ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյաանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-093-28.09.2012-ԳԲ-010/0) վերաբերյալ:

Ներկայացված օրենքի նախագծով առաջարկվում է «Կավաշեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդգրկել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում նշված այն ընկերությունների ցանկում, որոնց կողմից վճարվող համապատասխան բնապահպանական վճարներից կատարվում են մասհանումներ համապատասխան համայնքների բյուջեներ` «Կավաշեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարներից Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատի քաղաքային համայնքին մասհանում կատարելու նպատակով: Օրենքի նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝ դա կծառայի համայնքի մի շարք հույժ կարեւոր հարցերից համայնքի ոռոգման ջրի հարցի լուծմանը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ եթե համայնքի ոռոգման ջրի հարցի լուծումը գյուղատնտեսական նպատակով է, ապա մասհանումները նշված նպատակով չեն կարող օգտագործվել, քանի որ օրենքի համաձայն մասհանումներն օգտագործվում են բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

Միաժամանակ ընդունելի չէ օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված այն մոտեցումը, որ անարդար կլինի «Կավաշեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարներից որպես փոխհատուցում համայնքին մասհանում չկատարելը` նկատի ունենալով այն, որ բնապահպանական վճարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին եւ ոչ թե համայնքների բյուջեներին ամրագրված եկամուտներ են: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ համայնքներին ամրագրված եկամուտներից են նաեւ բնապահպանական վճարներից կատարվող մասհանումները, եւ «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության ու «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության   կողմից վճարվող բնապահպանական վճարներից Արարատի քաղաքային համայնքին արդեն իսկ կատարվում են համապատասխան մասհանումներ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են նաեւ այլ կազմակերպություններ, որոնց կողմից վճարված համապատասխան բնապահպանական վճարներից մասհանումներ չեն կատարվում համապատասխան համայնքների բյուջեներ: Ուստի, ընկերությունների ընտրության ոչ բավարար հիմնավորումը կարող է նախադեպ հանդիսանալ այլ ընկերությունների նույնպես օրենքի շրջանակներում ընդգրկելու համար, որն էլ իր հերթին կարող է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից զգալի լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտություն առաջացնել:

Օրենքի նախագիծն ընթացիկ տարում ընդունվելու դեպքում 2014 թվականից սկսած կառաջացնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտություն:

Հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջները՝ անհրաժեշտ է՝

1) 1-ին հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով, իսկ «11 հունիսի» բառերը՝ «15 մայիսի» բառերով.

2) 2-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման տարվան հաջորդող տարվա» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

3) «Կավաշեն» բառը լրացնել «Գեոպրոմայնինգ Գոլդ» բառերից հետո:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը առողջության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  (այսուհետ` օրենք) ընդունումը նպատակ ունի «Կավաշեն» ՍՊԸ կողմից վճարված բնապահպանական վճարներից մասնահանումներ կատարել Արարատ քաղաքի համայնքին` հետեւապես նախագծի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը   բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Բնապահպանական վճարներից մասնահանումն որպես փոխհատուցում համայնքին`  կնպաստի Արարատ համայնքի կայուն զարգացման ծրագրի իրականացմանը:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով «Կավաշեն» ՍՊԸ-ն  ներառվում է այն ընկերությունների ցանկում, որոնց վճարած բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում համապատասխան համայնքներին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) «Կավաշեն» ՍՊԸ-ն  ավելացվում է այն ընկերությունների ցանկում, որոնց կողմից վճարվող բնապահպանական վճարներից մասհանումներ են կատարվում համապատասխան համայնքներին:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծով առաջարկվում է «Կավաշեն» ՍՊԸ-ն ընդգրկել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածում նշված այն ընկերությունների ցանկում, որոնց կողմից վճարվող համապատասխան բնապահպանական վճարներից կատարվում են մասհանումներ համապատասխան համայնքների բյուջեներ` «Կավաշեն» ՍՊԸ-ի կողմից վճարվող համապատասխան բնապահպանական վճարներից ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքային համայնքին մասհանում կատարելու նպատակով:

Նախագիծն ընթացիկ տարում ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հունվարի 1-ից: Հետեւաբար օրենքն ընդունվելու դեպքում այն կարող է կիրարկվել սկսած ՀՀ 2014 թվականի բյուջետային գործընթացից` այսինքն օրենքի ընդունումը 2014 թվականի եւ հետագա տարիների ՀՀ պետական բյուջեներից լրացուցիչ ծախսերի հատկացման անհրաժեշտություն կառաջացնի:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հաստատվելիք մասհանումների չափը որոշվելու է` ելնելով նույն օրենքում նշված ընկերությունների կողմից 2010-2012 թվականներին պետական բյուջե փաստացի վճարված համապատասխան բնապահպանական վճարների հանրագումարից: Սակայն 2012 թվականի փաստացի ցուցանիշի բացակայությամբ պայմանավորված` ազդեցության ֆինանսական գնահատումն իրականացվել է «Կավաշեն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ 2009-2011 թվականների պետական բյուջեներ փաստացի վճարված բնապահպանական վճարների հիման վրա` հիմք ընդունելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ս.թ. հոկտեմբերի 12-ի թիվ 01/6-2/10855-12 գրությամբ «Կավաշեն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ 2009-2011 թվականների պետական բյուջեներ փաստացի վճարված բնապահպանական վճարների վերաբերյալ տեղեկությունները:

Նախագծի ընդունումը այլ հավասար պայմաններում ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի ծախսերը կավելացնի 16,518.9 հազար դրամով եւ միեւնույն չափով կավելացնեն Արարատ քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեի եկամուտներն ու ծախսերը:

Նախագծի թե' ընդունումը եւ թե' չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն: