ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ պարոն ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ Հարգելի պարոն Աբրահամյան Ձեզ է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի,Գագիկ Ջհանգիրյանի, Լեւոն Զուհրաբյանի ու Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-426-27.12.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ: 1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածով ուժը կորցրած է ճանաչվում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, իսկ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով՝ օրենքի 8-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ` այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կարգավորված չեն պետական հատուկ մարմին՝ պարետատուն ստեղծելու հետ կապված հարաբերությունները: Այդ առումով անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ եւ 14-րդ կետի պահանջները, որոնց համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահն օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ է կատարում պետական պաշտոններում եւ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Համաձայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` պարետային ժամի սահմանումն արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառում է, իսկ նշված միջոցառման իրականացման համար համապատասխան պետական հատուկ մարմնի ստեղծումն արտակարգ դրության իրավական ռեժիմից բխող միջոցառումների իրականացման կարեւոր եւ անհրաժեշտ պայման է: Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ «պարետատուն» պետական մարմին նախատեսված չէ, հետեւաբար օրենքով այն ստեղծվել չի կարող, Սահմանադրությամբ այն չկա նաեւ կառավարության կազմում ու կառուցվածքում» բառակապակցության կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, պարետատունն իրականացնում է արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը, իսկ պարետատունը ղեկավարում է Հայաստանի Հանրապետության Նախագահի նշանակած պարետը, ինչը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածով նախատեսված նորմերի ամրագրումն է օրենքում: 2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ու 9-րդ կետերը եւ նույն հոդվածի 2-րդ մասը, իսկ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 9-րդ հոդվածի բովանդակությունից հետեւում է, որ պաշտպանության պետական լիազոր մարմնի ուժերն ու միջոցները, մասնավորապես, մարդկային ռեսուրսը, տեխնիկան ու տրանսպորտային միջոցները՝ առանց զենքի եւ զինամթերքի, կարող են օգտագործվել միայն բնական, տարերային ու տեխնածին աղետների արդյունքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում: Օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նշված փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ չունի ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակման, գործադիր իշխանության մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների՝ ժամանակավորապես սահմանափակման կամ կասեցման լիազորություն, ինչպես նաեւ` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով զինված ուժերի ներգրավման լիազորություն: Հիմնավորման մեջ նաեւ նշվում է այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքերում, այն էլ՝ միայն ռազմական դրություն հայտարարելու պայմանով»: Այդ առումով անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ, 8.2-րդ հոդվածների եւ 55-րդ հոդվածի 14-րդ կետի պահանջները: Այսպես՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքներով: Որպես օրինականության սկզբունքի կարեւոր բաղադրիչ` այս դրույթը պահանջում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում գերակայող իրավական ակտերով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանել հանրային իշխանության մարմինների լիազորությունները: Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետում ուղղակիորեն սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունը (սահմանադրական)՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, հայտարարել արտակարգ դրություն, իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ դրա մասին ուղերձով դիմել ժողովրդին: Ի տարբերություն ռազմական դրության ժամանակ ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու եւ զինված ուժերի օգտագործման մասին որոշում ընդունելու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված դեպքերի, արտակարգ դրություն հայտարարելը, իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացումը եւ ուղերձով ժողովրդին դիմելը Հայաստանի Հանրապետության Նախագահի ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություններն են: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով ամրագրվում է «իրավիճակից թելադրվող միջոցառումների իրականացման» պարտադիր պահանջ, ինչը սահմանադրական մակարդակով Հայաստանի Հանրապետության Նախագահին պարտավորեցնում է իրականացնել այն բոլոր միջոցառումները, որոնք համարժեք են ստեղծված իրավիճակին: Նման միջոցառումներ կարող են լինել ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումը, գործադիր իշխանության մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավոր սահմանափակումը, ինչպես նաեւ այդ լիազորությունների կասեցումը եւ այլն: Այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներգրավումը կարող է լինել նաեւ այդ միջոցառումներից մեկը, փաստվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկ այլ` 8.2-րդ հոդվածի համարժեք վերլուծությամբ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության այս հոդվածում, ի թիվս այլ հարցերի կարգավորման, սահմանվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գործունեության սահմանադրական նպատակները, որոնց շրջանակների վերազանցումն անթույլատրելի է: Ըստ այդմ, զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը եւ տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը: Այդ առումով` նշված դրույթներում խոսքը վերաբերում է ինչպես արտաքին, այնպես էլ` ներքին անվտանգության ապահովմանը: Սա միանգամայն համահունչ է նաեւ Մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությանը, որում խոսվում է պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ հանրային արտակարգ դրության մասին ("In time of war or other public emergency threatening the life of the nation...."): Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր առաջին` Լոուլեսն ընդդեմ Իռլանդիայի (Lawless./.IRL) գործով կայացված որոշման մեջ, խոսքն այնպիսի արտակարգ դրության մասին է, որը վերաբերում է ամբողջ բնակչությանը եւ սպառնում է կարգավորված հանրային կյանքին: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով ամրագրվում է զինված ուժերի օգտագործման հնարավորությունը, եթե այլ կերպ հնարավոր չէ կանխել կամ չեզոքացնել Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգությանն սպառնացող այնպիսի վտանգը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն անվանում է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ: Սահմանադրական կարգը ներառում է պետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, կառավարման ձեւը, մարդու իրավունքները եւ ազատությունները՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Նշված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը հայտարարում է արտակարգ դրություն եւ իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ՝ գործադիր իշխանության մարմինների եւ տարածքային կառավարման մարմինների լիազորությունների ժամանակավորապես սահմանափակում կամ կասեցում, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով զինված ուժերի ներգրավում եւ այլն: Ուստի, Հայաստանի Հանրապետության Նախագահը, արտակարգ դրություն հայտարարելիս, հենվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված` նշված հիմքերի վրա, իսկ արտակարգ դրության իրավական ռեժիմ հայտարարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավասու է նախատեսելու նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումներ: Հակառակ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու` Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանադրական լիազորության իրականացումը կլինի անբովանդակ, իսկ միայն արտակարգ դրություն հայտարարելը` առանց համապատասխան միջոցառումների իրականացման, կլինի անարդյունավետ եւ չի ծառայի իր բուն նպատակին: Մասնավորապես, պետությունը սահմանադրական կարգին անմիջականորեն սպառնացող վտանգներին պետք է կարողանա արձագանքել իր ամբողջ կարողություններով, այդ թվում` զինված ուժերի ներգրավմամբ, եւ դա բացառելը կլիներ կոպիտ ռազմավարական սխալ, իսկ զինված ուժերի ներգրավումն անհրաժեշտ է հատկապես տարերային աղետների, համաճարակների հետեւանքով քաոսի, անկառավարելի իրավիճակների առաջացման, հատուկ պահպանության օբյեկտներն ահաբեկչական խմբերի հնարավոր հարձակումներից պահպանելու կամ, օրինակ, զինված բախումների իրական վտանգը կանխելու համար: Նման գործողություններում զինված ուժերի ներգրավումը եւԲ թույլատրելի է, եւԲ անհրաժեշտ, քանի որ միայն այդ եղանակով կարելի է վերացնել սահմանադրական կարգի խաթարման վտանգը: Այդ նպատակով է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8.2-րդ հոդվածն ամրագրում է զինված ուժերի ներգրավման հնարավորությունը` նաեւ անվտանգության նկատառումներով, իսկ սահմանադրական կարգին սպառնացող վտանգներն ուղղակի սպառնալիք են մեր ներքին անվտանգությանը: Ուժի կիրառումն ընդհանրապես պայմանավորվում է համաչափության հիմնարար (սահմանադրական) սկզբունքով, որն ուղղակիորեն բացառում է ուժի անհամաչափ կիրառումը հանրային իշխանության` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործում ներգրավված բոլոր ուժերի` ոստիկանության, ազգային անվտանգության եւ, իհարկե, զինված ուժերի կողմից: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ արտակարգ դրությունը չի սահմանափակվում միայն բնական, տարերային ու տեխնածին աղետներով, քանի որ այն ներառում է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը եւ գործունեությունը: Բացի դրանից, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմքերն ու կազմակերպումը, այդ բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նշված օրենքով, իսկ օրենքի 1-ին հոդվածի համաձայն արտակարգ իրավիճակ է որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ բնապահպանական (էկոլոգիական) աղետի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Այսինքն՝ բնական, տարերային ու տեխնածին աղետների ժամանակ ստեղծված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կազմակերպումը, այն է՝ արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանության, ինչպես նաեւ քաղաքացիների, պետության եւ այլ սեփականատերերի ունեցվածքի պահպանության նպատակով իրավական, կազմակերպական եւ ինժեներատեխնիկական միջոցառումների իրականացման հետ կապված հարաբերություններն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկան են: Հարկ է նշել, որ բնական, տարերային ու տեխնածին աղետների առաջացումն ինքնին չի հանգեցնում արտակարգ դրության հաստատման, եւ արտակարգ դրություն կարող է հայտարարվել միայն այն դեպքում, երբ բնական, տարերային ու տեխնածին աղետների արդյունքում վտանգվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ելնելով նշված նկատառումներից՝ գտնում ենք, որ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում միայն զինված ուժերի մարդկային ռեսուրսի, տեխնիկական եւ տրանսպորտային միջոցների՝ բացառապես առանց զենքի ու զինամթերքի, օգտագործումը չի բխում արտակարգ դրության իրավական ռեժիմի բովանդակությունից: Նկարագրված դրույթները կազմում են ամբողջական համակարգ, որը կոչված է ապահովելու սահմանադրական կարգը` ոչ ի վնաս մարդու իրավունքների եւ ոչ էլ ի վնաս պետության կառավարելիության: Ավելին, ուժի կիրառման կոնկրետ եւ հստակ սահմանների առկայությամբ, այն անձինք, որոնց իրավունքները հնարավոր է, որ խախտվել են, կարող են դիմել դատարան, որն այլեւս կոնկրետ վերստուգելի չափանիշների հիման վրա կարող է գնահատել այդ խախտումների հարցը: Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել` ինչպես հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ հայտարարված պատերազմի եւ ռազմական դրություն հայտարարվելու, այնպես էլ` արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում: Ընդ որում, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության պետական լիազոր մարմնի մարդկային ռեսուրսները, տեխնիկական եւ տրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել նաեւ զենքով եւ զինամթերքով: Միաժամանակ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը` ներառյալ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումների կիրառումը, բխում է նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներն ու ազատությունները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-րդ, 17-22-րդ եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 33.1-ին հոդվածով նախատեսված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը, որը ներառում է նաեւ ֆինանսատնտեսական գործունեությունը, կարող է ժամանակավորապես սահմանափակվել արտակարգ դրության ժամանակ: 3. Օրենքի նախագծում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված չեն: Այսպես՝ օրենքի նախագծի 5-րդ հոդվածով խմբագրվող՝ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն պարետային ժամի կանոնները խախտած անձինք բերման են ենթարկվելու՝ արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից: Այսինքն՝ նշված դրույթներով սահմանափակվում են այդ անձանց իրավունքները եւ ազատությունները, քանի որ բերման ենթարկելը ենթադրում է նաեւ անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավորապես սահմանափակում: Մինչդեռ նշված դրույթներով կարգավորված չեն որոշ հարաբերություններ, մասնավորապես, պարետային ժամի կանոնները խախտած եւ բերման ենթարկված անձանց պահելու ժամկետները, բերման ենթարկելու նպատակները, ինչպես նաեւ բերման ենթարկելու մասին որոշում ընդունող պաշտոնատար անձանց շրջանակը: Հարկ ենք համարում նշել, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված ձերբակալումը վարչական պատասխանատվության տեսակ չէ, քանի որ այն անհրաժեշտ կանխարգելիչ միջոց է, որն արտակարգ դրության պայմաններում կիրառվում է որոշակի նպատակով: Նույն տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով որպես խափանման միջոց նախատեսված ձերբակալումը քրեական պատասխանատվության տեսակ չէ: Այդ առումով ընդունելի չէ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն կարծիքը, որի համաձայն «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին: Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունները:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են արտակարգ դրության հետ կապված հարաբերությունները: Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին համապատասխանեցնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման 1. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա: 3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն: Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը` ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն. բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:
|