ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
  պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Սահակյան

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-563-09.07.2014-ՊԻ-010/0) վերաբերյալ:

Համաձայն նախագծի հետ ներկայացված հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու հիմքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մի շարք որոշումների (ՍԴՈ-984, ՍԴՈ-1114) պահանջներն են, որոնցով ամրագրվել է, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի կամ կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը՝ բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին մասով.

«2.1. Նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto (փաստի ուժով) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի եւ (կամ) կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը` բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը չփոփոխելու հնարավորությունը վերաբերում է միայն դատական ակտը բեկանելուց հետո գործի նոր քննության արդյունքում կայացվող նոր դատական ակտին:»:

Նշված առաջարկության բովանդակությունից հետեւում է, որ այն, սահմանելով դատական ակտի պարտադիր բեկանման պահանջ, չի նախատեսում դատական ակտը մասնակի բեկանելու հնարավորություն՝ անտեսելով վերանայման ծավալի ու շրջանակի որոշման անհրաժեշտության պահանջը: Որպես վերջինիս օրինակ կարելի է նշել այն, որ բողոքարկվող դատական ակտով կարող են լուծվել մեկից ավելի պահանջներ եւ հարցեր, որոնց հետ հակասահմանադրական ճանաչված նորմը որեւէ առնչություն չունի:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու վերաբերյալ
N ՍԴՈ-1049 որոշման 6-րդ կետով սահմանում է. «Հիմք ընդունելով նոր հանգամանքների եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքերով դատական ակտերի վերանայման ինստիտուտների սկզբունքային որոշ ընդհանրություններ` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու բացառիկ միջոցներ, եւ գնահատելով այդ ինստիտուտները որպես մարդու խախտված իրավունքները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ եւ 19-րդ հոդվածներին համապատասխան արդար եւ արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու կարեւոր երաշխիք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը գտնում է, որ 2011 թվականի ՍԴՈ-984 որոշմամբ, ինչպես նաեւ այդ հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի մի շարք այլ որոշումներով (ՍԴՈ-701, ՍԴՈ-709, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-872 եւ այլն) արտահայտված իրավական դիրքորոշումներն այնքանով, որքանով առնչվում են նոր երեւան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման՝ սույն գործով քննության առարկա գործող իրավակարգավորումներին, կիրառելի են նաեւ սույն գործով:»:

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2012 թվականի սեպտեմբերի 28-ի N ՍԴՈ-1049 որոշման 8-րդ կետի «ե» ենթակետի՝ եթե հարուցված վերանայման վարույթի շրջանակներում  հաստատվում է  նոր երեւան եկած հանգամանքի առկայության փաստը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի պահանջները հաշվի առնելով, ապա վերանայման վարույթի արդյունքում պետք է ուժը կորցրած ճանաչվեն համապատասխան դատական ակտերը:

Նշվածի հիման վրա, ինչպես նաեւ հիմք ընդունելով այն, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթի, դրա իրավական հետեւանքների առումով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, ըստ էության, ընդունելի է համարել միատեսակ կարգավորումների առկայությունը՝ առաջարկում ենք՝

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.38-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 204.38. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները`

1. Եթե սույն բաժնով նախատեսված չեն հատուկ կանոններ, ապա նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:

2. Նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման արդյունքում իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վերաբերելի մասերով կիրառելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ կամ 240-րդ հոդվածներով նախատեսված լիազորությունները:

2.1. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը, բեկանելով դատական ակտը, կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 204.32-րդ կամ 204.33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

3. Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:»:

Կարծում ենք, որ ներկայացված մոտեցումը լիովին համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին:

Միաժամանակ գտնում ենք, որ խնդրի համապարփակ կարգավորման նպատակով համապատասխան փոփոխություններ պետք է կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածներում:

Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունների ընդունման դեպքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:  
 

Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման
 

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չի առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Ներկայացված օրենքի նախագիծը ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:

Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դրույթները ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) կկարգավորվեն նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները` ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխան:

 Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: