ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ


Հարգելի պարոն Սահակյան



Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի եւ Արմեն Մխիթարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաuտանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-591-09.09.2014-ՍՀ-010/0) վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը վերաբերում է միջին աշխատավարձի հաշվարկմանը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «աշխատավարձ» հասկացությունը եւ դրա հետ կապված իրավակարգավորումները սահմանված են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 19-րդ գլխի դրույթներով, առաջարկում ենք օրենքի նախագծով ներկայացված` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի լրացումը կատարել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում:

Միաժամանակ հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ օրենքի նախագծով առաջարկվող «հիմնական աշխատավարձ» հասկացության սահմանումը կիրառական առումով կարող է խնդիր առաջացնել, քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում պետք է նշվի աշխատավարձի չափը եւ (կամ) այն որոշելու ձեւը: Հետեւաբար, հնարավոր տարընթերցումներից խուսափելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում` «աշխատավարձի չափը» բառերը փոխարինելով «հիմնական աշխատավարձի չափը» բառերով:

Օրենքի նախագծով առաջարկվող «հավելումներ» հասկացության սահմանման մեջ, բացի թվարկվածից, անհրաժեշտ է նախատեսել նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաեւ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով, գործատուի ընդունած իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում հավելումների հնարավորություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում հնարավոր չէ ամբողջապես թվարկել փոխհատուցվող վճարների (հավելումների) հնարավոր բոլոր դեպքերն ու տեսակները: Բացի դրանից` նպատակահարմար չէ օրենքի նախագծով առաջարկվող` «հավելումներ» եւ «հավելավճարներ» հասկացություններում սահմանել, որ դրանք հիմնական աշխատավարձի նկատմամբ սահմանվող տոկոսային ավելացումներ են, քանի որ այդ պայմանների համար կարող են սահմանվել նաեւ` հիմնական աշխատավարձին բացարձակ դրամական մեծությամբ ավելացումներ:

Լրավճարների վճարման համար պարբերականություն նախատեսելը նույնպես կարող է սահմանափակել գործատուի` ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ պարգեւատրումների համար պարբերականությունների սահմանմանը, քանի որ այն կարող է պայմանավորված լինել ոչ թե որոշակի ժամկետներում ձեռք բերված արդյունքներով, այլ գործատուի կողմից նախապես սահմանված ցուցանիշների ձեռքբերմամբ:

Միաժամանակ, իրավական առումով, օրենքի նախագծում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, մասնավորապես`

1) օրենքի նախագծի 1-ին հոդվածում «հավելումներ» հասկացության սահմանման մեջ վերջին «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով, քանի որ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

2) օրենքի նախագծի 1-ին հոդվածում «եւ «գ» ենթակետերում» բառերը փոխարինել «եւ «դ» ենթակետերում» բառերով.

3) լրացվող կետերի համարակալումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին:

4) օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածը լրացվում է 5-րդ մասով, մինչդեռ հոդվածի նշված մասն ուժը կորցրած է ճանաչվել: Այս առումով անհրաժեշտ է խմբագրել օրենքի նախագծով կատարվող լրացման հերթական համարը` հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի պահանջները:

Հարկ ենք համարում տեղեկացնել նաեւ, որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի միջոցառումների ծրագրի, ներկայումս Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որով փոփոխություններ են նախատեսվում նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածում:

Ելնելով շարադրվածից, չառարկելով Հայաuտանի Հանրապետության կառավարության առաջարկությունների հաշվառմամբ ներկայացված նախագծի ընդունմանը` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ առաջիկայում իր օրենսդրական նախաձեռնությամբ Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք օրենքի նախագծի քննարկման շրջանակներում` դրանք միավորելով համատեղ, մեկ միասնական տարբերակում:

Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ այլ իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

Կից ներկայացվում են օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունները:

Հարգանքով`
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) հստակեցվում են «լրացուցիչ աշխատավարձ», «հավելումներ», «հավելավճարներ», «լրավճարներ» եւ «պարգեւատրումներ» հասկացությունները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է հստակեցնել եւ սահմանել լրացուցիչ աշխատավարձ, հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ եւ պարգեւատրումներ հասկացությունները եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ընդհանուր առմամբ ազդեցություն չի նախատեսվում։


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` օրենք) ընդունման արդյունքում մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքայի օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքայի օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել «Հայաստանի Հանրապետության աշխատանքայի օրենսգրքի 195-րդ հոդվածով նախատեսված` միջին աշխատավարձի հաշվարկման համար հաշվի առնվող աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների` հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ, հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգեւատրումներ հասկացությունները:

Այդ կապակցությամբ գտնում ենք, որ նշված նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա: