ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ

 
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-395-26.11.2013-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսել դրույթներ, որոնց համաձայն արգելվում է բանկերի կողմից տրամադրել առեւտրային, հիպոթեքային վարկեր, տալ բանկային փոխառություններ, որոնք վերավարկավորման բնույթ ունեն, իսկ նման փաստի արձանագրության դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կպահուստավորի այդ միջոցները` ինչպես մայր գումարի, այնպես էլ` վերավարկավորված գումարի չափով: Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ շատ բանկեր, մտնելով հանցավոր գործարքի մեջ, իրականացնում են միեւնույն բիզնես նախագծի մի քանի վարկավորում` հաջորդ վարկը ծառայեցնելով նախորդի մարմանը` այդպիսով ավելացնելով բանկի ակտիվները:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ առաջարկության ընդունումը կհանգեցնի տնտեսավարող սուբյեկտի` քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու իրավունքից զրկվելուն, ինչն իր հերթին չի բխում ազատ մրցակցության եւ շուկայական տնտեսության պայմաններում տնտեսավարողների իրավահարաբերությունների ազատության սկզբունքից:

Բացի դրանից`

1) «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի սահմանում վարկերի վերաֆինանսավորման վերաբերյալ որեւէ դրույթ, ուստի, պարզ չէ, թե ինչ չափանիշների հիման վրա է որոշվելու` տվյալ վարկերը կամ փոխառություններն ունեն վերավարկավորման բնույթ, թե ոչ: Միաժամանակ, հիշատակված օրենքի 41-րդ հոդվածով սահմանվում է, որ բանկերի գործունեության ռիսկայնությունը զսպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է սահմանափակումներ նախատեսել բանկի վարկային, ավանդային, ֆինանսական գործառնությունների, ներդրումների առանձին տեսակների համար կամ սահմանել դրանց իրականացման հատուկ կարգ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արդեն իսկ նախատեսված են վարկերի վերաֆինանսավորման դեպքերի համար ոչ բարենպաստ պայմաններ: Մասնավորապես, այն վարկերը, որոնք, պայմանավորված պարտապանի վատ ֆինանսական դրությամբ, տրամադրվել են բանկի նկատմամբ ստանձնած պարտավորությունների մարման նպատակով, դասակարգվում են որպես խնդրահարույց վարկեր: Այս դեպքում բանկը ձեւավորում է հնարավոր կորուստների պահուստ, ինչի արդյունքում բանկի շահույթը  (կապիտալ) նվազում է.

2) բանկերը պարտավոր են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2008 թվականի մարտի 11-ի N 71-Ն որոշմամբ հաստատված` Բանկերի ներքին հսկողության իրականացման նվազագույն պայմաններով սահմանված կարգով իրենց կողմից ընդունված ներքին իրավական ակտերով սահմանել այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան մոնիթորինգ իրականացնելու իրենց կողմից տրամադրված նպատակային վարկերի նկատմամբ եւ վերահսկելու դրանց օգտագործման ուղղությունները.

3) օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված վարկի վերավարկավորման դեպքում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի ակտիվների ավելացման դիտարկումը հիմնավոր չէ, քանի որ վերաֆինանսավորված գումարի չափով մարվում են նախկինում տրամադրված վարկերը, ինչի արդյունքում ակտիվների աճ տեղի չի ունենում:

Հայաստանի Հանրապետության բանկային ոլորտի պրակտիկայում առկա ռիսկային եւ կասկածելի գործարքները կանխելու նախաձեռնությունը ողջունելի է, սակայն գտնում ենք, որ օրենքի նախագծով նախատեսված դեպքերի կարգավորումները նպատակահարմար է սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով եւ ոչ թե օրենքով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը համարում է  ոչ նպատակահարմար:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության բանկերի եւ բանկային գործունեության մասին» 
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

«Հայաստանի Հանրապետության բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Բանկերի եւ բանկային գործունեության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

 2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 
լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին 
ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:
 

  • Նախագծով ուղղակիորեն սահմանափակվում է վարկային միջոցների հասանելիությունը տնտեսվարող սուբյեկտների համար, ինչը առաջնային նշանակություն ունի գործարար միջավայրի բարելավման եւ ՓՄՁ զարգացման գործընթացում:
  • Նախագծով նախատեսվող սահմանափակումները որոշակիորեն կխոչընդոտեն առեւտրային բանկերի կողմից վարկավորման գործառույթի իրականացումը:


Հաշվի առնելով վերոնշյալը` Նախագծի ընդունումը գնտում ենք ոչ նպատակահարմար:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման  ազդեցության գնահատման

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով  (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է արգելել բանկերի կողմից  առեւտրային, հիփոթեքային վարկերի, բանկային փոխառնությունների տրամադրումը, որոնք ունեն վերավարկավորման բնույթ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում 
լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության  ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
 
«Բանկերի եւ բանկային 
գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» 
ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման 
ազդեցության գնահատման վերաբերյալ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է արգելել բանկերի կողմից այնպիսի առեւտրային, հիպոթեքային վարկերի եւ բանկային փոխառությունների տրամադրումը, որոնք ունեն վերավարկավորման բնույթ:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք: