ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ
              պարոն  ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


  
   Հարգելի պարոն Սահակյան


Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-579-28.08.2014-ՖՎ-010/0) վերաբերյալ:

1. Օրենքի նախագծով առաջարկվում է օրենքով ամրագրել, որ բանկերը կարող են հիմնադրվել միայն որպես բաց բաժնետիրական ընկերություն կամ կոոպերատիվ բանկ: Ըստ օրենքի նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ սույն առաջարկը հիմնավորվում է նրանով, որ բաց բաժնետիրական ընկերության կազմակերպական ձեւը թույլ է տալիս նվազեցնել բանկերում աշխատողների, կառավարիչների եւ ղեկավարության կողմից ոչ թափանցիկ գործելակերպի հետ կապված ցանկացած ռիսկ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-227-Ն օրենքով փոփոխված եւ լրացված 21-2112-րդ հոդվածներն արդեն իսկ կարգավորում են բանկի կորպորատիվ կառավարման համակարգը՝ սահմանելով նվազագույն պահանջներ եւ ընթացակարգեր: Միեւնույն ժամանակ օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում են բանկի ղեկավարության նկատմամբ որոշակի չափանիշներ, որոնց համապատասխանության նկատմամբ հսկողությունը, ինչպես նաեւ որակավորման կարգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը: Բացի դրանից, բանկերը յուրաքանչյուր տարի պարտադիր արտաքին աուդիտի են ենթարկվում միջազգային առաջատար աուդիտորական ընկերությունների կողմից:

2. Օրենքի նախագծի 2-րդ հոդվածի հետ կապված՝ հարկ է նկատի ունենալ այն, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-253 օրենքի 6-րդ հոդվածով օրենքի 10-րդ հոդվածն արդեն իսկ ուժը կորցրած է ճանաչվել:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության բանկային ոլորտում հնարավոր ոչ թափանցիկ գործելակերպի հետ կապված ռիսկերը կանխելու նախաձեռնությունը: Թափանցիկության պահանջները, որպես կանոն, սահմանվում են օրենսդրորեն եւ կարող են կիրառելի լինել ցանկացած կազմակերպաիրավական ձեւի ընկերության նկատմամբ: Այսօր բոլոր բանկերի նկատմամբ սահմանված են գործունեության թափանցիկության եւ հաշվետվողականության միանման պահանջներ՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից: Մասնավորապես, օրենսդրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի բանկային համակարգում ներդրվել են կորպորատիվ կառավարման ստանդարտներ, որոնք համապատասխանում են լավագույն միջազգային փորձին, այդ թվում՝ ՏՀԶԿ-ի կորպորատիվ կառավարման սկզբունքներին:

Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունն աննպատակահարմար է համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն իր պատրաստակամությունն է հայտնում քննարկումներ սկսելու օրենքի նախագծի հեղինակի հետ՝ նոր ստեղծվող բանկերը միայն բաց բաժնետիրական ընկերությունների ձեւով ստեղծելու վերաբերյալ պահանջ սահմանելու շուրջ, բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը հիմնադրվում է ինստիտուցիոնալ ներդրողների կողմից: Հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ ինստիտուցիոնալ ներդրողների պարագայում նման պահանջի սահմանումը կարող է խոչընդոտ հանդիսանալ նրանց գործունեության համար:

Հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման  եզրակացությունները:
 
 

 Հարգանքով`
ՀՈՎԻԿ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին? Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
 

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ  1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 

Եզրակացություն
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
 

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի  չեզոք ազդեցություն:
 

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի  բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման  
  «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` փոփոխվում են բանկերի կազմակերպական-իրավական տեսակները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա  ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որպես բանկի  կազմակերպական-իրավական տեսակ վերացնելուն եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
 

ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ
««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն բանկերը կարող են հիմնադրվել որպես բաժնետիրական ընկերություն, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն կամ կոոպերատիվ բանկ: Նախագծով առաջարկվում է բանկերի համար սահմանել միայն բաց բաժնետիրական ընկերության եւ կոոպերատիվի կազմակերպաիրավական ձեւերը` բացառելով ներկայումս նախատեսված նաեւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական ձեւերը:

Հաշվի առնելով վերոգրյալը` գտնում ենք, որ նախագծի ընդունումը պետական եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: