ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-069-04.09.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. Նախագծի վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը: Մասնավորապես, վերնագրում խոսվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին, մինչդեռ նախագծում հիմնականում կարգավորվում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության ազգային հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. 7-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «ա» կետով նախատեսված դրույթների համաձայն հանձնաժողովն իրականացնում է համալիր եւ տարեկան ծրագրերի, դրանց հաշվետվությունների եւ կատարումն ապահովող այլ փաստաթղթերի նախնական եւ ամփոփիչ փորձաքննություններ: Պարզ չէ, թե որոնք են նշված փորձաքննությունների տարբերությունները, դրանց  իրավական բովանդակության առանձնահատկությունները.

2) «բ» կետով Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ազգային հանձնաժողովին հաշմանդամների իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումների եւ բողոքների քննարկման ու որոշումներ ընդունելու լիազորություն վերապահելը չի բխում «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներից՝ նկատի ունենալով, որ նշված հոդվածի համաձայն, վարչական ակտը վարչական կարգով կարելի է բողոքարկել միայն վարչական մարմին կամ վարչական վերադաս մարմին: Մինչդեռ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ազգային հանձնաժողովը, համաձայն ներկայացված նախագծի, չի  կարող հանդիսանալ որեւէ վարչական մարմնի վերադաս, ուստի պարզ չէ, թե ինչ հիմքով է քննարկելու բողոքները եւ դիմումները: Բացի դրանից, համաձայն նախագծով սահմանված լիազորությունների, հանձնաժողովը որպես այդպիսին վարչարարություն չի իրականացնելու, այսինքն, արտաքին ներգործություն ունեցող գործունեություն չի իրականացնելու, ուստի եւ չի կարող դիտարկվել նաեւ որպես վարչական մարմին.

3) «ե» կետի համաձայն կրթության եւ աշխատանքային զբաղվածության ապահովման բնագավառներում հաշմանդամների եւ այլ անձանց միջեւ ծագած վեճերի լուծման նպատակով հանձնաժողովը կարող է միջնորդել նրանց միջեւ հաշտության պայմանագրի կնքմանը եւ վերահսկել այդ պայմանագրի պայմանների կատարումը: Պարզ չէ, թե ինչ կարգի վեճերի մասին է խոսքը: Եթե դատարանում քննվող վեճերի մասին է, ապա հաշտության համաձայնություն կնքելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: Միաժամանակ հաշտության պայմանագիր կնքելու միջնորդություն իրականացնելը եւ պայմանագրի պայմանների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելը որոշակի իմաստով կարող է հակասել պայմանագիր (համաձայնագիր) կնքելու ազատության` ներառյալ դրանից հրաժարվելու իրավունքին: Բացի դրանից` պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն, աշխատանքային վեճերը ենթակա են  քննության` դատական կարգով, իսկ նույն օրենսգրքի 11-րդ գլխի համաձայն կոլեկտիվ վեճերի դեպքում հաշտության համաձայնության գալու նպատակով ստեղծվում են հաշտեցման հանձնաժողովներ: Պարզ չէ, թե ինչ կարգով է հանձնաժողովը միջնորդելու հաշտության պայմանագրի կնքմանը, ինչպես նաեւ, թե ինչ կարգով է վերահսկելու պայմանագրի պայմանների կատարումը: Պարզ չէ նաեւ, թե ինչ իրավական հետեւանքներ են առաջանալու պայմանագրի պայմանների չկատարման դեպքում` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները.

4) «թ» կետում անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ կարգով է հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստանում հաշմանդամների սոցիալական պաշտպանությանն առնչվող անհրաժեշտ տեղեկությունները:

3. 8-րդ հոդվածի 1-ին մասում անհրաժեշտ է հստակեցնել «փորձագիտական եզրակացություն» հասկացության իրավական բովանդակությունը, քանի որ պարզ չէ, թե արդյոք տվյալ դեպքում խոսքը նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում նշված փորձաքննությունների մասին է, թե ոչ:

4. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես`

1)  նախագծի նախաբանում «սահմանում է» բառերն անհրաժեշտ է փոխարինել «կարգավորում է» բառերով, իսկ «կարգերը» բառը` «կարգերի հետ կապված հարաբերությունները» բառերով` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները.

2) 2-րդ հոդվածի 2-րդ մասում կետերի համարակալումն անհրաժեշտ է վերանայել` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ հոդվածներին:

5. Նախագծի (գլուխ 3) ընդունումը բերում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն ինչպես Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի կողմից ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթներին  համապատասխան, մշակել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որի նպատակը  հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները պաշտպանելը եւ նրանց արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելն է: Նախագծի մշակման ընթացքում կազմակերպվել են քննարկումներ հասարակական կազմակերպությունների, պետական եւ ոչ պետական շահագրգիռ մարմինների ու կազմակերպությունների, միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նշված նախագծում`

1) կարգավորված են հաշմանդամության սահմանման, հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման, նրանց համար մատչելի միջավայրի ապահովման, կրթության, աշխատանքային գործունեության, առողջության պահպանման, ինչպես նաեւ հասարակական կյանքում բոլորի հետ հավասար  մասնակցության համար անհրաժեշտ սոցիալական, իրավական եւ տնտեսական նվազագույն երաշխիքների հետ կապված իրավահարաբերությունները.

2) ներառված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման գործընթացում պետական  քաղաքականության  հիմնական սկզբունքներն ու ուղղությունները.

3) ամրագրված են համապատասխան դրույթներ` Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Ազգային հանձնաժողովի,  նրա  գործունեության  եւ նպատակների, ինչպես նաեւ հաշմանդամների սոցիալական ներառման ռազմավարության (համալիր ծրագիր) եւ հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրի մասին:

Օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

Բացի դրանից` Հայաստանի Հանրապետության կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 8-ի N 48 արձանագրային որոշմամբ հավանություն է տրվել «Անձի պահպանված աշխատունակության աստիճանի որոշման հիման վրա հաշմանդամության սահմանման մոդելին անցնելու հայեցակարգին եւ հայեցակարգի իրականացումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» հայեցակարգին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի գտնում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության  բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի ընդունումը բերում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների անհարժեշտության, սակայն բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ սահմանված ձեւաչափով ներկայացված տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների առկայության պարագայում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի թե ընդունումը, եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի մուտքերի փոփոխության չի հանգեցնում:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1.«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության իրավական հիմքերին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ծրագրային հիմունքները, ինչպես նաեւ հաշմանդամների սոցիալական պաշտպանության Ազգային հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգերը:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն: