ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Աբրահամյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի, Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի եւ Ստեփան Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-436-04.02.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ծրագրով ստորեւ ներկայացվող հաշվարկի համաձայն անհրաժեշտ կլինի լրացուցիչ 15,8 մլրդ դրամ:

Մինչեւ երկու տարեկան երեխաների թիվը կկազմի շուրջ 84250 երեխա, որոնց համար անհրաժեշտ կլինի` 84250 երեխա x 18000 դրամ x 12 ամիս = 18,198 մլրդ դրամ, քանի որ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում նախատեսված է 2,419 մլրդ դրամ, ապա ֆինանսական միջոցների անհրաժեշտ լրացուցիչ քանակը կազմում է 18,198 մլրդ դրամ - 2,419 մլրդ դրամ = 15,8 մլրդ դրամ, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի պահանջներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծին անդրադառնալ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով` 
ՏԻԳՐԱՆ  ՍԱՐԳՍՅԱՆ

                                                                                                                                

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքնի ընդունման դեպքում

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է նշանակել երեխայի ծննդյան միանվագ նպաստ, եթե երեխան ծնվել է մահացած:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի տրամադրման հետ կապված հարաբերություններին եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում
կարգավորման ազդեցության գնահատման

««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ  ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ` բյուջետային բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաեւ չաշխատող ծնողների մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Նշված փոփոխությունը կառաջացնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ Ֆինանսական միջոցների անհրաժեշտություն (շուրջ 15.7 մլրդ դրամ), որը նախատեսված չէ ՀՀ 2014-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարները «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն համարվում են նվազեցվող եկամուտներ` գտնում ենք, որ Նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք: