ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-397-26.11.2013-ՖՎ-010/0) վերաբերյալ:

Նախագիծն առավելապես ունի հռչակագրային եւ ծրագրային բնույթ, հստակ չէ կարգավորման առարկան եւ չի պարունակում արդյունաբերական քաղաքականության իրականացման եւ արդյունաբերության առանձին ոլորտների մրցունակության բարձրացման գործնական մեխանիզմներ: Հարկ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի պահանջները, համաձայն որոնց օրենքը պետք է կարգավորի առավել կարեւոր, բնորոշ եւ կայուն հասարակական հարաբերություններ:

Նախագծում առկա ծրագրային բնույթի բազմաթիվ դրույթներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներառված են Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրային որոշման հավելված): Ընդ որում, արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը փաստացի իրականացվում է. մշակվել են ոլորտային ռազմավարական ծրագրեր եւ վերահսկվում է դրանց կատարման ընթացքը:

Այդուհանդերձ, նախագծի`

1. 1-ին հոդվածի համաձայն օրենքը կարգավորում է արդյունաբերական քաղաքականության մշակման, իրականացման, արդյունաբերական գոտիների գործունեության կազմակերպման ընթացքում իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, պետական կառավարման մարմինների միջեւ ծագող իրավահարաբերությունները, սակայն, նախագծում նախատեսվում է նաեւ արդյունաբերական զարգացման պետական եւ տարածքային ծրագրերի մշակում եւ իրականացում, ինչպես նաեւ արդյունաբերական քաղաքականության սուբյեկտների աջակցություն, ինչն օրենքի կարգավորման առարկայում ներառված չէ:

2. 3-րդ հոդվածում`

1) «Արդյունաբերություն» եւ «Արդյունաբերական կազմակերպություն» հասկացություններն առաջարկում ենք հանել.

2) «արդյունաբերական քաղաքականության սուբյեկտներ» հասկացության սահմանման մեջ հստակեցման կարիք ունի «աջակցող ենթակառուցվածք» արտահայտությունը.

3) «Արդյունաբերական գոտի» հասկացությունը խմբագրման կարիք ունի, քանի որ «արդյունաբերական գոտի» հասկացությունը սահմանված է որպես ազատ տնտեսական գոտի, որտեղ իրականացվում է բացառապես արդյունաբերական գործունեություն, սակայն, «Ազատ տնտեսական գոտիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի`

ա. 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ ազատ տնտեսական գոտին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հատուկ տարածք է, որը համարվում է Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս եւ, որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան,

բ. 5-րդ հոդվածի համաձայն ազատ տնտեսական գոտին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ եւ պետք է ներառի հատուկ պահանջներ:

Միեւնույն ժամանակ արդյունաբերական գոտու գաղափարն ավելի ընդգրկուն կլիներ, եթե հասկացողությունը ներառեր նաեւ արդյունաբերական համախմբերը, եւ սահմանվեին դրանց կազմակերպման ու գործունեության իրականացման սկզբունքները, տարածքային մարմինների մասնակցության եւ լիազորությունների շրջանակը:

Տեղին է նշել նաեւ, որ նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը նախատեսում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող արդյունաբերական քաղաքականության իրականացման հիմնական ուղղություններից մեկն արդյունաբերական գոտիների ստեղծման ընթացակարգերի պարզեցումն է, որն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների միջոցով: Արդյունքում, արդյունաբերական գոտու, այն է` ազատ տնտեսական գոտու ստեղծման ընթացակարգերը նախատեսվում է պարզեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինների միջոցով:

3. 5-րդ հոդվածում առաջարկում ենք «փոխգործունեություն» բառը փոխարինել «համագործակցություն» բառով` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում պետություն-մասնավոր հատվածների համագործակցության (ՊՄԳ) հայեցակարգին: Բացի դրանից` մասնավոր հատվածի հետ համագործակցության մասին է խոսվում նաեւ նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում:

4. 8-րդ հոդվածի դրույթները հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ գործունեության վերաբերյալ է տրամադրվելու տեղեկատվություն:

5. 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետից անհրաժեշտ է հանել «եւ այլ իրավական ակտերով» բառերը՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 89-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները:

6. 10-րդ հոդվածի 3-րդ կետում հարկ է նկատի ունենալ, որ մարզպետարաններին նմանատիպ աշխատանքների իրականացման համար պետական բյուջեով միջոցներ չեն հատկացվում:

7. 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը խմբագրման կարիք ունի:

8. Նախագծի 2-րդ գլխում հստակեցման կարիք ունի տարածքային մարմինների ներգրավվածությունը տարածքային արդյունաբերական ծրագրերի կազմման եւ իրականացման գործընթացներում:

9. 13-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է պետական ծրագրի մշակման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելու ժամկետները եւ լիազոր մարմին ներկայացնելու կարգը, իսկ նախագծի 14-րդ հոդվածով նախատեսվում է ծրագրի փորձաքննության կարգը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ արդյունաբերական զարգացման պետական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվող իրավական ակտ է եւ նշված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի N ՆՀ-174-Ն հրամանագրով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 13 արձանագրային որոշմամբ:

10. 15-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ արդյունաբերական քաղաքականության իրականացման կարգը մշակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, մինչդեռ նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում արդյունաբերական քաղաքականության իրականացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարությանը նման լիազորություն վերապահված չէ:

11. 17-րդ հոդվածի 4-րդ մասում անհրաժեշտ է հստակեցնել տարածքային կառավարման մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվող տարածքային ծրագրերի կատարման մասին ամենամյա հաշվետվությունների ժամկետները:

12. 18-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարածքային ծրագրերի մշակման չափորոշիչները կարող են փոփոխվել եւ լրամշակվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես, իրավական ակտում փոփոխություններ կարող է կատարվել միայն նույն տեսակի իրավական ակտով:

13. 20-րդ հոդվածում հարկ է նկատի ունենալ, որ ինչպես «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համայնքներին վերապահված է միայն վարկեր ստանալու եւ համայնքային արժեթղթեր թողարկելու իրավասություն: Այս դիտարկմամբ նպատակահարմար չենք համարում համայնքներին հոդվածով նախատեսված այլ լիազորությունների տրամադրումը:

14. 23-րդ հոդվածում հստակեցման կարիք ունի «կրթական-մեթոդաբանական օգնություն» արտահայտությունը:

15. 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «նվաճումների պատենտավորում» արտահայտությունը պետք է համապատասխանեցնել «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

16. 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ հայտնում ենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար բարենպաստ պայմանների ստեղծման հետ կապված հարցերը կարգավորվում են «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում: Միաժամանակ մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել նախագծի հեղինակի հետ օրենքի նախագծի լրամշակման հարցում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:

Հարգանքով`
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում


«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:


Եզրակացություն
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունմամբ սահմանվում են արդյունաբերության զարգացման պետական կարգավորման, աջակցության եւ տարածքային ծրագրերի մշակման գործընթացները:

Նախագծի մրցակցության բնագավառում ազդեցության գնահատման գործընթացի նախնական փուլում պարզվել է, որ Նախագծով կարգավորվող շրջանակները առնչվում են գովազդային ծառայությունների շուկաների հետ:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է տնտեսվարողների, պետական կառավարման եւ տարածքային կառավարման մարմինների միջեւ արդյունաբերության ոլորտում ծագող իրավահարաբերությունների հստակեցմանը, մասնավորապես` սահմանվում են արդյունաբերական զարգացման ծրագրերի մշակման, հաստատման, իրականացման եւ փորձաքննության ընթացակարգերը, ինչպես նաեւ ամրագրվում են տվյալ ոլորտում պետական աջակցության ուղղությունները եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1.«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով սահմանվում են արդյունաբերական պետական քաղաքականության սկզբունքները, արդյունաբերության զարգացման պետական եւ տարածքային ծրագրերը, արդյունաբերության սուբյեկտներին տրամադրվող պետական աջակցության հիմնական ուղղությունները եւ արդյունաբերական գոտիների կազմավորման առանձնահատկությունները:

Հաշվի առնելով վերոնշյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտների վրա կունենա չեզոք ազդեցություն:

Միաժամանակ հայտնում ենք, որ սույն օրենքի նախագծի ընդունումը կառաջացնի ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որոնց չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով: