ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-396-26.11.2013-ԳԲ-010/0) վերաբերյալ: 1. 2-րդ հոդվածով նախատեսված օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում լրացվող՝ 1) «ե» կետով առաջարկվում է ձկների ձվադրման, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլում կասեցնել գործող ՀԷԿ-երի աշխատանքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մանրաձկան ձեւավորման եւ զարգացման փուլը կրկնվող, շարունակական պրոցես է, իրականում ՀԷԿ-երի աշխատանքը փաստացի ոչ թե կկասեցվի, այլ կդադարեցվի: Միաժամանակ ընդունելի է ձկների ձվադրման ընթացքում կասեցնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված այն հիդրոէլեկտրակայանների աշխատանքը, որոնք չեն իրականացրել համապատասխան բնապահպանական միջոցառումներ` ձկնապաշտպան կառույցներ, ձկնուղիներ եւ այլն. 2) «զ» կետի համաձայն արգելվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում ՀԷԿ-երի կառուցումը: Սեւանա լճի ավազանում նոր ՀԷԿ-երի կառուցման արգելումն ընդհանուր առմամբ ընդունելի է: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (?-010-21.06.2012-??-010/0), որով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում կատարել համանման լրացում. 3) «է» կետի համաձայն արգելվում է Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում շահագործվող ՀԷԿ-երին նոր լիցենզիաներ տալը: Առաջարկության վերաբերյալ հայտնում ենք, որ «նոր լիցենզիաներ» արտահայտությունը հստակեցման կարիք ունի, քանի որ այն կարող է վերաբերել ոչ միայն լիցենզիայում ամրագրվող էլեկտրական էներգիայի արտադրության գործառույթին, այլ նաեւ կայանների վերականգնման, վերազինման եւ այլ գործառույթներին: Եթե այն վերաբերում է լիցենզիա ունեցող անձանց ՀԷԿ-երի կառուցման նոր լիցենզիաներ տրամադրելուն, ապա այդ սահմանափակումը նախորդ կետով կիրառելի է, իսկ եթե վերաբերում է տրամադրված լիցենզիաների գործողության ժամկետների երկարաձգմանը, ապա այն ընդունելի չէ, քանի որ կհանգեցնի կատարված ներդրումների փոխհատուցման խնդիրների: 2. 3-րդ հոդվածի կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ օրենքով ամրագրված Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովն ընդամենը փորձաքննություն իրականացնող, եզրակացություն կամ առաջարկություն ներկայացնող մարմին է եւ որեւէ ժամանակացույց հաստատելու իրավասությամբ օժտվել չի կարող: Բացի դրանից` անտեսված է, որ` 1) համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիաների կասեցումը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի լիազորությունն է. 2) շահագործվող ՀԷԿ-երի ձկնուղիների եւ ձկնապաշտպան այլ կառույցների աշխատանքի ու ջրառի ռեժիմների նկատմամբ հսկողություն իրականացնելուն ուղղված համապատասխան գործառույթները վերապահված են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն ինչպես ՓՀԷԿ-երի նախագծերի բնապահպանական փորձաքննության իրականացման փուլում, այնպես էլ ջրօգտագործման թույլտվությունների ռեժիմների հսկողության առումով: 3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծը ներկայացված տեսքով համարում է անընդունելի: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
Եզրակացություն «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն: ««Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: 1. «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: Օրենքի ընդունումը կենդանական աշխարհի վրա կունենա դրական ազդեցություն` հաշվի առնելով, որ նախագծի ընդունման արդյունքում կվերականգնվի Սեւանա լիճ թափվող գետերի եւ ձվադրավայր հանդիսացող գետերի ջրի բնականոն հոսքը եւ հնարավորություն կստեղծվի էնդեմիկ ձկնատեսակների, մասնավորապես` Սեւանի իշխանի, կողակի եւ բեղլուի բնականոն վերարտադրության եւ ձկնային պաշարների ավելացման համար: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում կենդանական աշխարհի oբյեկտների վրա կարող են առաջանալ բացասական հետեւանքներ: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին առնչվում է, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է: «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում` առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման պարագայում` Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը կկասեցվի ձկների ձվադրման ընթացքում: Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են գովազդային ծառայությունների շուկաների հետ: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով արգելվում է Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման ու զարգացման փուլում լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը` ջրի հոսքին եւ ձկների տեղաշարժին չխոչընդոտելու նպատակով եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: ««Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Սեւանա լճի էկոհամակարգի վրա անմիջական ազդեցության գոտում արգելել` 1) Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցով ձկների ձվադրման ընթացքում, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման ու զարգացման փուլում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը, 2) հիդրոէլեկտրակայանների կառուցումը, 3) շահագործվող հիդրոէլեկտրակայաններին նոր լիցենզիաներ տալը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, ինչպես նաեւ այն, որ հիդրոէլեկտրակայանների շահագործման համար նախատեսված է պետական տուրք` հայտնում ենք, որ նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն: Միաժամանակ հայտնում ենք, որ վերոնշյալ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կոնկրետ գնահատել հնարավոր չէ` հաշվի առնելով վիճակագրական կամ որեւէ այլ տեղեկատվության բացակայությունը: Բացի այդ ««Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի թե ընդունումը եւ թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների ու ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: |