ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ  Հովիկ Աբրահամյանի, Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի եւ  Կարինե Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատա-րելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-263-24.05.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ:

1. 1-ին հոդվածի 1-ին ենթակետով առաջարկվում է որպես աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք դիտել նաեւ «աշխատանքի կիրառման փաստի ուժը», իսկ 2-րդ ենթակետով սահմանվում է, որ այդ հիմքով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա տարածվում են պայմանագրային հարաբերությունների կարգավորման` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) դրույթները` այն բացառությամբ, որ գործատուները կամ նրանց ներկայացուցիչները չեն ազատվում աշխատողին առանց աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի աշխատանք կատարելու թույլտվություն տալու համար օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունից:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով սահ-մանվում է աշխատանքային հարաբերությունների ծագման 2 հիմք` գրավոր աշխատանքային պայմանագիր կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ: Նախագծով առաջարկվում է երրորդ հնարավորությունը` որպես աշխատանքային հարաբերությունների ծագման հիմք:

Արդյունքում ստացվում է, որ օրենսգրքի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացմամբ, որ-պես աշխատանքային հարաբերությունների ծագման օրինական հիմք, սահմանվում է «աշխատանքի կիրառման փաստի ուժը», եւ այդ հիմքով ծագած աշխատանքային հարաբերությունները դիտվում են որպես անօրինական՝ գործատուն ենթարկվում է պատասխանատվության` օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:

Միաժամանակ, եթե աշխատանքի կիրառման փաստի ուժով ծագած աշխատանքային հարաբերությունների կարգավորման վրա պայմանագրային հարաբերությունների կարգավորման դրույթների տարածումը ենթադրում է այդ նորմերի (պահանջների) պահպանում` առանց աշխատանքային պայմանագիր կամ անհատական իրավական ակտ կնքելու, ապա անհասկանալի է դառնում դրա իրագործման մեխանիզմը, այսինքն՝ ինչպես պետք է գործատուն պահպանի օրենսգրքով ամրագրված՝ պայմանագրային հարաբերությունները կարգավորող դրույթներն աշխատանքի կիրառման փաստի ուժով ծագած աշխատանքային հարաբերությունների վրա: Տվյալ դեպքում խնդրահարույց է դառնում  նաեւ փոփոխվող եւ ներկայիս գործող աշխատանքից ազատման հրամանի վիճարկման համար նախատեսված վաղեմության ժամկետը, քանի որ բանավոր կերպով աշխատողին աշխատանքից ազատելու պարագայում կդժվարա-նա վիճարկման ժամանակ վաղեմության ժամկետի պահպանման հիմնավորումը:

Այնուամենայնիվ, եթե աշխատանքի կիրառման փաստի ուժով ծագած հարա-բերությունները պետք է ամրապնդվեն աշխատանքային պայմանագրով կամ անհատական իրավական ակտով, ապա տվյալ դեպքում անհրաժեշտ է օրենքի նախագծով նախատեսել դրույթ, թե աշխատանքի կիրառման փաստի ուժով աշխատանքային հարաբերությունները ծագելուց հետո ինչ ժամկետում եւ ինչ կարգով պետք է կնքվի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը:

Ներկայացված դիտողությունների հետ մեկտեղ կարծում ենք, որ Հայաստանի Հանրա-պետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածում առաջարկվող լրացումը վերանայ-ման կարիք ունի` նկատի ունենալով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումը բովանդակային առումով արդեն իսկ ներառված է օրենսգրքում: Մասնավորապես`

1) օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործատուները, աշխատողները եւ նրանց ներկայացուցիչները, իրենց իրավունքներն իրականացնելիս եւ պարտականությունները կատարելիս, պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ եւ ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է.

2) օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը.

3) օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 6-րդ կետերի համաձայն աշխատանքային իրավունքների պաշտպանությունը համապատասխանաբար իրականացվում է իրավունքը ճանաչելով, իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով կամ վերացնելով, իրավունքի ինքնապաշտպանությամբ.

4) օրենսգրքի 36-րդ հոդվածով սահմանված է, որ աշխատանքային իրավունքները եւ պարտականությունները կարող են ծագել աշխատանքային իրավունքներ եւ պարտականություններ սահմանող դատական ակտից:

Օրենսգրքի վկայակոչված նորմերի համադրումից եւ վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրն արդեն իսկ աշխատողի համար նախատեսել է այնպիսի հնարավորություն, ըստ որի աշխատողը կարող է դատական կարգով վերականգնել իր աշխատանքային հիմնական իրավունքը, այն է` օրենքով սահմանված կարգով ծագած աշխատանքային հարաբերությունների հիման վրա աշխատելու իր իրավունքը:

2. 2-րդ հոդվածով օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկվող լրացումը բովանդակային առումով ընդունելի է, քանի որ այդ լրացմամբ արդյունքում առավել կհստակեցվի փորձաշրջանի արդյունքներով աշխատանքային պայմանագրի լուծման իրավական հիմքերը: Սակայն, գտնում ենք, որ առաջարկվող լրացումը պետք է կատարվի օրենսգրքի 109-րդ հոդվածում` նկատի ունենալով այն հանգամանքը, որ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը սահմանված են օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ փորձաշրջանի արդյունքներով աշխատանքային պայմանագրի լուծման կարգը արդեն իսկ նախատեսված է օրենսգրքի 93-րդ հոդվածում: Բացի դրանից, օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել ինչպես գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունն ստուգելու նպատակով, այնպես էլ` աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար:

Օրենսդիրը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ կողմերը հավասարապես հնարավորություն ունեն նախատեսելու փորձաշրջան, միաժամանակ, օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասով աշխատողի համար օբյեկտիվորեն սահմանել է այդ փորձաշրջանի արդյունքների գնահատման հնարավորությունը: Հետեւաբար, եթե փորձաշրջանը նախատե-սում է աշխատողը, ապա վերջինս էլ պետք է գնահատի դրա արդյունքները:

Մինչդեռ օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը:

3. 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ ենթակետերով առաջարկվող փոփոխություններն սկզբունքորեն ընդունելի են, իսկ 3-րդ ենթակետով օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխությունն առավել հստակ ձեւակերպելու համար առաջարկում ենք այն շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում դատարանը կարող է աշխատողին չվերականգնել իր նախկին աշխատանքում` պարտավորեցնելով գործատուին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանա-կահատվածի համար վճարելու հատուցում` միջին աշխատավարձի չափով, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը,  եւ աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցում` ոչ պակաս, քան միջին աշխատավարձի, բայց ոչ ավելի, քան միջին աշխա-տավարձի տասներկուապատիկի չափով: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված:»:

Օրենքի նախագծով ներկայացված ձեւակերպումից հանվել է աշխատանքային ստաժի եւ վարքագծի գործոններով պայմանավորված` աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցման չափի տարբերակումը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքով դրանք ամրագրելու եւ դրանցով դատարանին սահմանափակելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ գործնականում, օբյեկտիվ իրավիճակից ելնելով, կարող են կարեւորվել նաեւ այլ գործոններ (օրինակ` գործատուի վարքագիծը, աշխատողի սոցիալական վիճակը, աշխատողի` նախկինում աշխատանքային կարգապահական խախտումներ ունենալու հանգամանքը եւ այլն): Նման սահմանափակում չկա նաեւ միջազգային իրավական պրակտիկայում:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծը ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջար-կությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

Կից ներկայացվող փաստաթղթերում տրվում է օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը:
 
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

                                                         

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 
 

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ
եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  /այսուհետ` նախագիծ/ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի բացասական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:                Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի եւ աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման անհնարինության դեպքում գործատուին պարտավորեցնել վճարել աշխատողին ինչպես հատուցում հարկադիր պարապուրդի, այնպես էլ փոխհատուցում աշխատանքում չվերականգնելու համար:

Աշխատանքում չվերականգնելու դիմաց փոխհատուցման գումարի մեծությունը հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար վճարվող գումարի մեծության հետ մեկտեղ կիրառելիս Նախագծի ընդունումը եւ դրա կիրարկումը գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կունենա բացասական ազդեցություն:

Հաշվի առնելով փոքր եւ միջին ձեռնարկությունների գործունեության խթանման եւ աջակցման` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաեւ ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆիանանսական միջոցների խիստ սահմանափակությունը` գտնում ենք, որ փոխհատուցման առավելագույն շեմի մեծությունը միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով սահմանելը վերանայման կարիք ունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է աշխատանքային հարաբերությունների առավել հստակ կարգավորման, ինչպես աշխատողների, այնպես էլ գործատուների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  առանձին հոդվածով սահմանված է դատարանի վճռով աշխատողներին տրվող հատուցում, որը կհանգեցնի  պետական բյուջեի ծախսերի փոփոխության: Ուստի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն հնարավոր է տալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 նիստի արձանագրության 2-րդ կետով հավանության արժանացած իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումների 337-րդ կետով սահմանված ձեւաչափով տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների, իսկ կոնկրետ թվային գնահատականի անհնարինության դեպքում` նույն ցուցումների 341-րդ կետով սահմանված համապատասխան վերլուծության առկայության պարագայում: