ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Պ-112-08.10.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:

1. Նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության սկզբունքներից եւ Հայաստանի Հանրապետության կառավարության ստանձնած պարտավորություններից:

2. Ավելացված արժեքի հարկի համակարգում ցանկացած արտոնության կիրառություն խաթարում է ավելացված արժեքի հարկով հարկման համակարգի ամբողջականությունը եւ ստեղծում հարկումից խուսափելու ռիսկեր, որոնց արդյունավետ կառավարումը լուրջ մարտահրավեր է դառնում հարկային վարչարարություն իրականացնող մարմինների համար:

Մասնավորապես, այս համատեքստում անհասկանալի է, թե ինչպես ԱՏԳ ԱԱ 0103 ծածկագրին դասվող տոհմային կենդանի խոզեր իրացնողը պետք է հիմնավորի, որ կենդանիներն իրացվել են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կամ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին:

Բացի դրանից, եթե տոհմային կենդանի խոզերի իրացումից հետո պարզվի, որ դրանց գնորդը համարվում է, օրինակ, ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ, ապա կստացվի, որ իրացման գործարքների մասով արդեն իսկ կիրառված` ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը եղել է ոչ իրավաչափ, ինչը կրկին խնդիրներ կստեղծի ինչպես իրացնողի, այնպես էլ՝ հարկային մարմինների համար:

3. Օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տոհմային կենդանի խոզերի իրացումն ավելացված արժեքի հարկից ազատելու արդյունքում կձեւավորվի մրցակցային դաշտ, որն էլ իր հերթին կհանգեցնի գների նվազմանը, եւ նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղական համայնքներում վերամշակման նոր ձեռնարկությունների ստեղծման համար:

Այդ կապակցությամբ գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող արտոնության կիրառությունը չի ապահովի ակնկալվող արդյունքների ստացումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունների կիրառության` Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ արտոնությունների կիրառությունը հիմնականում չի հանգեցնում հարկման արտոնյալ դաշտում հայտնված ապրանքների (ծառայությունների) գների նվազման եւ փոխարենն արտոնությունից օգտվող տնտեսավարող սուբյեկտների համար ապահովում է չհիմնավորված գերշահույթներ:

Այս տեսանկյունից գտնում ենք, որ անհրաժեշտ է ոչ թե ընդյալնել գործող արտոնությունները, այլ կրճատել այն արտոնությունների շրջանակը, որոնք հարկումից խուսափելու ավելի մեծ հնարավորություններ են ստեղծում:

Օրենքի նախագծի ընդունումը կարող է նախադեպ հանդիսանալ այլ գյուղատնտեսական կենդանիների իրացման գործարքների մասով եւս նմանատիպ արտոնություն սահմանելու համար:

Ելնելով շարադրվածից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող հարկային եւ մաքսային օրենսդրությամբ գյուղատնտեսության ոլորտի համար արդեն իսկ սահմանված են բավական լայն հարկային արտոնություններ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 
 

Հարգանքով` ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

     

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է տոհմային խոզերի արտադրությամբ զբաղվող եւ դրանք ներկրող տնտեսվարող սուբյեկտների համար ավելացված արժեքի հարկի վճարման տարբեր մոտեցումներ կիրառել, որով տնտեսվարողների համար սահմանվում են տարբեր «խաղի կանոններ», ինչը կխոչընդոտի ՀՀ-ում տոհմային խոզաբուծության զարգացմանը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) ավելացված արժեքի հարկից  ազատվում է ՀՀ տարածք ներմուծված տոհմային կենդանի խոզերի իրացումը:

Նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակներն առնչվում են տոհմային անասնաբուծության բնագավառում տոհմային ծառայության եւ տոհմային կենդանի խոզերի շուկաների հետ:

Նախագծի ընդունումը  վերոնշյալ շուկաներում կառաջացնի ոչ հավասար մրցակցային պայմաններ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող եւ  Հայաստանի տարածքում տոհմային կենդանի խոզերի բուծությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ գյուղտնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի միջեւ :
Հաշվի առնելով վերոգրյալը` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ոչ զգալի բացասական ազդեցություն հայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ավելացված արժեքի հարկի մասին»   Հայաստանի  Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:


Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


Եզրակացություն

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգչի 0103 ծածկագրին դասվող` տոհմային կենդանի խոզերի իրացումը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին ազատել ավելացված արժեքի հարկից:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի հարկային եկամուտների վրա կունենա բացասական, իսկ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն: