ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
          ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Արփինե Հովհաննիսյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե Նաղդալյանի, Կարինե Պողոսյանի եւ Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-338-26.09.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ:

1. 2-րդ հոդվածով նախատեսվող փոփոխության վերաբերյալ հայտնում ենք, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել, եթե նրա միջոցները բավարարում են բոլոր պարտավորությունների բավարարման համար: Այս պայմաններում հերթականության սահմանումն իրեն չի արդարացնում: Բացի դրանից` ընդունելի չէ, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի պահանջներից չի բխում գրավով ապահովված պարտավորությունը երկրորդ հերթում դնելը: Նշված իրավահարաբերությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 923-րդ հոդվածով:

2. 3-րդ հոդվածը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բաժնային սեփականության դեպքում հողամասը բնեղենով չպետք է առանձնացվի, առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 3. Օրենսգրքի 265-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «ընդհանուր» բառից հետո լրացնել «բաժնային» բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության եւ 2-րդ մասի պահանջները չեն տարածվում հողամասի վրա կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի տակ գտնվող հողամասերի վրա:»:

3. 4-րդ հոդվածով նախատեսված պետության եւ համայնքի իրավունքների սահմանափակումը հիմնավորման կարիք ունի:

4. 5-րդ հոդվածով փոփոխվող 270-րդ հոդվածի տեքստն առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում դրա հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը:

2. Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում, մինչեւ սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպումը, հիփոթեքի իրավունքը տարածվում է բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում հողամասի համապատասխան բաժնի վրա:

3. Կառուցված բազմաբնակարան շենքի կամ ստորաբաժանված շենքի բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի հիփոթեքի դեպքում սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձեւակերպման եւ պետական գրանցման պահից հիփոթեքի իրավունքը տարածվում է սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի, ինչպես նաեւ բաժնային ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան հողամասի եւ բաժնի մասի վրա:»:

5. 6-րդ հոդվածով փոփոխություն է կատարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածում, որի համաձայն վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը կամ օգտագործմանը հանձնել գույք: Այդ առումով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 629-րդ, 635-րդ եւ 653-րդ հոդվածներում, որոնցով կարգավորվում են վարձույթի, անձնակազմով տրանսպորտային միջոցի վարձակալության, ինչպես նաեւ շենքի կամ շինության վարձակալության հետ կապված հարաբերությունները:

6. 7-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական անձանց, համայնքի կամ պետության բնակելի տարածքի վարձակալության իրավունքի սահմանափակումը հիմնավորված չէ, քանի որ նրանք պետք է հնարավորություն ունենան բնակելի տարածք վարձակալելու իրենց աշխատողների եւ այլ անձանց բնակեցնելու համար:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ


 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

 ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մի շարք պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: 
  
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ նախատեսվում է կարգավորել քաղաքացիաիրավական հարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքացիական իրավունքների, օրինական շահերի իրականացման ապահովման հետ կապված հարցերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծով առաջարկվող իրավաբանական անձանց լուծարման դեպքում պարտատերերի պահանջների բավարարման հերթականության փոփոխությունը կավելացնի ներդրումային ռիսկերը եւ վարկավորման խնդիրները` պայմանավորված լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջների ոչ պատշաճ կերպով բավարարմամբ:
 

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության  գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի  27.1-րդ   հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի   14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների  եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն.

 բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը եւ թե չընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: