ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովնաննես Մարգարյանի եւ Արա Բաբլոյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-179-13.12.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ:

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական նպաստների նպատակների շարքում, ի թիվս այլ նպատակների, ընտանիքի կամ քաղաքացու որոշակի ծախսերի (մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի աշխատավարձի) մասնակի հատուցումն է:

«Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նպաստառու ընտանիքների (երեխաների) թիվը նախատեսված է 11200, իսկ մեկ երեխայի խնամքի նպաստի չափը` ամսական 18,0 հազ. դրամ: Ուստի, 2013 թվականին այս նպատակի համար նախատեսվել է 11200 երեխա x 18000 դրամ x 12 ամիս=2419,2 մլն դրամ (առանց վճարման ծառայության):

Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վիճակագրական տվյալների` 2010 եւ 2011 թվականների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է համապատասխանաբար 44825 եւ 43340 (2012 թվականի տվյալները դեռ հասանելի չեն): Այսինքն, 2013 թվականի ընթացքում մինչեւ երկու տարեկան երեխաների թիվը կկազմի 88165:

Այսպիսով, 2013 թվականին մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք կունենա նախատեսվածից 76965-ով ավելի երեխա: 2013 թվականին նպաստի չափը 18.0 հազ. դրամի չափով պահպանելու պարագայում մեկ տարվա համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցները կկազմեն` 16,624.4 մլն դրամ [(88165 երեխա x 18000 դրամ x 12 = 19043,6 մլն դրամ) – 2419,2 մլն դրամ=16624,4 մլն դրամ], իսկ 2013 թվականի վեց ամսվա համար լրացուցիչ կպահանջվի (նախագծով այն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից) առնվազն 8312,2 մլն դրամ: Իրականում կպահանջվի ավելին, քանի որ նախագծով նախատեսվող զույգ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում նպաստը մինչեւ 2 տարեկան 6 ամսականը վճարելու համար պահանջվող գումարը հաշվարկված չէ՝ համապատասխան ելակետային տվյալների բացակայության պատճառով:

Միաժամանակ, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում «իսկ չաշխատող ծնողի համար` երեխայի կամ երեխաների ծննդյան օրվանից երկու ամիս առաջ» դրույթն ընդհանրապես անընդունելի է, քանի որ երեխայի խնամքի նպաստը տրվում է երեխայի խնամքի, այլ ոչ թե հղիության համար եւ այս տեսակի նպաստի նպատակը, ինչպես նշված է վերեւում, քաղաքացու որոշակի ծախսերի (մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի աշխատավարձի) մասնակի հատուցումն է:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամ է նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերի համար մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 

Հարգանքով` 
  ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության ոլորտի, մասնավորապես մոր եւ մանկան առողջության պահպանման բնագավառում վարվող քաղաքականության տեսանկյունից կունենա դրական ազդեցություն, նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի նախագծի ընդունման արդյունքում  նպաստավոր պայմաններ կստեղծվեն վաղ հասակի երեխայի խնամքի իրականացման համար, իսկ մայրական խնամքը հանդիսանում է երեխայի առողջության, նորմալ աճի եւ հոգեշարժական զարգացման, հիվանդությունների կանխարգելման կարեւորագույն նախապայման:
 
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի հետ կապված նպաստի չափի փոփոխությանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում է երեխայի կամ երեխաների խնամքի նպաստի իրավունքի ծագման հետ կապված հարաբերությունները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում ապրանքային շուկաների հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

Եզրակացություն
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (ամբողջական, այդ թվում զույգ եւ ավելի երեխաների ծննդյան դեպքում նպաստ նշանակելու տեւողությունը վեց ամիս ավել հաշվելու դեպքում) հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով: