ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի եւ Վահան Կարապետյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-505-28.04.2014-ՏՀ-010/0) վերաբերյալ:

Օրենքի նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:

Այդ կապակցությամբ հայտնում ենք.

1. Համաձայն շրջանառության հարկի համակարգում փոփոխություններ նախատեսող տարբեր օրենսդրական նախագծերի ու առաջարկությունների քննարկման շրջանակներում մեր կողմից մշտապես ներկայացված դիրքորոշման` միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է. դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Տվյալ դեպքում անընդունելի է նաեւ շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Վերջինս անչափ կարեւոր է, քանի որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը: Այս առումով գտնում ենք, որ տնտեսությունում կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլիներ ոչ միայն փոխհատուցել փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլեւ հարկման դաշտ բերել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունները:

Ներկայացված օրենքի նախագիծը ոչ միայն չի լուծում այս հարցը, այլեւ հանգեցնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների` էական չարդարացված կորստի:

2. Հիմնավորված չէ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ ներկայացված այն փաստարկը, որի համաձայն  առեւտրական (առք ու վաճառքի) եւ արտադրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը կհանգեցնի նոր աշխատատեղերի ստեղծմանը եւ կապահովի եկամտային հարկի լրացուցիչ մուտքեր: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ շրջանառության հարկ վճարողների շուրջ 77 տոկոսը (շուրջ 38 հազ. հարկ վճարողներ) անհատ ձեռնարկատերեր են: Ակնհայտ է, որ փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին շրջանառության հարկի վճարումից ազատելու դեպքում նոր աշխատատեղերի հաշվին եկամտային հարկի լրացուցիչ մուտքերով շրջանառության հարկի գծով մուտքերի նվազեցման փոխհատուցումը իրատեսական եւ հիմնավորված չէ:

3. Իրականությանը չի համապատասխանում նաեւ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ ներկայացված  այն փաստարկը, որ, շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված, հանրապետությունում փակվել է շուրջ 4000 փոքր օբյեկտ, տասնյակ հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ գործում են կամ վնասով, կամ ցածր շահութաբերությամբ:

Նախ, հարկ ենք համարում նշել, որ ներկայացված տվյալը գերազանցում է անգամ ընդհանրապես լուծարված սուբյեկտների թիվը: Ընդ որում, նույն 2013 թվականի ընթացքում պետական գրանցում են ստացել (ստեղծվել են) բազմաթիվ նոր տնտեսավարող սուբյեկտներ:

Միաժամանակ, տեղին է նշել, որ, ընդհանուր առմամբ, շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված, հարկային բեռը համահունչ է մինչեւ շրջանառության հարկի ներդրումը ձեւավորվող հարկային բեռի մակարդակին՝ հաշվի առնելով շրջանառության հարկ վճարողներին 11 տոկոս եկամտային հարկի պահումից եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումից ազատելու, առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չվարելու, հարկային հաշվառումը նկատելիորեն պարզեցնելու եւ հաշվառման ծախսերը կրճատելու հնարավորությունը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար նաեւ` 2013 թվականի հունվարի 1-ից, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պայմանավորված, ամսական ընդամենը 5000 դրամ գումարի չափով եկամտային հարկի սահմանումը, որը միասնական հարկ է, ներառում է մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը գործող եկամտահարկը եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարները (այսինքն` 2013 թվականի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն կատարվում):

Հաշվի առնելով նշվածը` կարծում ենք, որ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված` «տասնյակ հազարավոր» փոքր օբյեկտների կողմից «վնասով» կամ «ցածր շահութաբերությամբ» գործունեություն ծավալելը կարող է պայմանավորված  լինել այլ գործոններով, բայց ոչ` շրջանառության հարկի ներդրմամբ:

Օրենքի նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`  
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

                                                    

Եզրակացություն

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք   ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  դրական ազդեցություն:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանել արտոնություն շրջանառություն  հարկ վճարողների համար:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Նախագծով նախատեսվում է առեւտրի, ծառայությունների եւ արտադրության ոլորտի տարեկան մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին երեք տարով ազատել շրջանառության հարկից: Նման ձեւաչափով ներկայացված Նախագիծը չի լուծում ՓՄՁ-ների գործունեության հետագա խթանման, ինչպես նաեւ աշխատատեղերի պահպանման կամ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը, իսկ միջազգային պրակտիկայում հարկերի վճարումից ազատումը չի համարվում ՓՄՁ-ների գործունեության խթանմանն ուղղված արդյունավետ հարկային քաղաքականություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում
կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առեւտրական (առք ու վաճառքի), ինչպես նաեւ արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:

Ելնելով վերոգրյալից` գտնում ենք, որ նախագծի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների նկատելի կորստի:

Միաժամանակ, հայտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական բյուջեի ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: