ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Պ-076-06.09.2012-ՏՀ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի` նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը: Այսինքն, նշված օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը հարկման ենթակա չի լինելու եւ այն աշխատողին վճարման ենթակա տնօրինվող աշխատավարձի նվազագույն չափն է: Ընդ որում, նշված մոտեցումը «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ամրագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-290-Ն օրենքով` նպատակ ունենալով ապահովել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» N 131 կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթի իրագործումը:

2. Այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նվազագույն ամսական աշխատավարձը հարկման նպատակով չի դիտարկվել որպես նվազեցվող եկամուտ, դեռեւս չի նշանակում, որ 2013 թվականի հունվարի 1-ից գործատուները կարող են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` նվազագույն ամսական աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարել: Նշվածը հիմնավորվում է հետեւյալ նկատառումներով`

1) ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձին համարժեք եկամուտը` ամսական 32500 դրամի չափով, հարկման նպատակով նվազեցվում է համախառն եկամտից եւ հետեւաբար չի հարկվում եկամտահարկով.

2) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին նույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված եւ վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված` անվանական աշխատավարձերի վերահաշվարկման պահանջի հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 692-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ, մասնավորապես, ամրագրվել է, որ 2013 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատողներին վճարվող պաշտոնային դրույքաչափային աշխատավարձի տնօրինվող (հարկումից հետո) մակարդակը չպետք է պակաս լինի ինչպես 2012 թվականի ընթացքում փաստացի վճարված պաշտոնային դրույքաչափային աշխատավարձի միջինացված մեծությունից, այնպես էլ 2012 թվականի դեկտեմբերին վճարված (վճարվող) տնօրինվող աշխատավարձի մեծությունից.

3) վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.8-րդ հոդվածի 1-ին մասով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին եւ (կամ) 2-րդ հոդվածներով նախատեսված չափից պակաս աշխատավարձ սահմանելու համար նախատեսված է վարչական պատասխանատվություն:

3. Եկամտային հարկը հանդիսանում է միասնական հարկ, որը ներառում է ներկայումս գործող եկամտահարկն ու պարտադիր սոցիալական ապահովության վճարները:  Ընդ որում, հաշվի առնելով եկամտահարկի դրույքաչափերի աճող (պրոգրեսիվ) եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների դրույքաչափերի նվազող (ռեգրեսիվ) բնույթը` եկամտային հարկի դրույքաչափերը սահմանվել են այնպես, որպեսզի բացառվի`

ա) գործատուների` աշխատավարձերի ուղղությամբ կատարվող ծախսերի էական ավելացումը,

բ) վարձու աշխատողների փաստացի եկամուտների նվազեցումը,

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցումը:

Այդ կապակցությամբ, հայտնում ենք, որ եթե նվազագույն ամսական աշխատավարձը չհարկելու առաջարկության ընդունումը չուղեկցվի ներկայումս «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` եկամտային հարկի դրույքաչափերի բարձրացմամբ, ապա առաջարկության ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների անհիմն նվազեցման, ինչի արդյունքում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացումը, եւ, մասնավորապես, կենսաթոշակների եւ ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարումը կարող է ամբողջովին վտանգվել, իսկ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված առանձին ծրագրեր (այդ թվում` սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող) կարող են մնալ առանց ֆինանսավորման:

Ինչ վերաբերում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` եկամտային հարկի դրույքաչափերի հնարավոր բարձրացմանը, ապա քաղաքականության նման մոտեցումն ընդունելի չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա արդյունքում վարձու աշխատողների հարկային բեռը եւ (կամ) գործատուների ծախսերը կարող են աճել:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

 Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի եւ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը

1) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի բացասական ազդեցություն,

շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եկամտային հարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Եկամտային հարկի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրել, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` նվազագույն ամսական աշխատավարձը հարկման նպատակով դիտարկվելու է որպես համախառն եկամտից նվազեցվող եկամուտ եւ ըստ այդմ` եկամտային հարկով հարկման ենթակա չի լինելու:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական ազդեցություն եւ միաժամանակ կհանգեցնի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի նվազեցման, ինչը մեր գնահատմամբ կկազմի շուրջ 16 մլրդ դրամ:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման առավել կոնկրետ եզրակացություն հնարավոր է տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 42 արձանագրային որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 13 արձանագրային որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ բաժնի 14-րդ գլխով նախատեսված ձեււաչափով փաստաթղթերի ներկայացման պարագայում:  



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է, որ նվազեցվող եկամուտ է համարվում  նաեւ նվազագույն ամսական աշխատավարձը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը նվազեցվող եկամուտ համարելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: