ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, եւ Արմեն Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-078-06.09.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված նախագիծը չի բխում սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վարվող քաղաքականության սկզբունքներից, որի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` սոցիալական ապահովությանն ուղղված միջոցները պետք է տրամադրվեն ըստ առաջնահերթությունների՝ ելնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հանգամանքից: Հարկ է նկատի ունենալ, որ առաջնորդվելով նշված սկզբունքով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքով չվճարված կենսաթոշակի գումարը 3 տարվա փոխարեն մեկ տարվա ժամանակահատվածի համար վճարելու դրույթին զուգահեռ սահմանվեց, որ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ունի` անկախ այլ պետությունում կենսաթոշակ ստանալու հանգամանքից (մինչ այդ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին կենսաթոշակի իրավունք ուներ, եթե կենսաթոշակ չէր ստանում այլ պետությունից):

Նախագծի ընդունումը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի համար համապատասխան միջոցներ նախատեսված չեն ոչ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով, ոչ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի նախագծով:

 Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում օրենքի կատարումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ անհրաժեշտ փոփոխությունը կընդունվի օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Պետական կենսաթոշակների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության  բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

Եզրակացություն
 
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի   սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական  պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների փոքր խմբի վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարի հաշվարկման ժամանակահատվածին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) փոփոխվում է չվճարված կենսաթոշակի գումարի վճարման ժամանակահատվածը:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվող փոփոխությունը (դադարեցված կենսաթոշակի (չվճարված կենսաթոշակ) եւ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի վճարումը կատարվում է ներկայումս գործող (մեկ տարվա) դիմաց առաջարկվող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել) ենթադրում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտություն, որի վերաբերյալ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի նիստի N 42 արձանագրային որոշմամբ սահմանված ձեւաչափով ներկայացված տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների առկայության պարագայում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծի թե ընդունումը, եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության չի հանգեցնում: