետ:
Նախագծի ընդունումը կհանգեցնի  գիտական եւ գեղարվեստական գրականություն հրատարակողների միջեւ հավասար մրցակցային պայմանների ապահովմանը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

  Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է գիտական եւ գեղարվեստական հրատարակությունների իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական:

Միաժամանակ, հայտնում ենք, որ պետական բյուջեի եկամուտների վրա նախագծի ազդեցության վերաբերյալ առավել կոնկրետ գնահատական հնարավոր կլինի տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13 արձանագրային որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 14-րդ գլխով նախատեսված ձեւաչափով փաստաթղթերի ներկայացման պարագայում:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի փոփոխության չի հանգեցնի: