ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի եւ Արմեն Բաբայանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-095-01.10.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ նախագիծը մշակվել է հաշվի առնելով միայն առաջարկվող փոփոխությունների սոցիալական հետեւանքները, մինչդեռ տնտեսական հետեւանքների համակողմանի հիմնավորում եւ փոփոխությունների ապահովման ռեսուրսային ապահովվածության հիմնավորում չեն ներկայացվել: Նախագծի վերաբերյալ այս տեսանկյուններից հայտնում ենք, որ`

1. Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «փոփոխությունները կապահովեն նաեւ ստվերային տնտեսության, այս դեպքում թաքնված զբաղվածության չափերի էական կրճատում»: Կարծում ենք, որ առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձի ավելացումը չի հանգեցնի ստվերային տնտեսության ծավալների նվազեցմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նվազագույն ամսական աշխատավարձի ավելացման պայմաններում գործատուները կամ`

ա) կբարձրացնեն մինչեւ նախագծի ուժի մեջ մտնելն առաջարկվող փոփոխության հիման վրա գնահատված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ ստացող վարձու աշխատողների աշխատավարձը` դրանով իսկ կրելով աշխատավարձի բարձրացման հետեւանքով առաջացող լրացուցիչ ծախսերի բեռը (այդ թվում` 2013 թվականի հունվարի 1-ից կիրառվող եկամտային հարկի մասով),

բ) անփոփոխ կթողնեն գործող աշխատավարձերի չափերը` դրանով իսկ իրենց վրա վերցնելով նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն կրելու ռիսկերը,

գ) չեն գրանցի վարձու աշխատողներին` խուսափելով ինչպես աշխատավարձի բարձրացման հետեւանքով առաջացող լրացուցիչ ծախսերից, այնպես էլ նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ վճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից:

Հետեւաբար, գործատուները, որոնք ցածր որակավորում ունեցող անձանց կողմից իրականացվող, մասնագիտական գիտելիքներ ու պատրաստվածություն չպահանջող աշխատանքների համար ներկայումս առաջարկվող փոփոխության հիման վրա գնահատված նվազագույն աշխատավարձից ցածր աշխատավարձ են վճարում իրենց վարձու աշխատողներին, առաջարկվող օրենսդրական փոփոխության իրականացման դեպքում ավելի շատ հակված կլինեն նշյալ վարձու աշխատողներին օրենքով սահմանված կարգով չգրանցելու:

2. Նախագծով առաջարկվող մոտեցման հիման վրա իրականացված գնահատականների համաձայն, որոնց համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային վիճակագրական ծառայության կողմից 2012 թվականի առաջին եռամսյակում հրապարակված, ինչպես նաեւ դրանց հիման վրա փորձագիտական եղանակով գնահատված  2013-2014 թվականների ցուցանիշները, առաջարկվող փոփոխության արդյունքում 2013 թվականին նվազագույն աշխատավարձի աճը կկազմի շուրջ 36%, իսկ 2014-2015 թվականներին` համապատասխանաբար 30%եւ15%:

Նվազագույն աշխատավարձերի աճի նման բարձր տեմպերը կգերազանցեն նույնիսկ տնտեսության հնարավոր առավելագույն արտադրողականության աճի եւ գնաճի գումարային տեմպերը (8-10%), որի դեպքում կարող է կտրուկ բարձրանալ գործազրկության մակարդակը` հատկապես արտադրողականության ցածր մակարդակ ունեցող տնտեսության ճյուղերում կամ կբարձրանա աշխատողներին չգրանցելու դեպքերը: Բացի դրանից, արտադրողականության համեմատ աշխատավարձերի ավելի բարձր տեմպերով աճը կհանգեցնի գնաճի ավելացման:

Նշենք, որ նվազագույն աշխատավարձերի առաջարկվող տեմպերով բարձրացման ազդեցությունը կփոխանցվի գների վրա ինչպես համախառն պահանջարկի աճի եւ միավոր աշխատուժի ծախսերի ավելացման արդյունքում, ինչը կպայմանավորվի հարկաբյուջետային խիստ ընդլայնող ազդակով (բյուջեի ծախսերի ավելացման վերոնշյալ գնահատականների պայմաններում), այնպես էլ դրամի փոխարժեքի արժեզրկման միջոցով (դրամի քանակը տնտեսությունում կավելանա): Գնահատվել է, որ այս երկու գործոնների ընդհանուր ազդեցությամբ կարող է առաջանալ տարեկան 3-4 % լրացուցիչ գնաճ, որը շարունակական բնույթ կկրի նաեւ 2014-2015 թվականների ընթացքում: Բնականաբար դրամավարկային գործիքների միջոցով նման բարձր եւ երկարաժամկետ բնույթի գնաճի չեզոքացումը հնարավոր չի լինի, իսկ եթե նույնիսկ հնարավոր լինի, ապա դա կարող է իրականացվել միայն տնտեսության կրճատման հաշվին:

Վերոնշյալ պատճառներով, զարգացած երկրներում հիմնական միտումն այն է, որ աշխատավարձերի սահմանման ժամանակ կոլեկտիվ համաձայնագրերի դերը գնալով մեծանում է, իսկ այս ձեւաչափով խնդրի քննարկման հիմնական նպատակներից մեկն աշխատավարձերի սահմանման այնպիսի մեխանիզմների ստեղծումն է, որն ապահովի հավասարակշռություն աշխատավարձերի փոփոխության սոցիալական եւ տնտեսական ազդեցությունների միջեւ: Նշենք որ հիմնավորման մեջ եւս անդրադարձ է կատարվել կոլեկտիվ համաձայնագրերի դերի մեծացմանը` սակայն այն դիտարկվել է միայն սոցիալական տեսանկյունից:

3. Նախագծի ընդունման դեպքում, առաջին կետում նշված պատճառներով պայմանավորված, հիմնական ազդեցությունը կփոխանցվի պետական հատվածի աշխատավարձերի վրա` էապես ավելացնելով բյուջեի ծախսերը: Բյուջետային բնագավառում նախագծի կարգավորման ազդեցության շրջանակներում հնարավոր է նկատի ունենալ ծախսերի գնահատման երկու տարբերակ`

1) երբ նվազագույն աշխատավարձի եւ բազային աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ բարձրացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող բոլոր աշխատավարձերը եւ նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսերը: Այս դեպքում մեր մոտավոր գնահատմամբ 2013-2015 թվականներին լրացուցիչ կպահանջվի համապատասխանաբար  76.9, 99.5 եւ 87.7 մլրդ դրամ.

2) երբ նվազագույն աշխատավարձի եւ բազային աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ բարձրացվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվող մինչեւ առաջարկվող փոփոխության հիման վրա գնահատված նվազագույն աշխատավարձից ցածր ամսական աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձերը: Այս դեպքում լրացուցիչ հատկացման պահանջի չափը 2013-2015 թվականներին կկազմի համապատասխանաբար 16.8, 20 եւ 11,9 մլրդ դրամ:

4. Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումը կարող է ունենալ բացասական ազդեցություն նաեւ համայնքների բյուջեների վրա, մասնավորապես, ավելացնելով համայնքների բյուջեներից կատարվող ծախսերը: Որպես հետեւանք չի կարելի բացառել ինչպես դրանով պայմանավորված համայնքների բյուջեներում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը, այնպես էլ դրանից խուսափելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա կազմակերպությունների աշխատողների թվի անհարկի կրճատումները:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ ներկայացված օրենքի նախագծի ընդունումը բավարար հիմնավորված չէ:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության  Ազգային  ժողովում  քննարկելիս,  հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի  Հանրապետության ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը: 
  

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. Նախագծով առաջարկվել է, որ սկսած 2013 թվականից աշխատավարձի նվազագույն չափը չի կարող պակաս լինել`

-12 ամսյա գնաճի արդյունքներով վերահաշվարկված նախորդ տարվա նվազագույն աշատարարձից,

-կենսաապահովման նվազագույն բյուջեի` 2013 թվականի համար` 80 տոկոսից, 2014 թվականի եւ հաջորդ տարիների համար 100 տոկոսից,

-միջին ամսական աշխատավարձի` 2013 թվականի համար` 30 տոկոսից, 2014 թվականի համար 40 տոկոսից, 2015 թվականի հետագա տարիների համար 50 տոկոսից:

2. Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, պետական պաշտոնատար այլ անձանց, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների նվազագույն ամսական աշխատավարձը (այդ թվում բազային պաշտոնային դրույքարափը) չի կարող պակաս (ցածր) լինել սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 120 տոկոսից:

Նախագծի հոդված 1-ով նախատեսվող նվազագույն ամսական աշխատավարձի  չափերի ըստ տարիների  համապատասխան տոկոսներով բարձրացումները, մեր հաշվարկներով կբերեն`

ա) երբ նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ միաժամանակ համամասնորեն բարձրացվում են ՀՀ պետական բյուջեից տրվող բոլոր աշխատավարձերը   եւ նվազագույն աշխատավարձի հետ կապված այլ ծախսերը: Այս պարագայում ըստ տարիների մեր մոտավոր գնահատմամբ լրացուցիչ կպահանջվի  2013 թվականին` 65.1 մլրդ. դրամ, 2014 թ-ին` 87.4 մլրդ.դրամ եւ 2015 թ-ին 79.8 մլրդ.դրամ,

բ) երբ բարձրացվում է միայն ՀՀ պետական բյուջեից տրվող նվազագույն ամսական աշխատավարձ ստացող աշխատողների աշխատավարձերը: Այս պարագայում ըստ տարիների մեր մոտավոր գնահատմամբ  լրացուցիչ կպահանջվի 2013 թվականին` 5.0 մլրդ. դրամ, 2014 թ-ին` 7.9 մլրդ.դրամ եւ 2015 թ-ին 4.0 մլլրդ.դրամ:

Նախագծի հոդված 2-ի նախատեսվող նվազագույն աշխատավարձերի մասով (առանց տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների եւ ՀՀ կենտրոնական բանկի աշխատողների)  լրացուցիչ   ծախսերի աճը ըստ տարիների  կկազմի 2013 թվականին` 11.8 մլրդ. դրամ, 2014 թ-ին` 12.1 մլրդ.դրամ եւ 2015 թ-ին 7.9 մլրդ.դրամ:

Նշված ծախսեր համար ՀՀ 2013-2015թթ. ՄԺԾԾ-ով, ինչպես նաեւ ՀՀ ԱզգայիՆ Ժողով ներկայացված ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով համապատասխան միջոցներ նախատեսված չեն:

Պետական բյուջեի եկամուտների վրա ազդեցության կապակցությամբ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող նվազագույն ամսական աշխատավարձը ներկայումս սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից «32.500 ՀՀ դրամ» բարձր սահմանվելու դեպքում նախագծի ընդունումը այլ հավասար պայմաններում (զբավածության եւ ստվերային աշխատավարձերի մակարդակների անփոփոխ պայմաններում) պետական բյուջեի եկամուտների վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով այն, որ նվազագույն ամսական աշխատավարձը ներառվելու է 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող եկամտային հարկով հարկվող եկամուտների խմբում:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ առավել կոնկրետ եզրակացություն հնարավոր կլինի տրամադրել միայն վերոնշյալ նախագծով ներկայացված ցուցանիշներին բավարարող նվազագույն ամսական աշխատավարձի չափի վերաբերյալ առավել կոնկրետ տեղեկատվության առկայության պարագայում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծով նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացումը տնտեսվարող սուբյեկտների համար կավելացնի աշխատավարձերի վճարման հետ կապված ծախսերը եւ կարող է հանգեցնել չձեւակերպված աշխատողների թվաքանակի ավելացմանն ու ստվերային տնտեսության աճին: Միեւնույն ժամանակ, աշխատավարձի փոփոխությունը պետք է պայմանավորված լինի շուկայական հարաբերություններով եւ կարգավորվի ազատ շուկայական պայմաններում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների միջեւ մրցակցությամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսաապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը որոշակի դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա` բնակչության սակավ ապահովված սոցիալական խմբերի կողմից բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ անհրաժեշտ թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերման հնարավորության ընձեռման առումով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների, վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: