ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-063-30.08.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Համաձայն օրենքի նախագծի 2-րդ հոդվածի` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ընտրողների ցուցակները կազմում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների ղեկավարները: Միեւնույն ժամանակ, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել սահմանակից կամ իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

Նշենք, որ oտարերկրյա պետություններում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քվեարկությանը մասնակցում էին մինչեւ 2005 թվականի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների ընդունումը եւ 2007 թվականին «Քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով երկքաղաքացիության ինստիտուտի ներդրումը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարեւորելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը, այնուամենայնիվ, գտնում է, որ ներկայացված օրենքի նախագիծը լիարժեքորեն չի կարգավորում բոլոր հարաբերությունները: Ավելին, կարծում ենք, որ օրենքի նախագիծն առաջադրում է լուծում պահանջող մի շարք հարցեր, մասնավորապես՝

1) դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության կողմից ընտրողների ցուցակների ձեւավորումը լիարժեք չի կարող իրականացվել առկա տարբեր` տեխնիկական, ֆինանսական եւ այլ բնույթի բարդությունների պատճառով.

2) բացակայում են ցուցակների ճշտության նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: Ցուցակների հավաստիությունը կարող է արդյունքների բողոքարկման պատճառ հանդիսանալ, որը կարող է անլուծելի լինել.

3) չի ապահովվի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի՝ ընտրություններից 40 օր առաջ վերջնական ցուցակների հրապարակման եւ 10 օր առաջ դրանց վերահաստատման պահանջները՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թվի փոփոխմամբ (գործուղում, արտագնա աշխատանք, առողջապահական (բուժման) խնդիրներ, զբոսաշրջություն, բիզնես-հանդիպումներ, բանակցություններ եւ այլն).

4) խնդրահարույց է քվեաթերթիկների տրամադրման հարցը, քանի որ օրենքի նախագծով բացառվում է գործող օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային եղանակով քվեարկության իրականացումը.

5) օրենքի նախագծի ընդունման դեպքում կխախտվի կից հիմնավորման մեջ մատնանշված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական տեղամասերը կազմավորվում են ոչ ավելի 2000 ընտրողի հաշվարկով եւ ընտրողի ընտրությանը մասնակցելու մատչելիության սկզբունքով: Մինչդեռ, համաձայն օրենքի նախագծի, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ընտրողները քվեարկությանը մասնակցելու նպատակով պետք է այցելեն իրենց գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող կամ սահմանակից պետություն: Այս դեպքում էլ ընտրական իրավունքի իրականացումն ընտրողի համար առաջացնում է ֆինանսական ծախսեր, մուտքի եւ ելքի թույլտվության հետ կապված վարչական բարդություններ եւ այլ խնդիրներ.

6) լուծված չեն քարոզչության իրականացման խնդիրները:

Ելնելով շարադրվածից, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս բացակայում են քաղաքացիների հաշվառումն ապահովող գործուն մեխանիզմները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

               

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետություն ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետություն ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունումը  առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների` ՀՀ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում է ՀՀ տարածքից դուրս բնակվող կամ գտնվող ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
 

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Ռուբեն Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում: