ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Էլինար Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-064-31.08.2012-ՏՀ-010/0)  վերաբերյալ:

1. Կարեւորելով փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձեւավորման, երկրում սոցիալական եւ քաղաքական կայունության ապահովման գործում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ՓՄՁ-ի պետական աջակցության եւ դրա զարգացման ուղղությամբ, նաեւ պետական աջակցության ոլորտը կարգավորելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Մասնավորապես, 2000 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված  «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին» արձանագրային որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու մասին» N 282 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1790-Ն որոշմամբ: Ավելին, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 7-ի «Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ ստեղծելու, դրա կազմն ու աշխատակարգը հաստատելու մասին» N 638-Ն որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհուրդ, որը պետական մարմիններին փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում գործարար միջավայրի զարգացման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով գործարար համայնքի հետ համատեղ իրականացնում է համապատասխան միջոցառումներ: Բացի դրանից՝ ՓՄՁ-ի սուբյեկտների աշխատողների հաշվապահական եւ հարկային ունակությունների զարգացման, մասնավորապես, սուբյեկտների մոտ հաշվապահական հաշվառման, հարկային հաշվետվությունների կազմման, ինչպես նաեւ հարկային համակարգին առնչվող այլ հարցերի ուղղությամբ առաջացող խնդիրների լուծմանը նպաստելու նպատակով 2009 թվականին հիմնադրվեց ՓՄՁ-ի սուբյեկտների համար հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման կենտրոն, որի կառավարումն իրականացնում է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան: Ընդ որում, հաշվապահական կենտրոնում մրցութային կարգով ընդգրկված հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում մասնագիտացված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպությունների (ԳԾՄԿ-ներ) միջոցով մատուցվում են հաշվապահական հաշվառման վարման եւ հարկային հաշվետվությունների կազմման ուղղությամբ ծառայություններ` ըստ հաստատված միասնական գնացուցակի:

Տեղին  է նշել, որ Հայաստանում ՓՄՁ-ի պետական աջակցության առավել նպատակային իրականացման, ՓՄՁ-ի ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցման ու կատարելագործման, ինչպես նաեւ Եվրամիության չափանիշներին մոտարկման եւ ՓՄՁ-ի ոլորտը բնութագրող ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2010 թվականի հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից:

Ներկայացված օրենքի նախագծում ներառված են ՓՄՁ-ի սուբյեկտների դասակարգման չափորոշիչներին, դրանց տարբերակող սահմանային հատկանիշներին (թվաքանակային եւ ֆինանսական), ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նորմատիվ-իրավական կարգավորման առանձնահատկություններինԴ աջակցության ենթակառուցվածքներինԴ
ուղղություններին եւ սկզբունքներին վերաբերող դրույթներ: Հարկ է նկատի ունենալԴ որ նշված իրավական ակտերով արդեն իսկ կարգավորված են ՓՄՁ-ի աջակցության միասնական չափորոշիչները, ֆինանսավորման աղբյուրները, ՓՄՁ-ի ոլորտի հիմնական նպատակներն ու քաղաքականությունը, սկզբունքները, ՓՄՁ-ի աջակցության ենթակառուցվածքները: Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովելու միասնական քաղաքականության իրականացում: Ներկայումս էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ՓՄՁ-ի պետական աջակցության ծրագրերում հիմք են ընդունվում գործող օրենքով նախատեսված աջակցության ուղղություններն ու սկզբունքները:

2. Օրենքի նախագծում ներկայացված ՓՄՁ-ի սուբյեկտների պետական աջակցության հիմնական ուղղություններին առնչվող դրույթներն արտացոլում են Հայաստանում մասնավոր հատվածի, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման մարտահրավերները: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առավել նպատակահարմար է համարում, որ դրանք ներկայացված լինեն ռազմավարական (հայեցակարգային) բնույթի փաստաթղթերումԴ քանի որ ՓՄՁ-ի պետական աջակցությունը դինամիկ գործընթաց է, որը պարբերաբար ձեւափոխվում եւ ստանում է նոր բովանդակություն` երկրում տեղի ունեցող տնտեսական, սոցիալական եւ քաղաքական զարգացումներին (փոփոխություններին) զուգընթացԴ իսկ ՓՄՁ-ի պետական աջակցության` Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում տարբեր մակարդակներում ավելի ճկուն եւ իրատեսական լինել՝ աջակցության գործիքակազմը ձեւավորելու եւ առկա ռեսուրսները վերաբաշխելու առումով:

Ներկայումս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մշակում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման նոր ռազմավարություն (հայեցակարգ): Օրենքի նախագծում ներկայացված նշված դրույթները նպատակահարմար է դիտարկել ՓՄՁ-ի ոլորտի զարգացման ռազմավարության (հայեցակարգի) համատեքստում:

3. Նախագծում տարանջատված են ՓՄՁ-ի պետական աջակցության բնագավառում պետական կառավարման, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները, ինչպես նաեւ նախատեսված են նրանց կողմից ՓՄՁ-ի զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի իրականացմանն ու վերջիններիս կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվող աջակցության սկզբունքներին ու գրանցամատյաններ վարելուն վերաբերվող դրույթներ:

Հարկ է նկատի ունենալ, որ թե պետական, եւ թե տարածքային կառավարման մարմինները պետական կառավարման մարմիններ են եւ նրանց գործունեության տարանջատումը ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ոլորտում նպատակահարմար չէ: Նախատեսված ծրագրերի տարանջատումն արհեստական է: Կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետք է իրականացվի միասնական ՓՄՁ-ի զարգացման քաղաքականություն: Ներկայումս, ըստ առանձին ուղղությունների ու ոլորտների, ՓՄՁ-ի պետական աջակցության կոնկրետ մեխանիզմները կիրարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվող ՓՄՁ-ի պետական աջակցության տարեկան ծրագրերում, ինչպես նաեւ տարածքային կառավարման մարմինների կողմից մշակվող եւ իրականացվող կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարական սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՓՄՁ-ի սուբյեկտներին ցուցաբերվող աջակցությանը, ապա հարկ է նկատի ունենալ, որ վերջիններս, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, նման իրավասություն ունեն, իսկ կապված համայնքի կարողությունից ու մի շարք այլ գործոններից՝ ՓՄՁ-ի աջակցության մեխանիզմները յուրաքանչյուր համայնքում կարող են ունենալ իրենց առանձնահատկությունները:

4. Նախագծում ներկայացված ՓՄՁ-ի աջակցության պետական ծրագրերի ֆինանսավորման շեմը տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասի առնվազն 0.5 տոկոսի չափով սահմանելու վերաբերյալ դրույթը ներկայումս ընդունելի չէ, քանի որ յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում որեւէ ծրագրի գծով հատկացումների նախատեսման հարցի քննարկման ժամանակ հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները, թե որքանով է նշված ծրագիրը բխում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից, արդյոք այն այդ քաղաքականության գերակայություններից է, որոնք են այդ ծրագրի իրականացման իրավական հիմքերը, որքանով է հիմնավորված եւ հաշվարկված այն, ինչպիսին են այդ ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները եւ այլն: Դրա հետ մեկտեղ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման ժամանակ շատ էական են նախագծում բյուջետային ելքերի կառուցվածքի եւ ծավալների ձեւավորման վրա անմիջականորեն ազդող` տվյալ տարվա համար կանխատեսվող մակրոտնտեսական եւ բյուջետային շրջանակների ցուցանիշներով պայմանավորված սահմանափակումները: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակման գործընթացը պետք է ուղղված լինի երկրում առկա հիմնախնդիրների լուծմանը եւ այդ տեսանկյունից, հաշվի առնելով նշված մոտեցումները,  առանձին ոլորտների գծով տարբեր օրենքներով բյուջետային ծախսերի նվազագույն շեմերի սահմանմաբ եւ դրանով իսկ տվյալ տարվա բյուջետային ծախսերի կառուցվածքի կանխորոշմամբ հնարավոր չէ ապահովել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքի արդյունավետությունը:

Միաժամանակ հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասի 0.5%-ը մոտավորապես կազմում է տարեկան 5 մլրդ դրամ գումար, իսկ 2007-2011 թվականներին ՓՄՁ-ի զարգացմանն ուղղված քաղաքականության շրջանակներում ուղղակի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից եւ այլ ռեսուրսներից ՓՄՁ-ի սուբյեկտներին տրամադրված աջակցության գումարը կազմում է շուրջ 97.5 մլրդ դրամ, մասնավորապես`

Տարեկան ծրագրերի շրջանակներում՝ 1,7 մլրդ,

«ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջոցով տրամադրվող աջակցություն՝ 7.5 մլրդ դրամ,

Ռուսական վարկի շրջանակում 122 մլրդ դրամ ֆինանսավորում՝ տնտեսության կայունացման նպատակով, որից՝ ՓՄՁ-ներին` ավելի քան 80 մլրդ դրամ,

ՀԲ-ի ռեսուրսներից ՓՄՁ-ներին ուղղվել է 6.5 մլրդ դրամ,

ՖՐԵԴԱ-ի միջոցով տրամադրվող աջակցություն՝ շուրջ 1.7 մլրդ դրամ:

Նշված գումարներն ուղղվել են ուղղակի վարկավորմանը, սեփական կապիտալի ֆինանսավորմանը եւ աջակցության այլ ուղղությունների:  Հաշվի առնելով, որ այդ գումարները հիմնականում շրջանառվող ռեսուրսներ են, տրամադրված աջակցության չափն ավելի մեծ է: Ուստի նշվածը նույնպես հիմնավորում է, որ բյուջեի  ծախսային մասի 0.5 %-ի չափն օրենքով ֆիքսելը նպատակահարմար չէ, քանի որ խախտում է բյուջեի կազմման եւ ծախսերի առաջնահերթությունների որոշման՝ Հայաստանի Հանրապետությունում կիրառվող սկզբունքները: Այսինքն, այդ ցուցանիշները կարող են լինել ուղենշային, այլ ոչ թե պարտադիր:

5. Օրենքի նախագծում մասամբ պահպանված չեն օրենսդրական տեխնիկայի կանոնները եւ առկա են իրավական ակտերով կարգավորված, հստակեցման ու պարզաբանման կարիք ունեցող մի շարք դրույթներ, մասնավորապես`

1) հստակեցման կարիք ունի տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող գրանցամատյանների էությունը եւ այն, թե ի՞նչ իրավական ակտով է սահմանվելու դրանց վարման կարգը: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նշված մարմիններին համապատասխան լիազորություններ վերապահված չեն: Բացի դրանից՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն այլ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունները համայնքն իրականացնում է որպես կամավոր լիազորություններ: Դրա հետ մեկտեղ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնուրույն են որոշում իրենց բյուջեների միջոցների բաշխումը` համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի: «ՓՄՁ սուբյեկտների … մարքեթինգային եւ այլ մեթոդական բնույթի աջակցության կազմակերպման, ինչպես նաեւ արտահանման կարողությունների ավելացման ապահովման» համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինները չունեն նման լիազորություններ.

2) հստակեցման կարիք ունի այն, թե «ծրագրի իրականացման նշանակալի մասը» ի՞նչ չափորոշիչներով է որոշվելու, որով պայմանավորված կլինեն Հայաստանի Հանրապետության մարզերում ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցության ձեւերի ու եղանակների ծավալները.

 3) պարզաբանման եւ հստակեցման կարիք ունեն «գործունեությունից ստացված հասույթ», «գյուղացիական ֆերմերային տնտեսություն» եւ «պետական իշխանության մարմիններ» արտահայտությունները:

Հարկ է նշել, որ օրենքի նախագծով ՓՄՁ-ի սուբյեկտների նկատմամբ կիրառվող մոտեցումները, աջակցության մեխանիզմները եւ ուղղությունները չեն փոփոխվել, ուստի անհասկանալի է նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքի նախագծի ընդունումը, քանզի տնտեսական զարգացման ներկա փուլում առկա են  ձեռնարկատիրական գործունեության, մասնավորապես, ՓՄՁ-ի զարգացման եւ պետական աջակցության իրավաօրենսդրական կարգավորման բոլոր նախադրյալները:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը   բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Նախագիծը վերաբերում է փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ոլորտին, որն արդեն իսկ կարգավորվում է ՀՀ գործող օրենսդրությամբ, մասնավորապես` 2000 թվականի դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված  «Փոքր ու միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2000 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության եւ ռազմավարության հիմնադրույթների մասին» արձանագրային որոշմամբ, ՀՀ կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու մասին» N282 որոշմամբ, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի «Փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին աջակցության 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N1790-Ն որոշմամբ: Ուստի առաջարկվող Նախագիծը անհարկի կավելացնի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում արդեն իսկ գործող իրավական կարգավորումը:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է`

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


Եզրակացություն

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատականի կապակցությամբ հայտնում ենք, որ նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի վրա ազդեցություն չի առաջացնում, Սակայն ՀՀ պետական բյուջեի ծախսերի մասով Նախագծի ընդունումը կհանգեցնի լրացուցիչ ծախսերի էական ավելացման: