ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

 
 

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-521-13.05.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում հաշվառված` ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների մեծ մասը համարվում է զինվորական ծառայության պարտականություն կատարելիս` հաշմանդամ դարձած անձ, որոնց սոցիալական պաշտպանության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այն անձանց սոցիալական խնդիրները, որոնց հաշմանդամությունը կապված է ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, կարգավորվում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածն ամրագրում է, որ զինծառայողներին հավասարեցված անձինք են համարվում վարժական հավաքների կանչված զինապարտները, եւ նրանց վրա տարածվում են սույն օրենքի 31-րդ, 33-րդ (չորրորդ մաս), 34-րդ (չորրորդ մաս), 35-րդ, 36-րդ (առաջին մաս), 38-րդ, 39-րդ եւ 40-րդ հոդվածներով նախատեսված դրույթները, մասնավորապես, նրանք օգտվում են անվճար որակյալ բժշկական օգնություն ստանալու, ջրահեռացման, աղբահանության ու ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու եւ քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներով՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման, զինվորական ծառայողական պարտականությունները կատարելիս (այդ թվում` պահեստազորի վարժական հավաքների եւ զորահավաքների ընթացքում ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով) հաշմանդամ դարձած եւ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձինք ստանում են ամենամսյա դրամական օգնություն (պարգեւավճար): Այս կատեգորիային պատկանող անձինք, համաձայն ԱՊՀ երկրների միջեւ 1993 թվականին կնքված միջպետական համաձայնագրի, օգտվում են նաեւ ԱՊՀ երկրների տարածքում տարեկան մեկ անգամ արտոնյալ պայմաններով երթեւեկելու իրավունքից:

Անկախ հաշմանդամության պատճառից` ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակից հաշմանդամները, համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, օգտվում են բոլոր տեսակի պրոթեզային իրերի (բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզների) անվճար պատվիրման, նորոգման եւ ստացման իրավունքից (հոդված 31): Հաշմանդամություն ունեցող անձինք (1-ին եւ 2-րդ խմբեր) օգտվում են  նաեւ քաղաքային ուղեւորատար էլեկտրատրանսպորտով անվճար երթեւեկելու արտոնությունից:

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների բոլոր մասնակիցները, անկախ զինծառայության կամ հաշմանդամության հանգամանքից,  ընդգրկված են Հայաստանի Հանրապետության  կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված (N 1 հավելվածի 22-րդ կետ) պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում:

Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներն  ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշմամբ (N 1 հավելվածի 2-րդ կետի «բ» ենթակետ, որը վերաբերում է 50 տոկոս զեղչով դեղորայքի ձեռքբերմանը) հաստատված արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում:

Ինչ վերաբերում է օրենքի նախագծում առաջարկվող առողջարանային բուժման անվճար ուղեգրերի, ամենամսյա դրամական օգնությունների տրամադրմանը, ապա դրա հնարավորության հարցը կարող է քննարկվել միայն տվյալների առկայության դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում լրացուցիչ արտոնություններ վերապահել ՉԱԷԿ-ի վթարի եւ միջուկային այլ աղետների հետեւանքների վերացմանը մասնակցած, վթարից զոհված, ճառագայթային հիվանդությունից մահացածների ընտանիքների անդամներին:

Օրենքի նախագծի տեքստի վերաբերյալ հայտնում ենք, որ`

1. 2-րդ հոդվածի 1-ին մասում «այլ ենթաօրենսդրական ակտերով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «այլ իրավական ակտերով» բառերով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նման ակտերի տեսակ սահմանված չէ.

2. 4-րդ հոդվածի կապակցությամբ հայտնում ենք, որ`

 1) բժշկի ազատ ընտրության սկզբունքի հիման վրա շահառուները բժշկական օգնություն եւ սպասարկում կարող են ստանալ իրենց ընտրությամբ այն բժշկական կազմակերպություններում, որոնք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ ունեն պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու մասին կնքված պայմանագիր.

2) եթե խոսքն անձին հաշմանդամ ճանաչելու, ներառյալ պատճառական կապը որոշելու մասին է, ապա այդ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված կարգով, եւ ռազմաբժշկական հանձնաժողովին նման լիազորություններ վերապահելը չի բխում «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի ապրիլի 8-ի N 410-Ն հրամանի դրույթներից.

3) 4-րդ եւ 5-րդ հոդվածների միջեւ առկա է որոշակի հակասություն, մասնավորապես, 4-րդ հոդվածում սահմանվում է շահառու խմբի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը, իսկ 5-րդ հոդվածում` միայն ամենամյա բժշկական հետազոտություն անցնելու իրավունքը, ինչը ներառված է բժշկական օգնության եւ սպասարկման իրավունքի մեջ.

4) հոդվածում եւ ամբողջ տեքստում «բժշկական օգնություն» եւ «բուժօգնություն» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերն անհրաժեշտ է փոխարինել «բժշկական օգնություն եւ սպասարկում» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով` նկատի ունենալով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի պահանջները: Նույն հոդվածից անհրաժեշտ է հանել «դիսպանսերիզացիա» եզրույթը, քանի որ այն բժշկական օգնության եւ սպասարկման գործընթացի բաղկացուցիչ է:

3. 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը տարընթերցման տեղիք է տալիս, մասնավորապես, ներկայացված խմբագրությամբ ստացվում է, որ անվճար դեղ ստանալու իրավունքը տրամադրվում է տարեկան մեկ անգամ, այլ ոչ թե ըստ անհրաժեշտության, միաժամանակ պարզ չէ շահառուի մոտ ճառագայթային հիվանդության բուժման, թե ցանկացած այլ հիվանդության բուժման համար են տրամադրվելու անվճար դեղերը:

Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետում «դեղորայք» բառն անհրաժեշտ է փոխարինել «դեղ» բառով` նկատի ունենալով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

4. 7-րդ հոդվածով նախատեսված օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայման կարիք ունի:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Ներկայացված օրենքի նախագիծը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն, պետք է ընդունվի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ներկայացնում ենք օրենքի նախագծի ընդունման դեպքում դրա կատարումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ցանկը եւ ժամկետները`

1. 5-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի կատարումն ապահովելու նպատակով`

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիներին առողջարանային անվճար ուղեգրեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ժամկետը` 2015 թվական.

2. 6-րդ հոդվածի կատարումն ապահովելու նպատակով`

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած Հայաստանի Հանրապետության  քաղաքացիներին ամենամսյա դրամական օգնություն նշանակելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ժամկետը` 2015 թվական:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ   ՆԱԽԱԳԾԻ     ԸՆԴՈՒՆՄԱՆ  ԴԵՊՔՈՒՄ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը կնպաստի պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկումից օգտվողների թվի ընդլայմանը եւ առողջապահության  բնագավառի վրա կունենա որոշակի դրական ազդեցություն:

Եզրակացություն
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-րդ հոդվածի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի  N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման  ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց  ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման  ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է Չեռնոբիլի ատոմակայանի վթարից եւ միջուկային այլ աղետներից տուժած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության` Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենքի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ` «Փոխհատուցումներ եւ արտոնություններ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած անձանց» գլխում նախատեսված դրույթները (մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած անձինք իրավունք ունեն` ստանալ անվճար ամենամյա բժշկական հետազոտության ծառայություններ՝ համապատասխան մասնագետի ներգրավմամբ, բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսով ամեն տարի ստանալ անվճար դեղորայք, ստանալ անվճար ատամնապրոթեզավորման ծառայություններ: Առաջարկվում է նաեւ սահմանել, որ Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձինք ստանում են ամենամյա դրամական օգնություն ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափով) կբերեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ հատկացումների անհրաժեշտության, որի վերաբերյալ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացություն (ծախսերի մասով) հնարավոր է տալ ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով ներկայացված տեղեկանքի եւ անհրաժեշտ հաշվարկ-հիմնավորումների առկայության պարագայում:

Միաժամանակ նկատի ունենալով, որ նախագծի շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրվող փոխհատուցման եւ արտոնությունների ոչ բոլոր տեսակներն են «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամտային հարկով հարկման նպատակով համարվում նվազեցվող եկամուտներ՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական: