ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ





Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի,  Ստեփան Դեմիրճյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ոեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ւիոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-114-12.10.2012-ՊԻ-010/0, Պ-1141 -12.10.2012-ՊԻ-010/0 եւ Պ-1142 -12.10.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. Օրենքների նախագծերի փաթեթը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:  Այսպես`

1) «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ)՝

ա. 1-ին եւ 4-րդ հոդվածները հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի պահանջներին: Մասնավորապես, նշված հոդվածներով նախատեսված է պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներին, ձերբակալված կամ կալանավորված անձանց զրկել համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքից: Մինչդեռ, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածով ամրագրված դրույթների, ընտրել եւ ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիները: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նշված հոդվածով նախատեսված ընտրական իրավունքի սահմանափակումը չի տարածվում զինծառայողների, ինչպես նաեւ ժամանակավորապես անազատության մեջ գտնվող անձանց` ձերբակալվածների եւ կալանավորվածների վրա, այլ վերաբերում է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված եւ պատիժը կրող քաղաքացիներին: Միաժամանակ գտնում ենք, որ քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ վերապահված նշված իրավունքի սահմանափակումը չի կարող իրավաչափ համարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-րդ հոդվածով նախատեսվող հիմքերի շրջանակներում: Ներկայացված մոտեցումն ընդունելի չէ եւ հակասում է նաեւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին,

բ. 29-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթների համաձայն` ընտրախախտում կատարած անձինք ենթակա են պատասխանատվության՝ ընտրական օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված կարգով: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը.

2) «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունից վեց ամսվանից ավելի ժամկետով անընդմեջ բացակայող քաղաքացիներին, լիազոր մարմնի նախաձեռնությամբ, անմիջապես հանել Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հաշվառումից` ռեգիստրում պահպանելով նրանց անհատական հաշվառման տվյալները: Նշված քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց քառասուն օր հետո ավտոմատ կարգով վերականգնվում են Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակության վայրի հաշվառման տվյալները: Գտնում ենք, որ նշված դրույթներով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածով քաղաքացուն վերապահված ընտրելու իրավունքը: Մասնավորապես, այն քաղաքացիները, ովքեր վեց ամսվանից ավելի ժամկետով անընդմեջ բացակայում են Հայաստանի Հանրապետությունից, ընտրությունների նախօրեին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն, զրկվում են ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց քառասուն օր հետո ավտոմատ կարգով Հայաստանի Հանրապետությունում նրանց բնակության վայրի հաշվառման տվյալների վերականգնմանը, նշենք, որ նշված ժամկետը բավական երկար է, իսկ այդ ընթացքում գործնականում կարող են կազմակերպվել եւ անցկացվել ընտրություններ:

Հարկ է նկատի ունենալ նաեւ այն, որ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով որոշակի ընտրողների խումբ քվեարկությանը մասնակցում է էլեկտրոնային եղանակով, եւ այս պարագայում այդ ընտրողները կզրկվեն ընտրությանը մասնակցելու հնարավորությունից:

2. Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնական ընտրակարգով: Մինչդեռ գործնականում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել նախքան օրենսդրական համապատասխան փոփոխություններ նախատեսելը: Մասնավորապես, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կազմավորման կարգը սահմանելու հարցում անհրաժեշտ է ոչ միայն համակողմանիորեն իրականացված վերլուծությունների արդյունքում գնահատել օրենսդրական փոփոխությունների նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը, այլեւ՝ հաշվի առնել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Տարբեր երկրներում ընտրակարգի այս կամ այն ձեւի առկայությունը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Դրանք տարբեր են միապետական եւ հանրապետական կառավարման ձեւ ունեցող պետություններում, դաշնային եւ ունիտար պետություններում, միապալատ եւ երկպալատ պառլամենտների պարագայում, սահմանադրական օրենքների առկայությամբ կամ բացակայությամբ եւ այլն:

Որեւէ համակարգի միանշանակ ընտրությունն ինքնին կապ չունի ընտրական գործընթացի արդյունավետության հետ: Հայաստանի Հանրապետությունում մեծամասնական ընտրակարգի լրացուցիչ առկայությունը համամասնականին զուգահեռ այն երաշխիքն է, որն ապահովում է կոնկրետ պատգամավորի կողմից բնակչության որոշակի հատվածի շահերը ներկայացնելու հնարավորությունը: Ակնհայտ է նաեւ, որ պառլամենտական մեծամասնություն կարող է ձեւավորվել միայն համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից, քանի որ նրանց թիվը խորհրդարանում զգալիորեն գերակայում է մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների թվի նկատմամբ: Մեծամասնական ընտրակարգի առկայությունն ինքնին որեւէ կերպ չի կարող անդրադառնալ ընտրական գործընթացի, այդ թվում` ընտրվելու իրավունքի արդյունավետ իրականացման վրա: Ընդհակառակը` այս համակարգը հնարավորություն է ընձեռում ընտրողների այն զանգվածին, որոնք չեն ցանկանում իրենց ձայնը տալ որեւէ կուսակցության կամ կուսակցական դաշինքի, որոշելու իրենց կողմից նախընտրած թեկնածուին` կուսակցություններից դուրս:

Բացի դրանից, մեծամասնական ընտրակարգի առկայությունը չի բացառում որեւէ կուսակցության հարող կամ դրա անդամ հանդիսացող թեկնածուի ընտրությունը հենց մեծամասնական ընտրակարգով: Հետեւաբար, անցումը 100 տոկոս համամասնական ընտրակարգի ինքնին չի կարող համարվել առաջընթաց՝ գործող ընտրակարգի համեմատ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով նկարահանել քվեարկության օրը բոլոր տեղամասային կենտրոններում գտնվող քվեարկության սենյակները եւ տեղամասային կենտրոնին հարող` 50 մետր շառավղով տարածքը: Միաժամանակ տեսանկարահանումը պետք է կատարվի ընդհուպ մինչեւ քվեարկության արդյունքների ամփոփումը: Այդ առումով գտնում ենք, որ նշված պահանջի իրագործման համար անհրաժեշտ են զգալի ֆինանսական ռեսուրսներ: Միաժամանակ՝ գործող ընտրական օրենսգրքի դրույթները չեն արգելում լուսանկարահանում եւ տեսանկարահանում իրականացնելը: Մասնավորապես, օրենսգրքի 6-րդ եւ 67-րդ հոդվածների համաձայն վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը` առանց խախտելու ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Բացի դրանից, նրանց թույլատրվում է նաեւ լուսանկարահանել, տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը:

4. Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվում է, որ լիազոր մարմնի կողմից տարեկան 2 անգամ` հունիսին եւ նոյեմբերին, իսկ համապետական ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների եւ ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով` վերջինիս համացանցային կայքում որոնման եւ ներբեռնելու հնարավորությամբ տեղադրելու համար: Նշենք, որ ընտրական տեղամասերը ձեւավորվում են յուրաքանչյուր ընտրության ժամանակ, հետեւաբար, եթե ընտրությունների ժամանակաշրջան չէ, լիազոր մարմնի կողմից ընտրողների ռեգիստրը չի կարող ներկայացվել ըստ ընտրական տեղամասերի:

5. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի կապակցությամբ հայտնում ենք, որ ընտրողներին գրանցող ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը դնելու համար ցուցակներում առանձնացված տեղ գոյություն ունի, իսկ վստահված անձինք չունեն անհատական կնիքներ, եւ այդպիսի կարգավորում առկա չէ ընտրական օրենսգրքում:

6. Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում են դրույթներ ընտրողների ստորագրած ցուցակները լուսապատճենելու եւ տեղամասային կենտրոններում փակցնելու, ինչպես նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու վերաբերյալ:

Տվյալ հարցի առնչությամբ բազմիցս հստակ դիրքորոշում են արտահայտել Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) եւ ԵԱՀԿ-ի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը, որոնց կողմից մշակվել են այս ոլորտին առնչվող եվրոպական հիմնական չափորոշիչները: Բոլոր դեպքերում ընդհանուր մոտեցումն այն է, որ խնդրի լուծումը ոչ թե տեղեկատվության ազատության իրավունքի բացարձակեցման, այլ դրա իրավաչափ սահմանափակման ու նաեւ այլոց իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման համատեքստում է: Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի, միաժամանակ քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախտումը գնահատվում է որպես քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նշված հարցի վերաբերյալ արտահայտելով իր իրավական դիրքորոշումը՝ 2012 թվականի մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշմամբ, գտնում է, որ նման մոտեցումը համահունչ է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ եւ 43-րդ հոդվածների սահմանադրաիրավական բովանդակությանը՝ փաստելով, որ քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված եւ լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը եւ հրապարակման ենթակա չեն:

7. Նախագծի 10-րդ հոդվածը նախատեսում է ընտրությունների օրը նշանակելու օրվանից սկսած արգելել թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին  անձամբ կամ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Ակնհայտ է, որ ընտրությունների նշանակման օրն ընտրական օրենսգրքի իմաստով թեկնածուները հայտնի չեն, եւ այդ առումով պարզ չէ, թե նշված արգելքն ում վրա կարող է տարածվել: Քարոզչությանը մասնակցող սուբյեկտները նախընտրական քարոզչությունը պետք է իրականացնեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ունեն ընտրական օրենսգրքով սահմանված պարտավորություններ, որոնք ծագում են թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո միայն: Հարկ է նկատել նաեւ այն, որ ընտրական օրենսգիրքը չի արգելում միջեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նախընտրական քարոզչության ժամանակաշրջանն իրականացնել քարոզչություն:

8. Նախագծի 22-րդ եւ 23-րդ հոդվածներով նախատեսված են դրույթներ, որոնցով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների պաշտոնները դարձնել նշանակովի: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակման իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների նշանակումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Այդ առումով գտնում ենք, որ գոյություն ունեցող կարգավորման համեմատությամբ առաջարկվող կարգավորումը հետընթաց է եւ չի կարող ընտրական գործընթացների բարելավման միջոց հանդիսանալ:

9. Նախագծի 24-րդ հոդվածով նախատեսված տեղամասային ընտրական հանձնաժողովի ձեւավորումը բացառապես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին վերապահելու դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները կզրկվեն ընտրական ամբողջ գործընթացում կազմակերպական եւ վերահսկողության լայն հնարավորություններից:

10. Նախագծի 27-րդ եւ 28-րդ հոդվածներով նախատեսված է քվեարկության օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների, գործողությունների կամ անգործության մասին բողոքները ներկայացրած համարել նաեւ այն դեպքում, եթե բողոքը ներկայացվել եւ գրանցվել է տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Այդ առումով գտնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը` ընտրական օրենսգրքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, վարչարարություն իրականացնող՝ բողոք ընդունող, քննող եւ որոշում կայացնող մարմին չէ: Վարչարարության սկզբունքների համաձայն՝ դիմումը ներկայացնելը հիմք է հանդիսանում վարչական վարույթի հարուցման համար: Մինչդեռ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործառույթը սահմանափակվում է բացառապես ընտրատեղամասում ընտրությունների կազմակերպմամբ եւ անցկացմամբ: Բացի դրանից, տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից՝ նշված բողոքների գրանցումը գրանցամատյանում կարող է խոչընդոտել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքին` լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնելով ընտրական տեղամասերում:

11. Նախագծի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով առաջարկվում է, օրենսգրքի 49-րդ եւ 50-րդ հոդվածներում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորություններից բացի, նախատեսել նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները: Հարկ է նշել, որ հանձնաժողովի` որպես կոլեգիալ մարմնի, օրենսգրքով վերապահված լիազորությունները չեն կարող փոխանցվել նրա անդամներին, որոնց կարգավիճակը սահմանված է օրենսգրքի 37-րդ հոդվածով:

12. Նախագծում առկա են հստակեցման, խմբագրման եւ պարզաբանման կարիք ունեցող դրույթներ: Այսպես`

1) նախագծի 29-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված դրույթներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատել կնիքների, դրոշմակնիքների, դրոշմների, քվեախցիկների, թանաքների եւ այլ ընտրական պարագաների ձեւերը, նմուշները: Այդ առումով պարզ չեն եւ հստակեցման կարիք ունեն «թանաքի ձեւ» կամ «թանաքի նմուշ» արտահայտությունները.

2) նախագծի 31-րդ հոդվածով նախատեսված դրույթների համաձայն` տեղամասային ընտրական հանձնաժողովը պետական մարմին է: Այդ առումով պարզ չէ նշված կարգավորման անհրաժեշտությունը.

3) նախագծի 34-րդ հոդվածով նախատեսված դրույթներով առաջարկվում է գործածության մեջ դնել ընտրողի մատի վրա թանաքի հետք թողնելու միջոցով դրոշմելու ինստիտուտը: Այդ առումով գտնում ենք, որ նման ինստիտուտի ներդրումը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի:

13. «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես`

1) նախագծի մի շարք հոդվածներում նախատեսված դրույթներն անհրաժեշտ է միավորել, քանի որ դրանք վերաբերում են օրենսգրքի նույն հոդվածի մասերին: Նման դրույթներ առկա են նախագծի 7, 9, 10, 11, 17, 18, 22, 27, 28, 29, 30, 32, 34, 37, 39, 40, 41, 42, 44, 45, 46, 47, 51 եւ 64, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներում.

2) նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են դրույթներ, համաձայն որոնց նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել մի շարք նախադասություններ, ինչը չի բխում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջներից: Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 25-րդ հոդվածի 2-րդ մասին.

3) նախագծի 18-րդ հոդվածում կատարվող լրացումն անհրաժեշտ է վերանայել` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները: Նույնը վերաբերում է նաեւ նախագծի 28-րդ, 29-րդ, 34-րդ, 40-րդ, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներին.

4) նախագիծը չի համապատասխանում հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին: Այսպես` նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի որոշմամբ: Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական հրամանագրեր եւ կարգադրություններ.

5) նախագծի 31-րդ հոդվածն անհրաժեշտ է վերանայել, քանի որ հոդվածների մասերը վերնագրեր չեն ունենում` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
 
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքներ) փաթեթի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

Եզրակացություն
 
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:
 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների` ընտրությանը մասնակցելու  հետ կապված իրավահարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) փոփոխվում են Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների անցկացման հետ կապված իրավահարաբերությունները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Դեմիրճյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում, իսկ ծախսերի գծով ֆինանսական գնահատական հնարավոր չէ տալ համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը  չի հանգեցնում:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, պայմանավորված  նշված նախագծում նոր իրավախախտման համար տուգանքի նախատեսմամբ,  կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացման, ինչի չափը հնարավոր չէ գնահատել` ելնելով եկամտատեսակի բնույթից: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի ելքերի եւ  բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում: