ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Աբրահամյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահան Բաբայանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-219-26.02.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ:

1. Օրենքի նախագծով առաջարկվում է նվազեցնել Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով իրականացվող ուղեւորափոխադրման գործունեության համար սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափը` մեկ ավտոմեքենայի համար ամսական 9500 դրամի փոխարեն սահմանելով ամսական 7000 դրամ: Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկման ոլորտում առավել բարենպաստ միջավայրի ձեւավորման եւ մի շարք հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Մինչդեռ՝

1) նշված չեն այն հիմնախնդիրները, որոնք առկա են արտոնագրային վճարի գործող դրույքաչափերի կիրառության դեպքում.

2) «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքով Երեւան քաղաքում կազմակերպվող թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար սահմանված է մեկ ավտոմեքենայի համար օրական ընդամենը 317 դրամ արտոնագրային վճար, որը Երեւան քաղաքում կազմակերպվող ուղեւորափոխադրման գործունեության համար չի կարող համարվել էական հարկային բեռ` հաշվի առնելով Երեւան քաղաքի տնտեսական ակտիվության մակարդակը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ արտոնագրային վճարի մեկ օրվան բաժին ընկնող գումարը համարժեք է մեկ ամենակարճ ուղեւորափոխադրման համար ստացվող գումարի կեսին.

3) անհասկանալի է, թե ինչպիսի բարենպաստ միջավայրի ձեւավորման անհրաժեշտության մասին է խոսքը՝ այն դեպքում, երբ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրումների գործունեության կազմակերպումը ներառված է արտոնագրային վճարների համակարգում, ինչն արդեն իսկ ենթադրում է հարկման առավելագույն պարզեցված ընթացակարգերի կիրառություն:

2. Համաձայն օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ ներկայումս Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության կազմակերպման համար նախկինի համեմատությամբ սահմանված է արտոնագրային վճարի ավելի բարձր դրույքաչափ:

Այս կապակցությամբ, հայտնում ենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-243-Ն օրենքով, նույն օրենքի NN 7 եւ 8 հավելվածների համաձայն թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնող կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար արտոնագրային վճարի դրույքաչափը չի փոփոխվել: Կատարված օրենսդրական փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվել նշված օրենքի N 2 հավելվածը, եւ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրական դրույթները միասնականացվել են: Արդյունքում որոշակիորեն վերանայվել են թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնող որոշ անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված արտոնագրային վճարների դրույքաչափերը` Երեւան քաղաքում իրականացվող գործունեության մասով դրանք փոքր-ինչ բարձրացվել են, իսկ հանրապետության այլ վայրերում իրականացվող գործունեության մասով՝ նկատելիորեն իջեցվել: Ընդ որում, արտոնագրային վճարի դրույքաչափերի վերանայումները վերաբերում են բացառապես այն անհատ ձեռնարկատերերին, որոնք, բավարարելով մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող` «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` վարձու աշխատող չունենալու եւ տարվա ընթացքում մինչեւ 6 մլն դրամի իրացման շրջանառության շեմը չգերազանցելու պահանջները, կարող էին արտոնագրային վճար վճարող համարվել միայն եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա կամ տարվա համար: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ այդ դեպքում արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացվեր նշված ժամանակաշրջանների առաջին ամսվա ընթացքում, հակառակ դեպքում նույնիսկ օրենքի՝ նշված պահանջները բավարարող անհատ ձեռնարկատերերն առնվազն մինչեւ տվյալ եռամսյակի ավարտն արտոնագրային վճար վճարող կհամարվեին «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 7 եւ 8 հավելվածներով սահմանված կարգով եւ դրույքաչափով, որը ենթադրում է ամսական կտրվածքով արտոնագրային վճար վճարող համարվելու հնարավորություն, ինչպես նաեւ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ամսական 9500 դրամ արտոնագրային վճարի դրույքաչափի կիրառություն: Այս առումով, գտնում ենք, որ թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի հիմնական մասի համար 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքում կատարված փոփոխություններով արտոնագրային վճարի դրույքաչափը չի փոփոխվել:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ օրենքի նախագծով առաջարկվում է թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրման գործունեության համար սահմանված արտոնագրային վճարն իջեցնել ոչ միայն այն անհատ ձեռնարկատերերի համար, որոնց մասով դրույքաչափը փոքր-ինչ (մեկ օրվա հաշվով` 90 դրամ) բարձրացվել է 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի փոփոխությամբ, այլ նաեւ 2012 թվականի ընթացքում «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 7 եւ 8 հավելվածներով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարված բոլոր կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար, ինչը հիմնավորված չէ:

3. Օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման նպատակով օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվող փաստաթղթերում տրված է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:


Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացնող գործունեության համար որպես բազային հարկային արտոնագրային վճար` ներկայումս գործող 9500 ՀՀ դրամի փոխարեն մեկ մեքենայի համար սահմանել 7000 ՀՀ դրամ, ինչի արդյունքում կնվազեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ֆինանսական ծախսերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ կսահմանվի ավելի ցածր դրույքաչափ` Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով ուղեւորափոխադրում իրականացվող գործունեության համար:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում նվազեցնել Երեւան քաղաքում թեթեւ մարդատար մեքենայով իրականացվող ուղեւորափոխադրման գործունեության համար սահմանված արտոնագրային վճարի դրույքաչափը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա բացասական, իսկ ծախսերի վրա` չեզոք ազդեցություն: