ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-519-13.05.2014-ԳԿ-010/0) վերաբերյալ:

1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված է յուրաքանչյուրի կրթության իրավունքը՝ առանց տարիքային խտրականության: Ըստ նշված հոդվածի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Օրենքով կարող է սահմանվել պարտադիր կրթության ավելի բարձր մակարդակ: Միջնակարգ կրթությունը պետական ուսումնական հաստատություններում անվճար է: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով: Ուսումնական հաստատությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով: Պետությունն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերում բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին եւ դրանցում սովորողներին:»:

Ներկայացված օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում առանձնացվում են մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, պարտականությունները,

պատասխանատվությունը եւ փոխհարաբերությունները, ինչն արդեն իսկ իրենից ենթադրում է խտրականության հաստատում։ Այդ կապակցությամբ  անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-ին հոդվածը հստակ ամրագրում է. «Բոլոր մարդիկ հավաuար են oրենքի առջեւ։ Խտրականությունը, կախված uեռից, ռաuսայից, մաշկի գույնից, էթնիկական կամ uոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամաuնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է։»։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլուխը վերաբերում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, եւ իրավունքներ ու ազատություններ սահմանելիս որեւէ տարիքային խտրականություն չի դնում։ Այսինքն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ապահովում է կրթության իրավունքի իրականացումն առանց խտրականության` բոլորի համար նախատեսելով հավասար իրավունքներ եւ երաշխիքներ։

Սահմանադրական այս սկզբունքներն ու մոտեցումներն են ամրագրված «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» եւ այլ օրենքներով եւ դրանցում կրթություն ստանալու իրավունքի որեւէ տարիքային սահմանափակում նախատեսված չէ: Կրթության բնագավառի նշված օրենքներով հստակ կարգավորված են կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ կրթության համակարգի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը: Այդ առումով ներկայացված նախագիծը չի կարգավորում այնպիսի հարաբերություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված չեն: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բացառում է խտրականությունը եւ, բոլորի համար ամրագրելով հավասար իրավունքներ եւ պարտականություններ, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի հավասարության սկզբունքը։ Ուստի գտնում ենք, որ մեծահասակների կրթության հետ կապված հարաբերությունները նոր օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը չկա:

Նախագծի 2-րդ՝ «Մեծահասակների կրթության մասին օրենսդրությունը» հոդվածում թվարկված օրենքներով, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Կրթության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով մեծահասակների կրթության հետ կապված հարաբերությունները, որպես կարգավորման առանձին առարկա, նախատեսված չեն։ Եթե ընդունում ենք, որ թվարկված օրենքներով նշված հարաբերությունները կարգավորվում են, ապա հիմնավորում ենք ներկայացված օրենքի ընդունման անհրաժեշտության բացակայությունը: Այդ առումով նախագծի 2-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել նշված օրենքները:

2. Նախագիծը չի համապատասխանում հավասար իրավաբանական ուժ ունեցող այլ իրավական ակտերի դրույթներին: Այսպես՝

1) 4-րդ հոդվածի 1-ին մասի`

ա. 4-րդ կետի եւ ամբողջ տեքստի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը «մասնավոր կազմակերպություն» հասկացություն չի նախատեսում,

բ. 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված «հեռավար ուսուցում» եւ «դրսեկություն» հասկացությունների սահմանումներն արդեն իսկ նախատեսված են «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները.

2) 5-րդ հոդվածն անհրաժեշտ է խմբագրել եւ համապատասխանեցնել «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ գլխի պահանջներին, որը հստակ սահմանում է կրթության համակարգի բովանդակությունը.

3) 7-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերը տալիս են պետական կրթական չափորոշչի եւ կրթական ծրագրի հասկացությունները, որոնց բովանդակային ծավալը մեծահասակների կրթության ուսումնառության ժամկետների վերաբերյալ դրույթներ չի ներառում:

Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասին.

4) 10-րդ հոդվածի համաձայն` այլ կազմակերպությունների, մարմինների, սոցիալական գործընկերների այլ իրավասությունները մասնագիտական կրթության բնագավառում սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Այս առումով անհրաժեշտ է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները.

5) 20-րդ հոդվածը չի բխում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, քանի որ նշված օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «Աղյուսակում» մեծահասակների կրթական գործունեության իրականացումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ նախատեսված չէ.

6) 21-րդ հոդվածը չի բխում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջներից, քանի որ վերջինս մեծահասակների կրթություն ստանալու նպատակով լրացուցիչ վճարովի արձակուրդ տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորում չի նախատեսում.

7) 24-րդ հոդվածում գործածվում են «անդրագոգիկ», «թրեյներ» եւ այլ օտարալեզու տերմիններ: Այս առումով հայտնում ենք, որ նախագծի տեքստում անհրաժեշտ է գործածել նշված բառերի հայերեն համարժեք տարբերակը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջները.

8) 27-րդ հոդվածում «հրապարակման հաջորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.

9) նախագծում առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված, հստակեցման եւ պարզաբանման կարիք ունեցող հասկացություններ, մասնավորապես, «մեծահասակներ», «մեծահասակների կրթության համակարգի իրավաբանական եւ ֆիզիկական անձինք»,  «ընկերությունների շրջանակներում գործող կրթական կենտրոններ», «մասնավոր ուսուցչի կարգավիճակ ունեցող մասնավոր անհատ», «մեծահասակների կրթողների ուսուցում», «անդրագոգիկ կադրեր», «պայմանագրավորման» եւ այլն.

10) oրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն.

11) նախագծում առկա են մի շարք հակասություններ գործող օրենքների հետ, որոնք կխոչընդոտեն գործող համակարգի բնականոն գործունեությանը:

3. Նախագծի 16-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ,  23-րդ հոդվածի 4-րդ եւ 26-րդ հոդվածի 7-րդ ենթակետերը կառաջացնեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն (ֆինանսական գնահատականը բացակայում է), որի նպատակով միջոցներ նախատեսված չեն ինչպես Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով, այնպես էլ Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի 2014 թվականի ապրիլի 2-ի N23.6/191439-14 որոշմամբ հաստատված` կրթության ոլորտի գծով 2015-2016 թվականների  ճշգրտված եւ 2017 թվականի  կողմնորոշիչ չափաքանակներում:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 39-րդ հոդվածի, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, նկատի ունենալով որ նախագծով կարգավորվում են հանրակրթական տարիքն անցած անձանց, ինչպես նաեւ մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվող կրթության հետ կապված հարաբերությունները, իսկ նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետին համապատասխան՝ մեծահասակների մասնագիտական ուսուցումն իրականացվում է բյուջետային հատկացումների շրջանակներում` առաջարկում ենք նախագծով անվճար կրթության իրավունքը վերապահել բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:

4. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված չէ: Նախագծով ներկայացված հարաբերությունների կարգավորումը չի կարող բավարար հիմնավորված համարվել, քանի որ նախագծի հետ ներկայացված հիմնավորման մեջ լիարժեք չի տրվում նախագծի ընդունման անհրաժեշտությունը եւ նպատակը, տվյալ ոլորտում ընթացիկ իրավիճակի նկարագրությունը, խնդիրների բացահայտումն ու բնութագրումը` հիմնված ակնհայտ փաստերի վրա: Այդ իսկ առումով նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում, որը կներառի

տեղեկատվություն նախագծի ընդունման անհրաժեշտության, կարգավորման նպատակի եւ բնույթի, նախագծով ընտրված լուծումներով այդ նպատակին հասնելու արդյունավետության,

ընթացիկ իրավիճակի եւ խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաեւ ակնկալվող արդյունքները:

5. Ներկայացված օրենքի նախագիծը վերաբերում է հանրակրթության տարիքը լրացած անձանց:  Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ է կարգավորել լրացուցիչ եւ շարունակական կրթության բնագավառը, որը ներառում է նաեւ մեծահասակների կրթությունը:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում ընդունումից հետո օրենքի կատարումն ապահովող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների կամ այլ իրավական ակտերի ցանկը եւ ժամանակացույցը`

1. 8-րդ հոդվածի 2-րդ մաս՝ մասնագիտական կրթության մասնագիտացումների սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 5-ամսյա ժամկետում.

2. 10-րդ հոդվածի երրորդ պարբերություն՝ պետական հավատարմագրում չունեցող կրթական ծրագրերով կամ ինքնակրթությամբ կրթություն ստացած անձանց պետական ատեստավորման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 5-ամսյա ժամկետում.

3. 15-րդ հոդվածի առաջին պարբերության՝

1) 2-րդ կետ՝ մեծահասակների կրթության պետական կրթական չափորոշիչների ձեւավորման եւ հաստատման կարգի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 6-ամսյա ժամկետում.

2) 3-րդ կետ` մեծահասակների կրթության մասնագիտությունների եւ մասնագիտացումների ցանկերի հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 5 -ամսյա ժամկետում.

4. 16-րդ հոդվածի առաջին պարբերության 8-րդ կետ՝ մեծահասակների կրթական ծրագրերի մասնագիտական կրթության մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

5. 9-րդ հոդված՝ մեծահասակների կրթության պետական ուսումնական հաստատության տնօրենի, մասնաճյուղերի, ամբիոնների, բաժնի վարիչների ընտրության եւ նշանակման կարգի մշակում եւ հաստատում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

6. 23-րդ հոդվածի երկրորդ պարբերության 4-րդ կետ՝ մեծահասակների կրթական ծրագրերի մասնակիցներին պետական աջակցության տրամադրման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ 5-ամսյա ժամկետում.

7. 24-րդ հոդվածի 3-րդ մաս՝ անդրագոգիկ աշխատողների տարակարգերին եւ պաշտոններին ներկայացվող պահանջների, նրանց հավատարմագրման մրցույթի կազմակերպման եւ անցկացման կարգերի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

8. 25-րդ հոդված՝ անդրագոգիկ մանկավարժական կադրերի վերապատրաստման եւ ատեստավորման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական  կառավարման լիազորված մարմինը՝ 6-ամսյա ժամկետում.

9. 26-րդ հոդվածի 3-րդ մաս՝ մեծահասակների կրթության ֆինանսավորման կարգի սահմանում՝ Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ 5 -ամսյա ժամկետում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մեծահասակների կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա կունենա բացասական ազդեցություն, քանի որ մեծահասակների կրթություն իրականացնող բոլոր հաստատությունների լիցենզավորման պահանջի պարագայում, առողջապահության համակարգում կարճատեւ (մինչեւ 6 ամիս) կրթական ծրագրեր եւ վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների համար կստեղծվեն լրացուցիչ խոչնդոտներ, իսկ բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ոլորտում նմանատիպ ծրագրերը բազմաթիվ են:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

Եզրակացություն
«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է մեծահասակների կրթական ծրագրերի իրականացմանը, ուսումնառության ժամկետների, կրթություն իրականացնող հաստատությունների, ինչպես նաեւ մեծահասակների կրթության գործընթացի սահմանմանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են մեծահասակների կրթության համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականությունը, կազմակերպական-իրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մասնագիտական կրթության յուրաքանչյուր աստիճանում մեծահասակների շարունակական մասնագիտական որակավորման զարգացման ապահովմանը նպատակաուղղված ՀՀ պետական քաղաքականության սկզբունքները, ինչպես նաեւ կազմակերպաիրավական եւ ֆինանսատնտեսական հիմքերը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ մեծահասակների կրթական համակարգի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաների հաշվին:

Հաշվի առնելով վերոգրյալը, մասնավորապես այն, որ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները կարող են առաջացնել լրացուցիչ հարկային բազաներ՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:

Նախագծի կարգավորման ազդեցության գնահատականը (ծախսերի մասով) հնարավոր է տալ ՀՀ կառավարության 05.04.2012 թ. կայացած նիստի N 13 արձանագրության 1-ին կետով հաստատված` «Իրավական ակտերի նախագծերի մշակման մեթոդական ցուցումներ» հավելվածի 14.4-րդ կետով պահանջվող տեղեկանքի` հաշվարկ-հիմնավորումներով, առկայության պարագայում: