ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Էլինար Վարդանյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-060-30.08.2012,03.09.2012-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Oրենքի նախագծով առաջարկվում է շահութահարկից, արտոնագրային եւ հաստատագրված վճարներից ազատել նախորդ տարվա գործունեության արդյունքներով մինչեւ 40 մլն դրամ հարկվող շրջանառություն ունեցող` արտոնագրային վճար վճարող եւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, վարձու աշխատող չունեցող (բացի ընտանիքի անդամներից) անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ`

1. Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության սկզբունքներից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորություններից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է շարունակել կրճատել պետության այնպիսի գործառույթները, որոնք կարող են վնասել ազատ շուկայական մրցակցային հարաբերությունների բնականոն զարգացմանը:

Բացի դրանից, առանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության գնահատման վերաբերյալ որեւէ տեղեկատվության կամ վերլուծության արդյունքների, ցանկացած հարկային արտոնության տրամադրմանն ուղղված օրենքի նախագծի ներկայացումը համարում ենք անընդունելի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման օրենքի ընդունումը բավականին ռիսկային է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կրճատման առումով:

Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում անհատ ձեռնարկատերերի համար կստեղծվեն տնտեսական խթաններ` գործելու նախագծով առաջարկվող հարկային արտոնությունների ներքո, ինչը մեր կողմից կատարված հաշվարկների համաձայն, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կկրճատի շուրջ 4.5 մլրդ դրամով: Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը կանխարգելելու նկատառումներով, անհրաժեշտ կլինի հարկային եկամուտների նշված կորուստը տեղաբաշխել այլ հարկ վճարողների վրա` դրանով իսկ բարձրացնելով նրանց հարկային բեռը: Հարկային քաղաքականության նման ուղղությունը, սակայն, նպատակահարմար չենք համարում:

2. Համաձայն նախագծի ընդունման հիմնավորման` ակնկալվում է, որ նախագծի ընդունումը հանգեցնելու է նոր աշխատատեղերի ստեղծման ու ապահովելու է գործող աշխատատեղերի պահպանումը: Այդ կապակցությամբ, գտնում ենք, որ նախագծի ընդունումը ոչ միայն չի ապահովի նշված ակնկալվող արդյունքների ստացումը, այլեւ կհանգեցնի գործող աշխատատեղերի կրճատման, օրենքով սահմանված կարգով չգրանցված աշխատողների թվի աճի, ինչը հիմնավորվում է հետեւյալ նկատառումներով`

1) նախագծի ընդունման դեպքում անհատ ձեռնարկատերերը կամ առեւտրային կազմակերպությունները երբեւէ շահագրգռված չեն լինի նոր աշխատատեղեր բացելու հարցում, քանի որ այդ դեպքում նրանք կզրկվեն նախագծով առաջարկվող հարկային արտոնություններից օգտվելու հնարավորությունից.

2)  ներկայումս ընտանիքի անդամներից բացի այլ վարձու աշխատողներ ունեցող անհատ ձեռնարկատերերը եւ կազմակերպությունները նախագծով առաջարկվող արտոնություններից օգտվելու նպատակով կամ աշխատանքից կազատեն ընտանիքի անդամ չհամարվող վարձու աշխատողներին կամ կօգտագործեն չգրանցված վարձու աշխատողների աշխատանքը:

3. Նախագծի ընդունումը մրցակցային անհավասար պայմաններ կստեղծի գործունեության միեւնույն տեսակով զբաղվող անհատ ձեռնարկատերերի համար: Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում այն անհատ ձեռնարկատերը, որն օգտագործում է իր ընտանիքի, օրինակ, հինգ անդամների աշխատանքը, կօգտվի նախագծով առաջարկվող հարկային արտոնություններից, իսկ այն անհատ ձեռնարկատերը, որն օգտագործում է իր ընտանիքի անդամ չհանդիսացող ընդամենը մեկ վարձու աշխատողի աշխատանքը, չի կարող օգտվել հարկային արտոնություններից: Արդյունքում, բազմաթիվ անհատ ձեռնարկատերեր, չկարողանալով դիմակայել անհավասար մրցակցային պայքարում, պարզապես կդադարեցնեն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը: Այսինքն, նախագծի ընդունումը ոչ միայն չի հանգեցնի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, այլ նաեւ կարող է ստեղծել արդեն իսկ ձեւավորված ու հաջողությամբ գործող փոքր եւ միջին ձեռնարկատիրության շատ սուբյեկտների գործունեության դադարեցման ռիսկեր:

Բացի դրանից, նախագծի ընդունումն անհավասար պայմաններ կստեղծի նաեւ արտոնությունից օգտվելու` նախագծով առաջարկվող չափանիշներին բավարարող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար: Մասնավորապես, նախագծով ուղղակի հարկերի գծով հարկից ազատման արտոնություն նախատեսվում է միայն շահութահարկի մասով, ինչը նշանակում է, որ նախագծով նախատեսված չափանիշները բավարարող կազմակերպությունները կազատվեն տնտեսական գործունեության արդյունքներից (շահույթից) գանձվող հարկից, իսկ անհատ ձեռնարկատերերը` ոչ:

4. Նախագծի ընդունման դեպքում արտոնությունից կարող են օգտվել նաեւ շահութաբերության բարձր մակարդակով առանձնացող` ավտոտրանսպորտային գործունեություն, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն կամ ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերն ու կազմակերպությունները, ինչը հարկային քաղաքականության տեսանկյունից համարում ենք սկզբունքորեն անընդունելի:

5. Եթե անհատ ձեռնարկատերերի դեպքում ընտանիքի անդամ համարվող անձինք որոշելի են, ապա կազմակերպությունների դեպքում ընտանիքի անդամ հասկացությունն անհասկանալի է, եւ պարզ չէ, թե նախագծով առաջարկվող արտոնությունները որ կազմակերպությունների նկատմամբ կարող են կիրառվել:

6. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց համար նոր հարկային արտոնությունների սահմանումը համարում ենք ոչ նպատակահարմար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրային վճարների համակարգն ինքնին արտոնյալ ռեժիմ է, որն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար չի հանգեցնում որեւէ էական ֆինանսական ծախսերի (օրինակ, Երեւան քաղաքում բնակչության պատվերով իրականացվող հագուստի արտադրության եւ նորոգման գործունեության համար «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
N 1 հավելվածով նախատեսված է օրական մոտ 220 դրամ արտոնագրային վճար):

Բացի դրանից, անհասկանալի է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց մասով նախագծով առաջարկող` տարեկան կտրվածքով հարկվող շրջանառության 40 մլն դրամի չափով շեմի ներդրման նպատակը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտոնագրային վճար վճարող համարվելու համար անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց մասով «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արդեն իսկ սահմանված է տարեկան շրջանառության մինչեւ 6 մլն դրամի շեմ:

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արտոնագրային վճարների մասին» եւ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, արտոնագրային վճարների կամ հաստատագրված վճարների հարկման համակարգերի կիրառման դեպքում կասեցվում են հարկային օրենսդրությամբ սահմանված բոլոր արտոնությունները, նախագծի ընդունման դեպքում, միեւնույն է, դրանով նախատեսված արտոնությունները չեն կարող կիրառվել:

8. 7-րդ հոդվածում անհրաժեշտ է «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 46-րդ հոդվածի եւ 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

9. 3-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է խմբագրել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատերը հաշվառվում է եւ ոչ թե գրանցվում:

10. Համաձայն 10-րդ հոդվածի` տարածքային հարկային տեսչությունները պարտավոր են եռօրյա ժամկետում ուսումնասիրել եւ տնտեսավարող սուբյեկտին տրամադրել տեղեկատվություն արտոնությունից օգտվողի կարգավիճակ ստանալու վերաբերյալ: Այս առումով, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, նախագծով անհրաժեշտ է կարգավորել նշված եռօրյա ժամկետում տնտեսավարող սուբյեկտին պատասխան չտալու դեպքում հարկային տեսչությունների աշխատողների համար հնարավոր իրավական հետեւանքների հարցերը:

11. Նախագծում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

Մասնավորապես`

ա) 1-ին հոդվածում անհրաժեշտ է խմբագրել եւ պարզաբանել «Հայաստանի Հանրապետության եւ նշված տնտեսավարող սուբյեկտների իրավահարաբերությունները» բառերը, իսկ նախագծի 3-րդ հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել «ընդ տանիք-ընտանիք» բառերը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
36-րդ հոդվածի պահանջները,

բ) 4-րդ հոդվածը նորմատիվ բնույթի դրույթներ չի նախատեսում եւ վերաբերում է միայն արտոնության տրամադրման անհրաժեշտությանը եւ հիմնական նպատակին: Այս առումով, գտնում ենք, որ նշված հոդվածի անհրաժեշտությունը չկա,

գ) 6-րդ հոդվածում անհրաժեշտ է «11» թիվը փոխարինել «12» թվով, քանի որ խոսքը
12-րդ հոդվածի մասին է,

դ) 12-րդ հոդվածի վերնագիրն անհրաժեշտ  է խմբագրել եւ համապատասխանեցնել նախագծի վերնագրին, որի համաձայն, հարկային արտոնությունից օգտվում են վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները, այլ ոչ թե գործունեության տեսակները՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները (նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 13-րդ եւ 14-րդ հոդվածներին, որոնց վերնագրերը չեն համապատասխանում հոդվածների բովանդակությանը):

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Տեղեկացնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Կից ներկայացվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 


Եզրակացություն

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման


«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է  «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման


1. «Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը   բնապահպանության ոլորտին չի առնչվում եւ այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է հարկային արտոնություններ վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է ՀՀ-ում տարեկան մինչեւ 40 մլն դրամ շրջանառություն ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձանց, վարձու աշխատող չունեցող (բացառությամբ ընտանիքի) անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին ազատել հարկային պարտավորություններից, մասնավորապես` շահութահարկից, արտոնագրային եւ հաստատագրված վճարներից: Հետեւաբար, ՀՀ տարբեր տնտեսավարող սուբյեկտների համար կկիրառվեն շահութահարկի, արտոնագրային եւ հաստատագրված վճարների վճարման տարբեր մոտեցումներ:

Միաժամանակ, քանի որ ներկայումս ընտանիքի անդամներից բացի այլ վարձու աշխատողներ ունեցող անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները նախագծով առաջարկվող արտոնություններից օգտվելու նպատակով աշխատանքից կազատեն ընտանիքի անդամ չհամարվող վարձու աշխատողներին կամ կօգտագործեն չգրանցված վարձու աշխատողների աշխատանքը, հետեւաբար, այն կհանգեցնի չգրանցված աշխատողների թվի, ինչպես նաեւ ստվերային տնտեսության ավելացմանը եւ ՀՀ տարբեր տնտեսավարող սուբյեկտների համար կսահմանվեն տարբեր «խաղի կանոններ», ինչը հակասում է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության շուկայական սկզբունքներին:
 


Եզրակացություն

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է շահութահարկից, արտոնագրային վճարից կամ հաստատագրված վճարից ազատել նախորդ տարվա գործունեության արդյունքներով մինչեւ 40 միլիոն դրամ հարկվող շրջանառություն ունեցող` արտոնագրային վճար վճարող համարվող ֆիզիկական անձանց, վարձու աշխատող չունեցող (բացի ընտանիքի անդամներից) անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի բացասական: Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում անհատ ձեռնարկատերերի համար կստեղծվեն տնտեսական խթաններ` գործելու նախագծով առաջարկվող հարկային արտոնությունների ներքո, ինչը մեր կողմից կատարված հաշվարկների համաձայն, ուղղակի եւ անուղղակի ազդեցությամբ պետական բյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով կկրճատի շուրջ 4.5 մլրդ. դրամով:

Հայտնում ենք նաեւ, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի ավելացման կամ պակասեցման չի հանգեցնի: